Փաշինյանի ելույթները միտված են հանրությանը առերեսել անվտանգային իրողություններին. վերլուծաբաններ 

Հակոբ Բադալյան, Արեգ Քոչինյան

Նախորդ երկու օրերին Ազգային ժողովում արցախյան հիմնախնդրի, խաղաղության և պատերազմի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթները միտված են հանրությանը առերեսել Հայաստանի առջև ծառացած անվտանգային իրողություններին, խթանել բաց խոսակցություն այդ հիմնախնդիրների շուրջ, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեցին վերլուծաբանները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը». վարչապետ

Հակոբ Բադալյանի խոսքով՝ հատկապես այսօր կարևոր է, որպեսզի հայաստանյան հասարակական, քաղաքական շրջանակների մոտ առավել իրատեսական պատկերացումներ լինեն, թե միջազգային հանրությունում ինչ մոտեցումներ կան Հայաստանին վերաբերող անվտանգային խնդիրների վերաբերյալ։

«Փորձ է հասարակության տարբեր շերտերի, քաղաքական տարբեր միավորների շրջանում խթանել բաց խոսակցություն արցախյան հարցի, պատկերացումների շուրջ, ձևավորել առավել առարկայական մոտեցումներ և ընդլայնել քաղաքական պատասխանատվության շրջանակը, միևնույն ժամանակ դրանով նաև փորձ անել բարձրացնել Հայաստանի ճկունությունը բավական բարդ աշխարհաքաղաքական ռեգիոնալ իրավիճակում», - ասաց Բադալյանը։

Խոհրդարանում Փաշինյանը մի շարք աղմկահարույց հայտարարություններ արեց, թե Արցախի կարգավիճակի վերաբերյալ կառավարության մոտեցումը փոխվել է. եթե մինչ այդ կարևորվում էր նախ կարգավիճակը, և անվտանգությունը կապվում էր դրա հետ, ապա այժմ առաջին պլան է մղվում Արցախի անվտանգության և ժողովրդի իրավունքների հարցը, ինչից էլ պետք է բխի կարգավիճակը։

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը Հայաստանի և Արցախի շուրջ կոնսոլիդացիա կապահովի, եթե Երևանն իջեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իր նշաձողը՝ երկու օրվա ընթացքում այդպես էլ չհստակեցնելով, թե ի՞նչ է նշանակում իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը։ Գործադիրի ղեկավարը շարունակեց՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար՝ միաժամանակ ընդգծելով, որ Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե մենք այլ ճանապարհով գնանք, Ղարաբաղը հանձնելու ենք. Փաշինյան

Ըստ վարչապետի, եթե Երևանը գնա այլ ճանապարհով, կհանձնի Ղարաբաղը՝ Փառուխը օրինակ, կտոր-կտոր։

Ամփոփելով իր ելույթները՝ Փաշինյանն ընդգծեց, թե նման տարբերակը ճանապարհ է բացում Արցախի ու Հայաստանի պետականությունը պահպանելու համար։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը պատմական զուգահեռներ տարավ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1997-ի նոյեմբերին մատնանշած պատերա՞զմ, թե՞ խաղաղություն հանրահայտ երկընտրանքի հետ։

«Այսինքն՝ երկու անգամն էլ, ըստ էության, հայ իրականության մեջ լրջորեն սկսում է քննարկվել խաղաղություն, թե պատերազմ օրակարգը և երկու անգամն էլ երկրի առաջին դեմքը, ըստ էության, խոսում է հոգուտ խաղաղության օրակարգի։ Նիկոլ Փաշինյանի վերջին երկու օրերի հայտարարությունները դրանք տուրք են իրատեսությանը և դրանք տուրք են ռեալ պոլիտիկին, դրանք փորձ են մեր հասարակությունը և մեր քաղաքական դաշտը վերադարձնել ռեալ պոլիտիկի դաշտ, վերադարձնել իրականության դաշտ», - ասաց Քոչինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԼՂ անվտանգության երաշխիքների և կարգավիճակի հարցերը պիտի դառնան բանակցությունների առարկա․ Փաշինյան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի խորհրդարանը Հայաստանի իշխանություններից պահանջում է հրաժարվել «աղետալի դիրքորոշումից»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայրամովը կարևոր է համարում Ադրբեջանի «5 առաջարկների ընդունումը Հայաստանի կողմից»