Մատչելիության հղումներ

«Առաջարկում ենք Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ»․ Ալեն Սիմոնյան


«Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը գործնական քայլեր կձեռնարկի իրավիճակի կարգավորման և նոր զոհերի ու մարտական գործողությունների կանխման համար և ադրբեջանական ուժերը կվերադարձնի մարտի 23-ի դիրքեր», - այսօր հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակին։

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շատ լարված է, ասել է խորհրդարանի խոսնակը՝ նշելով, որ այդ բնույթի գործողություններն աշխարհում անվտանգության իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ կարող են տարածաշրջանում նոր էսկալացիայի հանգեցնել:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՌԴ ՊՆ-ի հասցեական հայտարարությունը, որը, սակայն, արժանացել է ադրբեջանական կողմի հակազդեցությանը:

Արցախում իրադրությունը կտրուկ սրվել է մարտի 24-ից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց, ևս 15-ը վիրավորվեցին, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։

Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից: Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը մանրամասնեց, որ Փառուխը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, հայկական ուժերը պահպանել են Քարագլխի հիմնական մասի տիրապետումը:

Ասկերանում իրադրության սրումից երկու օր անց ռուսական խաղաղապահ առաքելությունը հասցեկան հայտարարություն էր արել՝ շեշտելով, որ Ադրբեջանի զինուժը խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, մտել է ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի և դիտակետ տեղակայել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կոչ էր արել Ադրբեջանին՝ հետ քաշել զորքերը։ Պաշտոնական Բաքուն հակադարձել էր՝ «ափսոսանք» հայտնելով, թե այն «միակողմանի է» և «իրականությանը չի համապատասխանում»:

«Լուծված չեն հետպատերազմյան հումանիտար խնդիրները»

Դեռևս լուծված չեն հետպատերազմյան հումանիտար և այլ բնույթի խնդիրներ, նաև հայտարարել է Սիմոնյանը՝ շեշտելով հայ ռազմագերիների, պատանդների հարցը, որոնց թիվը, ըստ Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների, 38 է:

Օրհասական են նաև Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցերը, ասել է ԱԺ խոսնակը:

«Հիմնարար և սկզբունքային են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և ազատությունների երաշխավորումը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ հակամարտությունը ոչ թե տարածքային, այլ իրավունքի հարց է: Այս համատեքստում կարևոր ենք համարում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության, ինչպես նաև 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության ամբողջական կատարումը», - ասել է Սիմոնյանը:

Վերահաստատելով հարևան պետությունների հետ նորմալ հարաբերությունների կարևորությունը՝ ԱԺ խոսնակը շեշտել է․ - «Մենք պատրաստ ենք երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը և այդ պատճառով հաստատելով նախկինում ձևակերպված դիրքորոշումը՝ առաջարկում ենք Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ»,- ելույթի եզրափակիչ հատվածում ասել է ԱԺ նախագահը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG