Մատչելիության հղումներ

Վանեցյանը ևս պնդում է՝ իր պաշտոնավարման ժամանակ ԼՂ կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու հորդոր չի եղել


«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, 18-ը ապրիլի, 2022թ.
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, 18-ը ապրիլի, 2022թ.

Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ աշխատած 2-րդ նախկին բարձրաստիճան պաշտոնյան է, որը հայտարարում է՝ իր պաշտոնավարման ընթացքում միջազգային հանրությունը Հայաստանին չի հորդորել Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնել։

Առաջինը պատերազմից անմիջապես հետո արտգործնախարար դարձած Արա Այվազյանն էր։

Վանեցյանը 2018-ի հեղափոխությունից հետո է նշանակվել ԱԱԾ տնօրեն, պաշտոնավարել է մինչև 2019-ի սեպտեմբեր: Իսկ Փաշինյանը ոչ միայն այսօրվա մասին էր խոսում, երբ, միջազգային հանրությանը հղում անելով նշում էր, թե ասում են՝ մի փոքր իջեցրեք Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողն ու Հայաստանի և Արցախի շուրջ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի, այլև՝ 18-19 թվականների մասին։

«Իմ պաշտոնավարման ժամանակ չեն եղել բանակցություններ, եղել են կոնսուլտացիաներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և այլն, բայց որևէ նշաձողի մասին, որևէ բանի մասին չի եղել», - ասաց Վանեցյանը:

«Ազատության» հարցին՝ ինքնորոշման իրավունքի մասին շարունակվե՞լ է խոսք գնալ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Իհարկե, ինքնորոշման իրավունքը ոչ ոք չի չեղարկել, ինքնորոշման իրավունքը անքակտելի իրավունք է, հիմնական երեք սկզբունքներն են, որոնք պետք է իրականացվեին: Իսկ մենք ի՞նչ տեսանք, բացի ինքնորոշման իրավունքից, մնացած սաղ համաձայնվեց Նիկոլ Փաշինյանը»:

Իշխանափոխությունից հետո Արցախը փրկելու իրենց ծրագիրը ո՞րն է։ Վանեցյանը հայտարարում էր, թե հենց այդ նպատակով է Ազատության հրապարակում նստացույց անում՝ իշխանությանը հեռացնելու, Արցախն Ադրբեջանի կազմում չտեսնելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծում է, վերջին հայտարարություններով բացահայտել է իր այդ ծրագիրը։ Հստակ քայլերի հաջորդականություն թվարկելը, ըստ Վանեցյանի, անլուրջ է. 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ասաց, չեղարկել չեն պատրաստվում, պատերազմ չեն ուզում։ Նա վստահեցնում էր՝ իշխանափոխության դեպքում ինքնորոշման իրավունքը կմղեն առաջին պլան։

«Ես չեմ ասում, որ մենք ամսի 9-ի հայտարարությունը, այսինքն հրադադարը պետք է վերացնենք ու սկսվի պատերազմ, ոչ, մենք չենք ուզում պատերազմ: Ես վստահեցնում եմ՝ իշխանափոխությունից հետո պատերազմ չի լինելու, պատերազմը հիմա է, մեր պատերազմը չի ավարտվել, կարող է լայնածավալ չէ, բայց մենք ամեն օր ունենք սահմանային միջադեպեր, զոհեր, նոր տարածքներ են գրավում, ունենք նոր վերցված գերիներ», - ընդգծեց Վանեցյանը:

Արդեն 5-րդ օրը Ազատության հրապարակում նստացույց անող Արթուր Վանեցյանն ասում էր՝ մարդիկ հասկացել են Փաշինյանի հայտարարությունների տողատակը, որ Արցախը հանձնում է։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ դուրս չեկան փողոց։ Ազատության հրապարակում քաղաքական քննարկումներ կան, մի քանի տասնյակ մարդիկ պարբերաբար գնում-գալիս են, բայց հավաքները բազմամարդ չեն։ Գործողությունների ծրագիր չի բացահայտում, բայց Վանեցյանը դա մոտ ապագայի հարց է համարում:

«Հավատացեք, շատ կարճ ժամանակում Հայաստանի փողոցներում, հրապարակներում լինելու են բազմաթիվ մարդիկ, որոնք լինելու են պահանջատեր և որոնք պաշտպանելու են Հայաստանը և Արցախը», - նշեց նա:

Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը անհանգստացրել էր, մասնավորապես, փորձագիտական շրջանակներին։ Արևմտյան պատժամիջոցների քննադատությունից մինչև Ուկրաինական պատերազմում պրոռուսական կեցվածք բռնել։ Տեսան մի շարք վտանգներ։ Արդյոք Վանեցյանն էլ է նկատե՞լ մտահոգիչ դրույթներ, հարցին ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը չպատասխանեց՝ համատեղ հայտարարությանը խորությամբ ծանոթ չլինելու պատճառաբանությամբ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG