Մատչելիության հղումներ

Մոսկվան ողջունում է Երևան-Անկարա կարգավորման գործընթացը


Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն, Մոսկվա, 16-ը մարտի, 2022թ.
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն, Մոսկվա, 16-ը մարտի, 2022թ.

Ռուս - ուկրաինական շարունակվող պատերազմի ու տարածաշրջանային ակտիվ զարգացումների ֆոնին վերջին մեկ շաբաթում Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները արդեն երկրորդ հանդիպումն են անցկացնում:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին այսօր Մոսկվայում ընդունել է ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովը: Արտգործնախարարների հանդիպման օրակարգում ամենատարբեր բնագավառներում համագործակցությանը վերաբերող հարցեր են եղել, ինչպես նաև երկկողմ և միջազգային խնդիրներ, մասնավորապես՝ Ուկրաինայի ճգնաժամը:

Թուրք գործընկերոջ հետ առանձնազրույցից հետո կայացած ասուլիսի ժամանակ Լավրովն ասել է, թե երկու երկրների հարաբերությունները մեծ կարևորություն ունեն տարածաշրջանային խաղաղության պահպանման տեսանկյունից: Այս համատեքստում, Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել է նաև «3+3» հարթակի և հայ-թուրքական բանակցային գործընթացի մասին:

«Այս հարթակում ընդգրկված են Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և Վրաստանը, որը դեռ մտորում է այս հեռանկարային ձևաչափին միանալու շուրջ: Ինչպես բազմիցս ընդգծել ենք, միշտ պատրաստ ենք տեսնել մեր վրացի գործընկերներին այս կառույցի նիստերին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հատուկ բանագնացների առաջին հանդիպումներն են կազմակերպվել: Մենք ողջունում ենք երկու հարևան երկրների հարաբերությունների հաստատմանը ուղղված քայլերը: Մենք էլ պատրաստ ենք համատեղ աշխատել բոլոր ուղղություններով՝ ի նպաստ Անդրկովկասի երկրների համագործակցության խորացման», - նշել է Լավրովը:

Թուրքիայի արտգործնախարարը իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի հետ շարունակելու են աշխատել տարածաշրջանային խաղաղության և կայունության համար: «Մենք շարունակելու ենք հայ-թուրքական երկխոսությունը: Ռուսաստանն էլ ամենասկզբից լիովին աջակցում է այս գործընթացին: Ադրբեջանը ևս կողմ է և բոլորս միասին շարունակելու ենք անկեղծ ջանքերը տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար», - ընդգծել է Էրդողանը:

Առանձնազրույցից առաջ էլ Ռուսաստանի արտգործնախարարը իր ողջույնի խոսքում նկատել էր, որ Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումները չեն համընկնում, բայց նաև շեշտել, որ Ռուսաստանը հարգում է Թուրքիայի տեսակետը։

«Գաղտնիք չէ, որ Ուկրաինայի հարցում մեր դիրքորոշումները չեն համընկնում, բայց մենք շատ ենք գնահատում և մեծ հարգանք ունենք Թուրքիայի դիրքորոշման հանդեպ, որը ձգտում է օբյեկտիվորեն լուծել այս ճգնաժամի պատճառով ստեղծված խնդիրը: Եվ, իհարկե, մենք բարձ ենք գնահատում Անկարայի պատասխանատվությունը Մոնտրոյի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման հարցում», - նշել է նա:

Թուրքիայի արտգործնախարարն էլ ասել էր, որ այս դժվար ժամանակներում դիվանագիտությունն ու երկխոսությունը ավելի մեծ կարևորություն են ստանում: Չավուշօղլուն ընդգծել է, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի սկզբից Թուրքիան հստակ արտահայտել է իր հավասարակշիռ և անկողմնակալ դիրքորոշումը. «Որպես Երկու կողմի հետ էլ լավ հարաբերություններ ունեցող երկիր անկեղծ միջնորդական դեր ստանձնեցինք՝ չնայած բոլոր դժվարությունների: Այս համատեքստում նաև հայտարարեցինք, որ ինչպես միշտ լիովին պահպանելու ենք Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները»:

Կոնվենցիան, որի մասին խոսում էին արտգործնախարարները, թույլ է տալիս Թուրքիային պատերազմի կամ դրա վտանգի ժամանակ փակել իր նեղուցներով հակամարտող կողմերի ռազմական նավերի անցումը Միջերկրականից Սև ծով։ Մոսկովյան բանակցություններից հետո վաղն արդեն Չավուշօղլուն կմեկնի Կիև հանդիպելու ուկրաինացի գործընկերոջը՝ Դմիտրի Կուլեբային: Ռուս-ուկրաինական առճակատման ամենասկզբից Թուրքիան ձգտում է միջնորդ դառնալ հակամարտող կողմերի միջև օգտագործելով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ իր լավ հարաբերությունները:

Պատերազմի երեք շաբաթների ընթացքում նախագահ Թայիփ Էրդողանը հասցրել է երեք հեռախոսազրույց ունենալ Վլադիմիր Զելենսկու հետ, մեկ անգամ էլ խոսել է Վլադիմիր Պուտինի հետ: Այսօր լրագրողները արտգործնախարարներից հետաքրքրվել են, արդյոք նախատեսվո՞ւմ է Պուտին-Զելենսկի հանդիպում: Երկուսն էլ ասել են, որ այս պահին նման հանդիպում օրակարգում չկա, բայց Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին: Անցած շաբաթավերջին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում կայացավ Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը: Չնայած այն էական արդյունք չտվեց և հրադադարի շուրջ կողմերը պայմանավորվածության չհասան, Անկարան այդ հանդիպման անցկացումն արդեն իսկ դիվանագիտական լուրջ հաջողություն է համարում:

XS
SM
MD
LG