Մատչելիության հղումներ

«Անորոշություն կա, բայց մենք մեր երկիրը չենք լքի». ​​​​​​​արցախցիները՝ Հայաստանից հնչող հայտարարությունների մասին


Արցախցի Գառնիկ Ավանեսյանը վերադառնում էր Մաղավուզից, Մարտակերտի շրջանի այդ գյուղում հին տներն են վերականգնում՝ տեղահանված արցախցիներին տրամադրելու համար: Վերջին օրերին հայաստանյան բարձր ամբիոններից հնչող տեքստերը Արցախի կարգավիճակի վերաբերյալ ինչպե՞ս են ընդունվում, Ավանեսյանը փոխանցում է արցախցիների, իր խոսքով, նվազագույնը կեսի տեսակետը:

«Էդ մտքերը կան, որ Փաշինյանը հանձնում է Արցախը: Ես անձամբ ուրիշ կարծիքի եմ», - նշեց Ավանեսյանը:

Գագիկ Ավանեսյան արցախյան շարժման ակունքներում է կանգնած, Հադրութի ընդհատակյա գործիչներից էր: Այն կարծիքին է, որ վարչապետ Փաշինյանը բարձրաձայնում է այն, ինչ իրեն ստիպում են անել, որպեսզի կանխի այդ ամենը, համախմբի մարդկանց կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման դեմ:

«Ինքը թաքուն չի անում, ինչ իրան պարտադրում են, ինչը ստիպում են, ինքը միգուցե պարտավորություն ա վերցրել, մենք չգիտենք, մենք հիմնվում ենք էն ինֆորմացիայի վրա, որը դուրս ա եկել», - նշեց բնակիչը:

Ճնշումներն, ըստ Ավանեսյանի, Ռուսաստանից ու Թուրքիա- Ադրբեջանից են՝ չի կասկածում՝ այդ երկրները գործում են ձեռք ձեռքի. «Դարերով Թուրքիային Կովկաս հրավիրողը միշտ էլ Ռուսաստանն ա եղել՝ թե՛ ցարականը, թե՛ բոլշևիկյանը, թե՛ հիմա պուտինյան Ռուսաստանը: Թուրքիային զսպողն Ամերիկան ու ՆԱՏՕ-ն են»:​

Նա անընդունելի է համարում ոչ միայն Արցախն Ադրբեջանի կազմում, այլև Ռուսաստանի հետ ինչ-որ ուղղահայաց հարաբերություններ, որ ակնարկել էր Արցախի նախագահն իր վերջին խորհրդակցություններից մեկի ժամանակ: Ավանեսյանը հույս ունի, որ Մինսկի խմբի համանախագահները դեռ կվերադառնան Արցախի հարցին՝ հին սկզբունքներով:

Խրամորթում կանայք տաք կարկանդակներ ու ժենգյալով հաց են թխում առաջնագծի տղամարդկանց համար՝ հայերի ու ռուսների։ Արեգա Իշխանյանը այդ օրը Ստեփանակերտից էր հասել Խրամորթ. «Ռուսները էնտեղ են մի քիչ հանգիստ են, ռուսներից երևի քաշվում են էլի: Որ վիրավոր կար, ռուսները ընդեղ չէին, էլի խփեցին, բայց մեր ժողովուրդը հանգիստ են ռուսներով»​:


Այնտեղ, որտեղ ծնվել է Արեգա Իշխանյանը՝ հիմա ադրբեջանցիներն են՝ Քարագլուխ գյուղում

Հայաստանյան ելույթները լսել է՝ ասում է չգիտենք իշխանականներին հավատանք, թե ընդդիմությանը, հավատում են իրենց տեսածին. «Անորոշություն կա, բայց սաղս էլ մի խոսքի վրա ենք, որ մենք մեր երկիրը, մեր հայրենիքը չենք լքի, ու մենք Ադրբեջանի կազմի մեջ չենք մտնի, սաղի զրույցը էդ ա»:​

«Հիմա ամեն մեկս մեր գործին եք, երեխաներն՝ իրենց դասին», - Խրամորթից եկած ազգականուհին Ստեփանակերտի իրենց տանն է, Խրամորթում դասեր չկան, անվտանգ չէ:

Ասկերանցի Տիգրան Գաբրիելյանը ուրախ վիդեոբլոգով է փորձում ցրել Արցախի լարված մթնոլորտը:

«Ո՞վ ա հիշում քոռնթանթրուշ բառը, գրեք տեսնենք», - հարցի պատասխանը հետաքրքրեց՝ կարող եք համալրել տիգրան բլոգի հազարավոր հետևորդների շարքերը: Նա Արցախի բարբառի վերաբերյալ բազմաթիվ խաղային տեսանյութեր ունի:

Տիգրանը պատմեց՝ նպատակը ոչ թե իրեն, այլ Արցախը հայտնի դարձնելն է, որ իր երկրի խնդիրները հեշտ լուծվեն, նաև Արցախի անբնակ գյուղերի հետ է ծանոթացնում մարդկանց. «Մեկը Քյաթուկը, որ մենք գնացել ենք նկարել ենք ու էդ նակրելուց հետո եկավ արշավախումբ»:

Տասնմյա տղան մի երազանք ունի՝ որ Արցախի ապագան էլ համապատասխանի այն բառին, որ ամենաշատն է սազում Արցախին, որ իր սիրելի բառն է՝ «նախշուն»:​

XS
SM
MD
LG