Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման հորդոր միջազգային հանրությունը Հայաստանին չի արել առնվազն մինչև անցած տարվա մայիսի վերջ՝ երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։
Շուրջ 25-ամյա դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող նախկին նախարարը, միաժամանակ, հրաժարվեց մեկնաբանել, թե ինչ է նշանակում Արցախի կարգավիճակի հարցում Երևանի նշաձողի իջեցում՝ խորհուրդ տալով դիմել կառավարությանը։
Լրագրողի հարցին՝ «միջազգային հանրությունից նշաձողի իջեցման հորդոր կոնկրետ ո՞վ է հնչեցրել», Արա Այվազյանը պատասխանեց. «Իմ ժամանակ չի եղել, եթե հիշում եք, եղել է մի քանի հայտարարություն համանախագահների կողմից, մասնավորապես, դեկտեմբերի, եթե չեմ սխալվում 3-ին և ապրիլի 13-ին, այնտեղ, կարծում եմ, այն շեշտադրումները, որ արել են, լիովին համապատասխանում են մեր ազգային և պետական շահերին»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը». վարչապետԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների պատվիրակությունների ղեկավարների 2020-ի դեկտեմբերի 3-ի և Մինսկի խմբի երեք համանախագահների 2021 թվականի ապրիլի 13-ի հայտարարություններում ոչ միայն առկա է Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը, այլև նշված է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի կողմերին քաջ հայտնի սկզբունքների և բաղադրիչների հիման վրա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության գրեթե երեսնամյա պատմության ընթացքում կարգավորման սկզբունքներ ասելով՝ միջնորդները նկատի են ունեցել 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտը, ուր նշված է պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի կիրառումը բացառելու սկզբունքների մասին։
Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ Հայաստանում, Արցախում քաղաքական քննարկումները սրվեցին, երբ նախորդ շաբաթ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու մասին։
«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջ», - նշել է Փաշինյանը:
Հարցում ենք ուղարկել արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ խնդրելով արձագանքել Արա Այվազյանի հայտարարությանը՝ պարզաբանելով, թե միջազգային հանրությունից ո՞ր երկիրը, ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում է առաջարկել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը, և վերջապես՝ ի՞նչ է նշանակում նշաձող իջեցնելը, որը նախորդ օրերին Հայաստանի իշխանություններն այդպես էլ չհստակեցրեցին։ Արտգործնախարարությունից դեռ չեն պատասխանել։
Արա Այվազյանը գլխավորեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը 44-օրյա պատերազմի ավարտից օրեր անց՝ 2020թ. նոյեմբերի 18-ին և հրաժարական ներկայացրեց կես տարի անց՝ 2021-ի մայիսի 27-ին՝ օրեր անց պատճառաբանելով. «Որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականությանը, մեր ազգային և պետական շահերին դեմ են եղել»:
Նախորդ շուրջ մեկ տարվա ընթացքում նախկին արտգործնախարարը այդպես էլ չպարզաբանեց, թե այդ ինչ նախաձեռնություններ էին, որոնք ուղղված էին հայկական պետականության դեմ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանությունը սահմանային անվտանգության համար զորքերի հայելային հետքաշում է առաջարկում. ՄԻՊ-ը ելքն այլ է համարումԵրեկվա հարցուպատասխանի ժամանակ որոշ փակագծեր բացեց. «Հայելայինի մասին առաջին անգամ խոսքը եղել է մայիսի 27-ին, ես ժամեր անց հրաժարական եմ տվել, դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին եղել են տեսական խոսակցություններ, և ես իմ կարծիքը հայտնել եմ: Իմ կարծիքը բացասական է եղել, ես գտնում եմ, որ այդ հայելային հետքաշումը տակտիկական մեծ սխալ էր մեր կողմից, որովհետև, եթե հիշում եք, մինչև ընդհուպ մայիսի 27-ը եղել են հասցեական հայտարարություններ և վերջին հայտարարությունը եղել է ԱՄՆ Պետդեպի կողմից ու շատ խիստ հայտարարություն էր: Մինչև այդ եղել են հայտարարություններ Ֆրանսիայից, եղել է Եվրամիությունից, Կանադայից, Հնդկաստանից, և Իրանից մենք ունեցել ենք շատ հստակ արձագանք»:
Արա Այվազյանը կարծիքով, պետության սխալը եղել է այն, որ տարիներ շարունակ կտրվել է իրականությունից ու չի նկատել, թե աշխարհում ինչ փոփոխություններ են տեղի ունենում։ «Չմոռանալով մեր սխալները, եկեք չկտրվենք աշխարհաքաղաքական զարգացումներից», - երեկ եզրափակեց նախկին արտգործնախարարը։