Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցումը նշանակում է ինչ-որ կարգավիճակի համաձայնություն, որով Արցախը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ, Միացյալ Նահանգների Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը։
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում վարչապետի ելույթը, նշաձող իջեցնելը ի՞նչ է նշանակում, որովհետև օրինակ՝ հայաստանյան ընդդիմությունը դա հասկացել է ուղիղ Արցախը հանձնելու մտադրություն։
Արման Գրիգորյան. - Առնվազն դա նշանակում է, թերևս, մի ինչ-որ կարգավիճակի համաձայնություն, որով Արցախը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ադրբեջանական սուվերինիտետի տակ, և գուցե որոշակի կարգավիճակ կարող է լինել, բայց նշաձողն իջեցնել հայաստանյան քաղաքական բանավեճերի կոնտեքստում, թերևս, նշանակում է, որ պետք է հրաժարվել Արցախի համար Ադրբեջանից դուրս ինչ-որ կարգավիճակ ապահովելու հույսից, և որևէ կարգավիճակ ենթադրելու է ադրբեջանական սուվերենության տարածում Արցախի վրա։
Հիմա դա կձևակերպենք հանձնել Արցախը, թե, ոչ, դա արդեն ձևակերպումների խնդիր է, բայց իմ կարծիքով՝ նշաձողի իջեցումը դա է նշանակում։
«Ազատություն». -Այլընտրանք ունի՞ այս իրավիճակում Երևանը, պարո՛ն Գրիգորյան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը». վարչապետԱրման Գրիգորյան. - Եթե նման կոնսենսուս գոյություն ունի միջազգային, հիմնական մեծ տերությունների, այսինքն՝ այս հարցում ներգրավված մեծ տերությունների մոտ, այդ դեպքում Երևանը, թերևս, որևէ դիմադրություն նման կոնսենսուսին ցույց տալ չի կարող պարզապես, որովհետև դա մեր ուժերից վեր կլինի։ Պետք է պարզապես այդ հարցում լինել իրատեսական, բայց այստեղ խնդիրը, թերևս, ավելի բարդ է, և որոշ ինֆորմացիա կա, որին, թերևս, մենք չենք տիրապետում, բայց ես կարծում եմ, որ Արցախի հարցում հայ-ադրբեջանական կոնֆլիկտին ներգրավված մեծ տերությունների մոտ որոշակի տարբերություն կա մոտեցումների, և Ռուսաստանի մոտեցումը հատկապես հիմնված է այն սկզբունքի վրա, որ պետք է առկախել Արցախի կարգավիճակի լուծման հարցը և կենտրոնանալ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման վրա, որից հետո միայն պետք է փորձել մտածել Արցախի կարգավիճակի մասին։
Արցախի կարգավիճակի վերաբերյալ այսօր որևէ բանաձև, որը միաժամանակ կարող է բավարարվի հակամարտության բոլոր կողմերի համար, հնարավոր չի գտնել։ Այս առումով Ռուսաստանի դիրքորոշումը, ես կարծում եմ, ճիշտ է, և տարբերությունը հիմնականում այդ հարցում է։ Ինձ մոտ տպավորություն կա, որ Արևմուտքում ավելի շատ հակված են այսպես ասած՝ փաթեթով հարցը լուծելուն, կարգավիճակի հարցը նաև լուծելուն են հակված, իսկ Ռուսաստանի մոտեցումն ավելի շատ այս փուլային տարբերակի վրա է կենտրոնացած, որ կարգավիճակի հարցին պետք է անդրադառնալ հետագայում՝ նորմալացման գործընթացից հետո, ոչ թե նորմալացման գործընթացը պատանդ դարձնել դրան։
«Ազատություն». - Երբ Դուք ասում եք, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ կարգավիճակի հարցը առկախվի, բայց այնուամենայնիվ, խաղաղության պայմանագիր ստորագրվի հա՞, որ խաղաղության պայմանագիր ստորագրվի, որտեղ կնշվի, որ ասենք՝ 30 տարուց կանդրադառնան կարգավիճակին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իմ ժամանակ նշաձողի իջեցման հորդոր միջազգային հանրությունից չի եղել. նախկին արտգործնախարարԱրման Գրիգորյան. - Գուցե, նույնիսկ նրանք ինչ-որ ժամկետ չեն նշի, բայց սա նոր բան չէ, այսինքն՝ այս ֆորմատով հարցին մոտեցել են նախկինում ևս, 97 թվականի փաստաթուղթը ևս չէր սահմանում Արցախի որևէ կարգավիճակ, առկախվում էին Արցախի մասին բանակցությունները, և հիմա էլ կարող են հարաբերությունները նորմալացնել, կարող են փոխադարձ սահմանները ճանաչել, տարածքային ամբողջականությունը ճանաչել, բայց տարածքային ամբողջականության ճանաչում … կարելի է ինչ-որ իրավական լուծում գտնել, որ այդ կոնտեքստից դուրս է դնում Արցախի կարգավիճակի սահմանումը, և այդ սահմանումը թողնվում է հետագա բանակցություններին։ Եթե խոսքը գնում է ավելի ոչ պարտադրված խաղաղության պայմանագրի մասին, ես կարծում եմ, որ դա լավագույն տարբերակն է։
«Ազատություն». - Դա չի՞ հակասում Բաքվի 5 կետերին, և որպես շարունակություն՝ ինչո՞ւ պիտի այդ նշած սցենարով հետաքրքրված լինի Բաքուն։
Արման Գրիգորյան. - Բաքուն, իհարկե, հետաքրքրված չէ, և դա հակասում է Բաքվի նշած 5 կետերին, բայց նախ՝ այստեղ Բաքուն էլ միակ որոշողը չէ, և Բաքուն էլ ստիպված է հաշվի նստելու մյուսների նախընտրությունների և կարծիքների հետ, երկրորդ՝ շատ հաճախ կողմերը ամենաարմատական դիրքորոշումներն են սահմանում բանակցությունների սկզբանական շրջանում, որից հետո նրանք կամաց-կամաց ավելի ինչ-որ զիջումներ են անում այդ կետից և ինչ-որ բաների համաձայնում են հետագայում, այսինքն՝ ինչ-որ դիրքորոշում հայտնելը չի նշանակում, որ դա փոփոխության ենթակա չէ, բանակցության ենթակա չէ։