Մատչելիության հղումներ

Բանակցությունների սեղանին սուր հարցեր են դրվելու․ Աղաջանյան


Բանակցությունների սեղանին սուր հարցեր են դրվելու ու քննարկվելու, վաղը Բրյուսելում նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանն ընդառաջ հայտնում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը։

«Իհարկե այն ֆոնը, որը որ նախորդում է այս հանդիպմանը, լավագույնը չէ, մեղմ ասած, և, բնականաբար, այդ հանդիպման ընթացքում պետք է շատ ցավոտ և սուր հարցեր դրվեն սեղանին, և կողմերը փորձեն այդ սուր կետերը հարթել և փորձել առաջ շարժվել, որը, մեղմ ասած, հեշտ չի լինելու, բայց սա է ակնկալիքը», - ասաց Էդուարդ Աղաջանյանը։

Չնայած Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությանը՝ պաշտոնական Երևանը հույս ունի, որ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ հանդիպմանը կողմերը կփորձեն հասնել խաղաղության շուրջ օրակարգի ձևավորման։

«Որևէ պարագայում չենք պատրաստվում հրաժարվել դիվանագիտական ճանապարհով այս հարցի հանգուցալուծումից և պատրաստ ենք մշտապես փորձելու գտնել այդ ընդհանրական կետերը և դրանց վրա փորձել նաև կառուցել այն մթնոլորտը, կամ այն օրակարգը, որի շուրջ որ հնարավոր կլինի սկսել իրական և բովանդակային բանակցություններ երկարատև խաղաղության հաստատման հասնելու նպատակով», - ասաց Աղաջանյանը։

Փաշինյան-Ալիև հանդիպումը վաղը տեղի է ունենալու վերջին շաբաթների Արցախում խիստ լարված մթնոլորտի ֆոնին․ ադրբեջանական կողմը, խախտելով պայմանավորվածությունները, ներխուժել էր խաղաղապահների հսկողության տակ գտնվող տարածքներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։ Բացի դրանից, Բաքուն մինչև օրս չի արձագանքել խաղաղության բանակցություններում նաև Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու և այս հարցով Մինսկի խմբին դիմելու՝ Հայաստանի առաջարկը։

Ավելի վաղ Երևանը Բաքվի՝ միամյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և մյուս առաջարկները համարել էր ընդունելի՝ նշելով, սակայն, որ դրանք ամբողջական չեն և պետք է լրացվեն։

«Հայկական կողմը ունի շատ հստակ ակնկալիքներ նման հանդիպումներից և իր կողմից կախված առավելագույնն անում է, որ այդ նպատակները առավել արդարանան», - ասաց Աղաջանյանը։

Ինչո՞ւ Ադբեջանը մինչ օրս չի արձագանքել Հայաստանի պատասխանին Ադրբեջանի՝ խաղաղության նախապայման հիշեցնող 5 կետերի վերաբերյալ։ Աղաջանյանի կարծիքով, Բաքվի կողմից Հայաստանի պատասխանը չնկատելու մոտեցումն ու Փառուխում տեղի ունեցածը խոսում են այն մասին, որ Ադբեջանում իրականում չեն ցանկանում նպաստել խաղաղության օրակարգին։ Ավելին՝ Բաքուն, օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից, ցանկանում է է՛լ ավելի լարել իրավիճակը՝ ի վերջո հասնելով վերջնական նպատակին, որն Արցախի հայաթափումն է. - «Միջազգային հանրությունը պետք է լավագույնս պատկերացում կազմի կողմերի իրական նպատակների և պատկերացումների մասին, և այստեղ շատ կարևոր է միջազգային հանրության հասցեական գնահատականը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Եվ կարծում եմ, որ շատ կարևոր էր, որ Մինսկի [խմբի] համանախագահ երեք պետությունները շատ ուղիղ և հասցեական գնահատական են հնչեցրել ստեղծված իրավիճակի վերաբերյալ , մասնավորապես՝ ինչ վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի կողմից շփման գծի հատման դրվագին»։

Հայկական կողմի հետ հարաբերություններում լարում մտցնելուն ուղղված հաջորդ քայլը Բաքվից հնչող պնդումներն են, թե նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, Արցախից հայկական ուժերը պետք է դուրս գան, նկատում է Աղաջանյանը. - «Ուղիղ հակառակը։ Կա պայմանավորվածություն, որ զինված ուժերը մնում են այն տեղերում, որտեղ որ կանգնած են այդ պահին, և ըստ էության, այս նոր պահանջը ի հայտ ա եկել ռուս-ուկրաինական հարաբերությունների լարման համատեքստում, ոչ պատերազմի ընթացքում՝ նույնիսկ դրանիցի առաջ, երբ առաջին անգամ հրապարակավ Ալիևը խոսեց դրա մասին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ»։

Նշված բոլորը խնդիրները հաշվի առնելով է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը համարում, որ վաղվա հանդիպման սուր անկյունները բազմաթիվ են լինելու։

Մինչ այդ, քաղաքական մեկնաբանների կարծիքով՝ բրյուսելյան հանդիպումը կարող է վճռորոշ լինել խաղաղության բանակցությունների մեկնարկի տեսանկյունից։

Ըստ Արմեն Բաղդասարյանի, Ադրբեջանը առաջ է քաշել նախապայմաններ, որոնք Հայաստանը ցանկանում է լրացնել։ Կընդունի՞ Բաքուն այդ լրացումները, թե՞ կհայտարարի, որ Հայաստանն իրականում մերժում է իր առաջարկը. - «Ես կարծում եմ, օրինակ, որ բրյուսելյան հանդիպումը հենց էդ առումով է վճռորոշ լինելու։ Որովհետև, կարծում եմ, որ հիմնականում հենց դա է քննարկվելու, և էնտեղ Ալիևը պետք է ինքը իր համար հստակեցնի՝ էդ հինգ կետերի շո՞ւրջ են բանակցությունները, թե՞ Հայաստանը պնդում է, որ լրացուցիչ կետեր էլ պետք է լինեն»։

Արմեն Բաղդասարյան
Արմեն Բաղդասարյան

Եթե խաղաղության օրակարգի կետերի շուրջ, լրացված, թե ոչ, Բաքուն ու Երևանը չգան համաձայնության, քաղաքական մեկնաբանի կարծիքով, և' Հայաստանի, և' Արցախի սահմաններին իրավիճակը կարող է կտրուկ լարվել. - «Չէ՞ որ Ադրբեջանն ասում է, որ Արցախ գոյություն չունի, Ղարաբաղ գոյություն չունի, և կարգավիճակ նույնպես գոյություն չունի։ Այսինքն՝ իրենք չեն ասում չքննարկենք, կամ թողնենք հետագային։ Իրենք ասում են՝ էդ հարցը չկա, քննարկելու բան չկա, եթե համաձայն եք մյուս կետերի շուրջ, քննարկենք, եթե չէ, ուրեմն չէ։ Էդ դեպքում հասկանալի է, թե ինչ է տեղի ունենալու»։

Իշխանությունների հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի իրենց համար սկզբունքային է այս բանակցություններում, պիտի արտահայտվի կոնկետ գործողություններով, ոչ թե խոսքերով, եզրափակում է քաղաքական մեկնաբանը։

XS
SM
MD
LG