ԱԳՆ-ն դեռ չի արձագանքում
Ի՞նչ լուրջ քայլեր է սպասում Բաքուն Երևանից՝ խաղաղության համաձայնագիր կնքելու համար։ «Ազատությունը» դիմել է արտգործնախարարություն՝ պարզաբանում ստանալու համար, դեռ պատասխան չկա։
Իշխանությունից կարծիք է հնչում՝ այդ պահանջները գործընթացը ձգձգելու, մեղքը Հայաստանի վրա գցելու փորձեր են, ընդդիմությունից, որ Ադրբեջանի հայտարարությունները ագահության արդյունք են՝ էլ ի՞նչ անի այս իշխանությունը, որ բավարարի Բաքվի պահանջները, ասում են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խորհրդարանական ընդդիմությունն արձագանքում է ԱԽ հայտարարությանըԵրեկ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, թե մտադիր է Երևանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել, եթե Հայաստանը պատրաստ է լուրջ քայլերի։ Թե ինչ քայլերի մասին էր խոսքը, չէին հստակեցրել։
«Եթե հայկական կողմը խաղաղության համաձայնագրը դիտարկում է ոչ թե որպես հասարակությանը իրազեկելու հերթական ակցիա, այլ՝ լուրջ քայլ, ապա ժամանակն է կոնկրետ գործողություններ ձեռնարկել»,- հայտարարել էր Բաքուն՝ շեշտելով Հայաստանին ներկայացրած 5 պահանջները, դրանց թվում է տարածքային ամբողջականության ճանաչումը, ու հայտարարել՝ «խաղաղության համաձայնագիրը պետք է հիմնված լինի դրանց վրա»։
Հայկական կողմը հայտարարել էր, թե այդ առաջարկներին սկզբունքորեն դեմ չէ, միաժամանակ լրացումներ ունի։ Մեկ շաբաթ առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում արտգործնախարար Միրզոյանն ասել էր, որ հնարավոր բանակցությունների օրակարգը լրացրել են հայկական առաջարկներով, որոնց մեխերից է Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
«Փոխանցել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, համանախագահությունից, անդամ երկրներից` համանախագահողներից ինձ տեղեկացրել են, որ այդ առաջարկները փոխանցվել են պաշտոնական Բաքվին», - ասել էր նախարարը:
Բաքվից, մեկ շաբաթ առաջ ասում էր Միրզոյանը, դեռ պատասխան չկա։ Հաջորդող օրերին էլ Երևանը չի հաղորդել, թե արձագանք է ստացել Բաքվից կամ Մինսկի խմբի համանախագահությունից, որոնց դիմել էր խաղաղության բանակցությունների կազմակերպման համար։
Ընդդիմությունը Երևանի քայլերից դժգոհ է
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը Երևանի հայտարարություններից ու քայլերից խիստ դժգոհ է։ Կապ չունի՝ ինչ հռետորաբանություն է օգտագործում Ադրբեջանը, ինչ գործողությունների դիմում, Երևանը, ասում է, նախընտրում է հանկարծ չջղայնացնել հակառակորդին։
Ըստ Մամիջանյանի՝ չի գալու այն պահը, երբ Ադրբեջանն ասի՝ բավական է. «Ադրբեջանի այդ հայտարարությունը ցույց է տալիս իրենց ագահությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունն Արցախից ձեռքերը լվացել է, Հայաստանը դարձել է Արցախի Հանրապետության համար սոցիալական աջակցության հաբ` անվտանգային տեսանկյունից զրո, գերլարված անվտանգային դրության մեջ ռազմավարական դաշնակցի նկատմամբ անհասկանալի, էլի պրոադրբեջանական հռետորիկա՞, եկեք քննենք խաղաղապահ… Այդպես լավ չի, Ադրբեջանի պես հայտարարեք` թող հեռանան: Ես չգիտեմ` Ադրբեջանն էլ ինչ է ակնկալում, սրանից ավելի ի՞նչ պիտի անեն, որ Ադրբեջանն ակնկալում է իրենցից»:
«Քաղաքացիական պայմանագրից», Պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը Բաքվի վերջին հայտարարության մեջ հարաբերությունների չկարգավորման պատասխանատվությունը Հայաստանի վրա գցելու միտում է տեսնում. «Խնդիրը կայանում է ոչ թե իրենց մոտ այս խաղաղության օրակարգի, այլ Հայաստանի Հանրապետությունն է մեղավոր, որ այս օրակարգը երկարաձգվում է, ձգձգվում է, սահմանային միջադեպեր են լինում: Բաքուն ամեն ինչ անում է, որ այդ խնդիրները բարդի ՀՀ վրա, նման հայտարարություններ է անում, բայց ամեն ինչ ակնհայտ է. երբ որ 5 կետով Ադրբեջանն առաջարկություններ է ներկայացրել, ընդհանուր առմամբ այդ 5 կետն ընդունվել է մեր կողմից, ընդամենը հայկական կողմն առաջարկություն է արել, որ այդ 5 կետից բացի, ևս խնդիրներ կան, որոնք պետք է լուծման գնան, ինչն արտացոլված չի եղել փաստաթղթում, և ավելացվել են այդ 5 կետերը, բայց դրանից հետո մենք ի՞նչ տեսանք: Մենք տեսանք Խրամորթ, ագրեսիվ գործողություններ, սադրանքներ, գազի անջատում և այլն»:
Ուրեմն ինչպե՞ս է իշխանությունը խոսում խաղաղությունից, ընդդիմությունն է հարց տալիս։ Ավելի վաղ Բաքվի առաջարկները վերջնագիր էին որակել. «Իրականում այդ 5 առաջարկների տողատակերում են այն վտանգները, որոնք առկա են: Ինչո՞ւ չի ասում հայկական կողմը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք, այնքան չասացին, որ վերջին անգամ Մինսկի խմբի համանախագահների շուրթերից ես դա լսել եմ անցյալ տարվա ապրիլին: Այս կամ այն ֆորմատով խաղաղություն անվանեք, դեմարկացիա, ոնց ուզում եք անվանեք, երբ որ դրա ստորագրումը, կնքումը, բանակցումը, այդ գործընթացը հստակ կապում չունենա Արցախի ինքնորոշման իրավունքի հետ, մեր բանը բուրդ է», - նկատում է Հայկ Մամիջանյանը:
Սպասելիքը միջազգային հանրությունից է
ՔՊ-ից Արմեն Խաչատրյանը տեսնո՞ւմ է խաղաղության հնարավորություն։ Սպասելիքը միջազգային հանրությունից է. «Միջազգային հանրությունն ավելի գործուն միջոցներ ձեռնարկի, այո, այդ հնարավորությունը տեսնում եմ, բայց եթե միջազգային հանրությունը աչք փակի, ինչպես հաճախ էին անում այդ իրավիճակների վրա, մենք ունենալու ենք էլի սադրանքներ, խնդիրներ, ու այդ գործընթացը խաղաղության հաստատ կասեցվելու է և երկարելու է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս խաղաղապահները ոչ թե հայությանը պաշտպանելու, այլ Երևանին, Բաքվին ճնշելու համար են. Արեգ ՔոչինյանԻնչի՞ մասին էր խոսում Անվտանգության խորհուրդը՝ նախօրեին հայտարարելով, թե անհրաժեշտ է միջազգային զսպման մեխանիզմներ գործարկել՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա ու էթնիկ զտում թույլ չտալու համար:
Ըստ իշխանական պատգամավորի՝ խոսքը ռուսական խաղաղապահ ուժերին միջազգային մանդատ տալու մասին է. «Որպեսզի նրանք գործեն ավելի ազատ, և գործելուց էլ ոչ թե խնդիր առաջանա Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների, այլ` Ադրբեջան և միջազգային հանրություն: Այստեղ Ռուսաստանը ոչինչ չի կորցնում, ընդհակառակը` ավելի է բարձրանում իր խաղաղապահ զորքերի հեղինակությունը: Իհարկե, այս պայմաններում այդ մասին խոսելը շատ դժվար է, երբ կա Ուկրաինայի ճգնաժամը, բայց այս ուղղությամբ կարծում եմ` Հայաստանի Հանրապետությունը պետք է աշխատանքներ տանի», - շեշտեց Արմեն Խաչատրյանը:
Ռուս խաղաղապահները Ղարաբաղում են պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությամբ, սակայն օրս Բաքուն նրանց մանդատը չի հաստատել։