Մատչելիության հղումներ

«Ոչ Արցախի հայաթափմանը». Բողոքի ակցիա ԱԳՆ-ի, ապա կառավարության շենքի առջև


«Ոչ Արցախի հայաթափմանը», «ոչ թրքացմանը» պաստառներով ու վանկարկումներով այսօր նախ Արտաքին գործերի նախարարության, ապա կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել Հայ հեղափոխական դաշնակցության և Հանրապետական կուսակցության երիտթևի ներկայացուցիչները` իրենց դժգոհությունը հայտնելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցություններում՝ ցուցարարների ձևակերպմամբ Հայաստանի իշխանությունների զիջողական քաղաքականությունից։

Ակցիայի մասնակիցները իշխանություններից թափանցիկություն ու հստակ հայտարարություններ էին պահանջում այն մասին, որ պաշտոնական Երևանը Լեռնային Ղարաբաղը չի տեսնում Ադրբեջանի կազմում. «Մեր թիկունքի ետևում տեղի են ունենում բանակցություններ, մեր թիկունքի ետևում Հայաստանի Հանրապետությունը և Արցախի հանրապետությունը փորձում են վաճառել իրենց հարմար գնով, վաճառել մեր պետականությունը, վաճառել մեր հայրենիքը, վաճառել մեր ինքնիշխանությունը։ Սիրելի հայեր, մենք այսօր հավաքվել ենք այստեղ հստակ պահանջով՝ ի ցույց դնելով, որ ՀՀ քաղաքացին, հայ ժողովուրդը չի պատրաստվում կզել թուրքի առաջ»։

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի ու Թուրքիայի միջև ընթացող կարգավորման գործընթացը դրական էր գնահատել, ընդգծելով՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը։ Հանրապետականի ներկայացուցիչներն այսօր քննադատում էին Երևան - Անկարա կարգավորման գործընթացը, թեև Հանրապետականի ղեկավար ու նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ևս ժամանակին նման բանակցություններ էր նախաձեռնել ու ստորագրել հայ-թուրքական կարգավորման արձանագրությունները։

«Արարատ Միրզոյանը ասում է, թե ժողովուրդը համաձայն է այդ բանակցություններին, եկեք մի հատ հարցնենք իրեն՝ որտե՞ղ է այդ սոցհարցումն իրականացրել», - հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Թեև ցուցարարների՝ հակառակի մասին պնդումներին, վերջերս Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած սոցհարցման համաձայն՝ հայաստանցիների 73 տոկոսը համարում է, որ Երևանը պետք է երկխոսություն սկսի Անկարայի հետ և կարգավորի երկկողմ հարաբերությունները՝ առաջ քաշելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման օրակարգը։

Այսօրվա ակցիային էին մասնակցում նաև Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ։

«Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը խոսեց սահմանային լարվածության, Արցախում էներգետիկ ճգնաժամի մասին, նշելով, որ անկախ այն հանգամանքից, որ այնտեղ վթարված գազատարը վերանորոգվում է, ադրբեջանական կողմը որևէ երաշխիք չի տալիս, որ հետագայում նման իրավիճակ չի ստեղծվի։ Ասում էր՝ Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է։

«Սրան զուգահեռ Հայաստանում իշխող ուժը ներկայացնող տարբեր քաղաքական գործիչներ հայտարարում են, որ իրենց համար քննարկելի է Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու հարցը։ Սրանք պատահական սայթաքումներ չեն, սրանք պատահական հայտարարություններ չեն», - նշեց Աբրահամյանը։

Բողոքի այս ակցիային նախորդել էին խաղաղության պայմանագրի մասին Բաքվի և Երևանի հրապարակային հայտարարությունները։ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել էր ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, հրաժարվել միմյանց նկատմամբ տարածքային պահանջներից, իրականացնել սահմանազատում, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել կոմունիկացիաները։

Ներկայացնելով Երևանի պատասխան դիրքորոշումը՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախ նշել էր, որ Բաքվի հինգ կետերը խնդիրների ողջ օրակարգը չեն արտացոլում, նաև շեշտել էր Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտությունը։ Ընդդիմադիրները դժգոհում են, որ Միրզոյանի և իշխանական խմբակցության պատգամավորների պարզաբանումներից այդպես էլ պարզ չի դառնում՝ արդյոք հայկական կողմը փաստացի արձանագրել է, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի կարող լինել։

XS
SM
MD
LG