Այսօր երեկոյան Երևանում հրավիրած հանրահավաքին խորհրդարանական ընդդիմությունը պատրաստվում է խոսել Արցախի շուրջ կուտակված խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ իրենց առաջարկների մասին։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, օրերս դիմելով քաղաքական ու հասարակական կառույցներին, կոչ էին արել` միասին ներկայացնել մի շարք պահանջներ՝ առանցքում ունենալով Արցախի հարցը։
«Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանն առանձնացնում է առանցքային մի շարք հարցեր, որոնց մասին պատրաստվում են խոսել հանրահավաքի ընթացքում։
«Այս հանրահավաքի հստակ օրակարգը, մեխը՝ հանուն Արցախի հանրահավաք է, որպեսզի, այսպես ասեմ, նախ գծվեն, հանրության կողմից ներկայացվեն, հրապարակվեն այն կարմիր գծերը, որը որևէ մեկն իրավունք չունի անցնելու։ Դա առաջին հերթին վերաբերում է՝ բացառել Արցախն Ադրբեջանի կազմում լինել և նաև հետագա բանակցություններում այդ տարբերակի բացառում։ Բացառել սահմանագծման և սահմանազատման աշխատանքները սպառնալիքի ուժով, սպառնալիքի պայմաններում իրականացնել։ Թուրքիայի հետ Հայաստանի ներկա հարաբերություններում բացառել Ադրբեջանի մասնակցությունը և փոխկապակցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, և Թուրքիայի հետ հարաբերություններում, որևէ տարբերակում, բացառել այնպիսի փաստի հաստատման արձանագրում, որը կասկածի տակ կդնի հայ ժողովրդի ամբողջական իրավունքների վերակիրարկման, հայոց պահանջատիրության, ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը», - ասաց Մանուկյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիրները «վերջնագիր» են որակում Ադրբեջանի ներկայացրած առաջարկներըԸնդդիմադիրները, քննադատելով իշխանության՝ խաղաղության հաստատման շուրջ որդեգրած քաղաքականությունը, պնդում են՝ վարչապետ Փաշինյանի թիմը չի արտահայտում հասարակության տեսակետը և նախաձեռնած հանրահավաքով իրենք նաև մտադիր են զորակցություն հայտնել արցախցիներին։
«Տևական ժամանակ դադարել է այն կարևորագույն ֆունկցիան կյանքի կոչվել, որը կոչվում է Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է», - ասաց Մանուկյանը։
«Պատիվ ունեմից» Հայկ Մամիջանյանն էլ ընդգծեց՝ ընդդիմության փողոցային պայքարը չի էլ դադարել, և ակնկալում են հրապարակում տեսնել բոլորին՝ անկախ կուսակցական, գաղափարական պատկանելիությունից։
«Ունեմ առաջին հերթին մեկ ակնկալիք՝ Ազատության հրապարակում տեսնել բոլոր այն մարդկանց, ովքեր, անկախ կուսակցական պատկանելիությունից, քաղաքականության նկատմամբ իրենց վերաբերմունքից՝ ընդդիմության ընդդիմությունից, մինչև արտախորհրդարանական ընդդիմություն և պարզապես մտավորական մտահոգ, արժանապատիվ քաղաքացիներ, որոնց բոլորին միավորում է մեկ պարզ ճշմարտություն՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այն բոլոր հայերը, մեր երկրի բոլոր քաղաքացիները, որոնք համաձայն են առաջին հայացքից շատ պարզ ճշմարտությանը, պնդմանը, ակնկալում եմ տեսնել Ազատության հրապարակում», - ասաց Մամիջանյանը։
Արդյո՞ք ընդդիմության հանրահավաքին կմասնակցեն խորհրդարանական խմբակցությունների փաստացի առաջնորդներ, նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Հայկ Մամիջանյանն այս հարցին չպատասխանեց, իսկ Գեղամ Մանուկյանը չբացառեց երկրորդ նախագահի մասնակցությունը, սակայն, եթե նրա առողջական վիճակը թույլ տա։ Պատգամավորը նաև դժվարացավ ասել՝ արդյո՞ք մասնակցելու դեպքում Քոչարյանը ելույթ կունենա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անընդունելի է Արցախն Ադրբեջանի կազմում քննարկելը. Սեյրան Օհանյան«Կարող եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը, պաշտոնապես հայտարարվեց էլ, օրերս ֆիզիկական հարված է ստացել գլխի շրջանում, և եթե առողջությունը թույլ տա, անպայման ներկա կլինի», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ի՞նչ կհաջորդի հանրահավաքին, երրորդ նախագահի թիմակից Հայկ Մամիջանյանը շատ մանրամասներ չհայտնեց, ասաց միայն, որ հստակ ծրագրված գործողությունների շարք ունեն․ - «Դրանք կբացահայտվեն այնքանով, որքանով դրանց բացահայտումը չի խանգարի դրանց իրագործմանը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը բավարարել է Իլհամ Ալիևի բոլոր պահանջները, համոզված է Արմեն Ռուստամյանը