Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահները ոչ թե հայությանը պաշտպանելու, այլ Երևանին, Բաքվին ճնշելու համար են. Արեգ Քոչինյան


Արցախի անվտանգության շուրջ վերջին օրերին սկսված լարված իրավիճակում պետք է սցենարներ մշակել` ամենավատից մինչև ամենալավը, կարծում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը: Ամենավատը, ըստ նրա, նախապատրաստվելն է Արցախի բնակչության ու մշակութային արժեքների էվակուացիային:

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Ազատություն». - Նախօրեին Անվտանգության խորհուրդը հայտարարեց, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ հարձակում սկսելու համար: Կարծում եք` խոսքը լայնամասշտաբ ռազմական գործողությա՞ն` պատերազմի՞ մասին է:

Արեգ Քոչինյան. - Նման սցենար բացառել իրականում չի կարելի: Ընդհանրապես ո՞րն է այս պահի դրությամբ Արցախի անվտանգության երաշխիքների հիմքը, դա ռուսական խաղաղարար կոնտինգենտի ներկայությունն է: Սա, թերևս, նման է ամրոցը ավազի վրա կառուցելուն, որովհետև դու չես կարող երաշխավորել որևէ կոնտինգենտի հիման վրա անվտանգությունը, քանի դեռ այդ կոնտինգենտը քեզ ենթակա չէ, այսինքն` դու չես կարող քո անվտանգությունը վստահել մի ուժի, որը քեզ ենթակա չէ: Դա աբսուրդ է:

«Ազատություն». - Բայց գերտերություն է, ուժեղ է:

Արեգ Քոչինյան. - Գերտերություն է, ուժեղ է և այլն, բայց կա երկու սցենար`կամ կարող է ստեղծվել իրավիճակ, երբ իրեն արդեն էլ պետք չէ Արցախում հայկական ներկայությունը, և նա պատրաստ է Արցախը զոհել հանուն ավելի կարևոր իր համար հաշվարկների, կամ ռուսները կարող են ուղղակի այլևս ունակ չլինել տանելու այդ դերը: Թե սրանցից որը կլինի իրականում, էական չէ, էական այն է, որ քանի դեռ Հայաստանը ի վիճակի չէ ապահովելու Արցախի անվտանգությունը, Արցախի անվտանգությունն օդում կախված հարց է:

«Ազատություն». - Հետևաբար, ի՞նչ անել:

Արեգ Քոչինյան. - Պետք է սցենարներ մշակել` սկսած ամենալավ սցենարից, որ մենք ինչ-որ այլ խաղաղարար կոնտինգենտ ենք կարողանում այստեղ բերել` դա կարող է լինել Մինսկի խմբի համանախագահության հետ համատեղ կոնտինգենտ, որևէ այլ` նեյտրալ երկրների, ինչպես ամերիկյան համանախագահողների, որը իրականում 90-ականների թարմացված մի փաթեթի առաջարկություն է: Սա ամենալավ սցենարն է, իսկ ամենավատ սցենարը, որի մասին ընդհանրապես, կարծես, տաբու է խոսելը, բայց ես կարծում եմ` դրա մասին նույնպես պետք է խոսվի, դա մտքում ունենալն ու պլանավորելն է, նախապատրաստվելն է նաև Արցախի բնակչության ու մշակութային արժեքների էվակուացիայի: Սա ամենավատ սցենարն է, Աստված տա, որ բանը սրան չհասնի, բայց գիտեք` պետությունը չես կարող կառավարել «Աստված տա» սկզբունքով, պետությունը կառավարում են ամենավատ սցենարին նախապատրաստվելով, հույս ունենալով, իհարկե, որ կլինի լավ սցենարը, բայց ամենավատ սցենարին նախապատրաստվելով, որը ես չեմ բացառում:

Եվ որպեսզի մենք չհայտվենք այնպիսի իրավիճակում, ինչպիսինում հայտնվեցինք Քարվաճառում, երբ ռազմի դաշտում, դիվանագիտական դաշտում պարտված պետությունը չկարողացավ էվակուացնել անգամ սեփական բնակչությանը քաղաքակիրթ և արժանապատվությանը հարիր ոճով, շատ ավելի մասշտաբային դրվածքով: Մենք գոնե պետք է սկսենք այսօրվանից այդ սցենարները նույնպես մշակել և այդ ուղղությամբ նույնպես աշխատել, հակառակ դեպքում եթե այդ արհավիրքին մենք հասնենք, Հայաստանի իշխանությունները նույնքան պատասխանատու կլինեն այդ մարդկանց առջև, ինչքան մեր հակառակորդները կամ այդ իրավիճակի կազմակերպիչները:

«Ազատություն». - Հիմա Ձեր ասած լավատեսական սցենարի մասին. ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի նախաձեռնությունը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել: Գիտեք` Ադրբեջանն ասում է այո, բայց հիմքում պիտի մեր 5 կետերը լինեն:

Արեգ Քոչինյան. - Ինչպես վարչապետն է ասել կառավարության նիստի ժամանակ, այդ 5 կետերն ընդհանուր առմամբ Հայաստանի համար սկզբունքորեն ընդունելի կետեր են, այլ բան, որ դրանք ամբողջ պատկերը չեն արտացոլում, և ես կարծում եմ, որ ամբողջ պատկերն արտացոլելու Հայաստանի միակ հնարավորությունը հենց Մինսկի խմբին դիմելն էր և հենց Մինսկի խմբի համանախագահության ներգրավումն է, որովհետև, եկեք ռեալիստ լինենք, Հայաստանը սեփական ուժերով Արցախի ինքնորոշման հարցն առաջ բրդելու ռեսուրս այս բանակցություններում այլևս չունի, և այդ հարցում կարող էր փրկօղակի դեր խաղալ հենց Մինսկի խմբի համանախագահությունը, բայց այստեղ էլ խնդիրներ կան. այն ծայրաստիճան լարված մթնոլորտը, որը կա Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում, հակադիր է Մինսկի խմբի համանախագահության մեխին: Դա Արևմուտք-Ռուսաստան աշխատանքն է համատեղ:

«Ազատություն». - Միամտություն չէ՞ այդ 5 կետերի հետևում չտեսնել, որ Արցախը` մեզ, նոր միայն խաղաղության պայմանագիր կնքել, երբ ասում են` ճանաչեք մեր տարածքային ամբողջականությունը:

Արեգ Քոչինյան. - Ինչպես ասացի, դա չեզոքացնելու միակ տարբերակը հենց Մինսկի խմբի համախագահության մասնակցությունն է այդ բանակցություններին: Եթե Մինսկի խմբի համանախագահության մասնակցությանը հասնել չի լինում, ապա ինքնաբերաբար միջնորդ են դառնում Ռուսաստանը և Թուրքիան, սա նույնպես պետք է արձանագրել, որ միջնորդ այսպես թե այնպես լինելու է: Եթե չի լինում Մինսկի խմբի համանախագահությունը, միջնորդ լինելու են Ռուսաստանը և Թուրքիան, և այդ պարագայում պետք է նաև հետևյալ միտքը բարձրաձայնել, որ Հայաստանը եթե այդ ձևաչափում փորձի պահպանել այն, ինչ այլևս պահպանել հնարավոր չի լինի, կկորցնի նաև այն, ինչ դեռևս պահպանել հնարավոր էր` սեփական պետականությունը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG