Բանակցություններում Փաշինյանն ու Հայաստանի իշխանությունները հիմնահատակ ձախողում են արձանագրել, այսօր էլ փորձում են ամբողջական իրենց զիջումների մեղքն ու պատասխանատվությունը բարդել միջազգային հանրության վրա, «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն՝ արձագանքելով վարչապետի երեկվա հայտարարությանը։
«Փաշինյանն, ինչպես 2018-ին և դրանից առաջ խմբագիր եղած ժամանակ, դրանից հետո էլ, այդպես էլ մինչև վերջ չկարողացավ խորամուխ լինել արցախյան բանակցության ողջ բովանդակության մեջ, և դրա համար այդպես կիսատ-պռատ տեղեկացվածությամբ էլ տապալեց բանակցային պրոցեսը և մեր երկիրը՝ Հայաստանի ու Արցախի հանրապետությունները կանգնեցրեց այս փլուզման առաջ՝ այսպիսի զոհերով, այսպիսի կործանումներով», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ինչպե՞ս էր, որ միջազգային ուժերը շուրջ երեք տասնամյակ բանակցում էին նաև Արցախի կարգավիճակի հարցով, հարց է բարձրացնում Մանուկյանը և լուծում առաջարկում՝ Փաշինյանն ու այս քաղաքականություն իրականացնողները պետք է հեռանան։
1998-ին, ասաց Մանուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն այն տարբերակն էր առաջ քաշում, ինչ այսօր Փաշինյանը։ Տարբերակն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, ընդունելի չէր հանրության, քաղաքական էլիտայի համար, Տեր-Պետրոսյանն էլ գնաց՝ առաջարկելով՝ «եթե կարծում եք, որ կարող եք շարունակել բանակցությունները, շարունակեք»։ «Եվ մենք ունեցանք 20 տարվա խաղաղության մի ամբողջ շրջան», - ասաց պատգամավորը՝ նկատելով՝ այսօր նույն վիճակն է։
«Փաշինյանն ասում է՝ «գիտեք, սա եմ տապալել, սա եմ տապալել, չէի կողմնորոշվում, չէի ուզում ասել, կիսատ-պռատ էի ասում, այսքան զոհ եղավ, հիմա եթե չհամաձայնվենք այս տարբերակին, նորից զոհեր, նորից պատերազմներ են լինելու»։ Դրա լուծումը մեկն է՝ Փաշինյանն ու այս քաղաքականություն իրականացնողները պետք է հեռանան։ Կգան նոր մարդիկ, կլինեն երկարատև բանակցություններ, կլինեն արժանապատիվ բանակցություններ, կլինի նաև խաղաղության դարաշրջան, բայց այս իշխանության թեզերով՝ ամեն րոպե զիջելով, ամեն ինչը զիջելով, ամեն քայլափոխի զիջելով, Հայաստանի ինքնիիշխանությունը զիջելով, մոռացության մատնելով նույն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում թշնամու գտնվելը, լռության մատնելով դա, ամեն րոպե փորձելով ադրբեջանական թեզերը շարունակել կյանքի կոչել և դրանով կերակրել հայ հասարակությանը, այդ իշխանությունն ի վիճակի չէ բանակցություններ շարունակել», - եզրափակեց Մանուկյանը։