Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը վերստին հայտարարում է՝ հանրային մեծ ճնշմամբ կհասնեն իշխանափոխության


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մոտ երկու շաբաթ Ազատության հրապարակում նստացույց սկսած «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն այսօրվա ասուլիսում վերստին հայտարարեց՝ հանրային մեծ ճնշմամբ ընդդիմությունը կհասնի իշխանափոխության: Ասաց՝ սա համազգային շարժում է ու կտա իր պտուղները:

Վաղը սպասվում է ընդդիմության հանրահավաքը, ընդդիմադիրները նշում են, որ մայիսի 1-ից իրենց պայքարի վճռական փուլն է մեկնարկելու:

Վաղվա հանրահավաքից առաջ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց՝ Հայաստանում առկա են «զանգվածային անկարգությունների իրական վտանգներ», կոչ անելով «տուրք չտալ երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից»։

ԱԱԾ-ի այս հայտարարությունը հնչում է իշխանությունների հրաժարականը պահանջող խորհրդարանական ընդդիմության արդեն մեկշաբաթյա բողոքի տարբեր գործողությունների, անհնազանդության ակցիաների, երթերի ու հավաքներին ֆոնին. հաղորդագրությունում, սակայն, իրավապահ կառույցը այդպես էլ չի հստակեցնում, թե ում նկատի ունեն։

Արթուր Վանեցյանն, անդրադառնալով ԱԱԾ-ի հայտարարությանն, ասաց՝ կարծում է, որ գերատեսչությունը կգործի օրինաչափ, հավասարաչափ բոլորի նկատմամբ:

«Նախ ուզում եմ հիշեցնել իմ նախկին գործընկերներին, որ իրենք ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, իրենք երդում են տվել ծառայել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին, այլ ոչ թե իշխանությունը այս պահին բախտի բերումով, թե պատահմամբ զավթած խմբակին. էդ ինչ վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության հայտարարությանը: Իսկ իշխանություններին՝ ճիշտ եք անում, որ անհանգստացել եք, ճիշտ եք անում, որ մտահոգվել եք, ճիշտ եք գնահատում, որ ձեզ շատ քիչ է մնացել, և ժողովուրդը խաղաղ անհնազանդության ակցիաներով և հանրային մեծ ճնշմամբ շատ կարճ ժամանակում հասնելու է իշխանությունների հեռացմանը», - ընդգծեց Վանեցյանը:

«Եթե գործող իշխանությունները մնան, ունենալու ենք նորանոր կորուստներ»

Հարցին՝ եթե ընդդիմությունը գա իշխանության, ի՞նչ է սպասվում Արցախին, ի՞նչ կարող է փոխվել Արցախի ներկայիս իրավիճակում, Վանեցյանն ասաց՝ պետք է պահպանենք եղածը, իսկ գործող իշխանությունների մնալու դեպքում, ընդգծեց՝ «ունենալու ենք նորանոր կորուստներ»:

Վանեցյանը նշեց՝ պետք է կասեցնեն միակողմանի զիջումները, որից հետո շատ աշխատանք կա անելու: Նա ընդգծեց, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է օրակարգում լինի և որ իրենց դիրքորոշումն այն է, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում:

«Ամենակարևոր հարցը՝ ո՞նց ենք դրան հասնելու, ես քիչ առաջ նշեցի, մենք պետք է միաժամանակ սկսենք երկու գործընթաց՝ Հայաստանի բանակի վերականգնում և դիվանագիտական աշխատանք: Դիվանագիտական աշխատանք բոլոր ուղղություններով հիմնական խաղացողների հետ: Ես համոզված եմ, որ մենք կհաջողենք: Պարտության սիմվոլ հանդիսացող վարչապետը չի կարող գնալ և բանակցել ձիգ կանգնած երկու ոտքի վրա, որովհետև ինքը, երբ ստորագրել է այդ փաստաթուղթը, եղել է շատ ծանր հոգեբանական վիճակում, հիմա այդ հոգեբանական վիճակից չի կարողանում դուրս գա և գնա, կանգնի, նայի թշնամի երկրի ղեկավարի աչքերի մեջ ու ասի իր ուզածը: Պետք է փոխվի, էս մարդը պետք է գնա, որ գան նոր մարդիկ, կարողանան բանակցել», - ընդգծեց ԱԱԾ նախկին տնօրենը:

Վարչապետ նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար «Պատիվ ունեմ»-ը պայքարի երեք փուլ էր ընտրել. առաջինը քաղաքացիների հետ երկխոսության մեջ մտնելն էր, երկրորդը՝ բողոքի գործողություններն ու քայլերթներն էին, իսկ երրորդը, Վանեցյանի խոսքով, վճռականությունն է, որն ըստ նրա ավելի արդյունավետ կլինի:

Թե ո՞վ է լինելու ընդդիմության առաջնորդը, Արթուր Վանեցյանի խոսքով, այս հարցը դեռ չի քննարկվում:

Մեր խնդիրը Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս բերելն է. Իշխան Սաղաթելյան

Այսօր ավելի ուշ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ էլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենց խնդիրը Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս բերելն է:

«Մեր խնդիրն է կազմակերպել մեր ժողովրդի ցասումը, կազմակերպել ժողովրդի ընդվզումը և այն իշխանությունը, որը հետևողականորեն երկիրը տանում է դեպի կործանման, կասեցնել և օր առաջ հեռացնել: Առաջին փուլը, այն ծրագիրը, որ մենք դրել ենք մեր առջև, ես համարում եմ ամբողջությամբ իրականացված», - ընդգծեց նա:

Հայտարարելով, որ սա պայքար չէ իշխանության համար, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ով որ հասկանում է՝ ինչ է կատարվում, մեր խնդիրներն ինչքան մեծ են ու պատասխանատվությունն ինչքան մեծ են, չի կարող այսօր ձգտել իշխանության»:

Սաղաթելյանը նշեց, որ իրենց հետագա քայլերի և գործողությունների մասին կհայտարարեն վաղը կայանալիք հանրահավաքի ընթացքում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG