Չավուշօղլուն կրկին շեշտել է «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը
Թուրք-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդումը կնպաստի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը, այսօր Բաքվում նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը՝ այդ համատեքստում վերստին շեշտելով այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը:
«Իհարկե, մեր տարածաշրջանում կարևոր զարգացումներ են տեղի ունենում, որոնք իրենց ազդեցությունն են թողնում: Դուք էլ կարևոր նախագծեր եք կյանքի կոչում, այդ թվում` «Զանգեզուրի միջանցքը»: Այսօր եկել եմ Բաքու, որպեսզի տեղեկացնեմ այս հարցերի շուրջ մեր արած աշխատանքի մասին, և քննարկենք հետագա համատեղ քայլերը», - ասել է Մևլյութ Չավուշօղլուն, նաև ընդգծել, որ Անկարան ու Բաքուն միասին աշխատում են վերջերս երկու երկրների խորհրդարանների վավերացրած ու երկու երկրների դաշնակցային համագործակցությունն էլ ավելի խորացնող Շուշիի հռչակագրի կետերը կյանքի կոչելու ուղղությամբ:
Ալիևը ևս կարևորել է թուրք-ադրբեջանական սերտ հարաբերությունները ողջ տարածաշրջանի զարգացման համար
Ադրբեջանի նախագահը, իր հերթին, կարևորել է թուրք-ադրբեջանական սերտ հարաբերությունները ողջ տարածաշրջանի զարգացման համար` ասելով. «Մեր հարաբերությունները մեծ կարևորություն ունեն ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև տարածաշրջանային անվտանգության համար: Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ջանքերը կապահովեն մեր տարածաշրջանի հետագա զարգացումը, անվտանգությունը և մեր ժողովուրդների բարեկեցությունը»: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայրամով. «Ադրբեջանը և Թուրքիան ակտիվ ջանքեր են գործադրում Ուկրաինայում առճակատումը կարգավորելու համար»Ալիևը նաև ընդգծել է, որ մշտական կապի մեջ է թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, միասին քննարկում են համատեղ քայլերը:
Իր հերթին Չավուշօղլուն արդեն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան ողջունում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու Ադրբեջանի առաջարկը և հույս ունի, որ Հայաստանը ևս ընդառաջ կգնա։Ի դեպ, թուրք նախարարին այսօր Բաքվում ուղեկցում էր նաև հայ-թուրքական բանակցություններում Անկարայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը, և, թերևս, պատահական չէ, որ Չավուշօղլուն խոսել է նաև Թուրքիայի ու հարևանների հարաբերությունների մասին՝ հայտարարելով, որ Անկարան նպատակ ունի բոլորի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել և համագործակցել:
«Մենք Ադրբեջանի հետ նախկինում ևս ջանքեր ենք գործադրել տարածաշրջանում կայունության հաստատման համար: Այս նպատակով մենք աշխատում ենք հարևան երկրների հետ եռակողմ, քառակողմ ձևաչափով: Այդ հանդիպումների մի մասը կայանալու է Ադրբեջանում, Թուրքիայում, նաև Իրանում: Հուսով ենք, այս տարվա ընթացքում դրանք տեղի կունենան», - ասել է նա:
«Ադրբեջանը աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին»
Ադրբեջանի արտգործնախարարն էլ նշել է, որ թուրք գործընկերոջ հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը, անդրադարձել նաև Անկարա-Երևան հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին:
«Ադրբեջանը աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և շարունակելու է աջակցել: Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանին ուզում են ցույց տալ մեր նպատակը՝ այն է` տարածաշրջանում բարիդրացիական հարաբերություններ ստեղծել: Հայաստանի համար սա հնարավորություն է: Հայաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը պետք է որոշի՝ ինչքանով օգտագործել ընձեռված հնարավորությունը:
Ադրբեջանն ու Թուրքիան այս գործընթացում միասին են գործում, խորհրդակցություններ ունենում: Մեր համագործակցությունը երրորդ երկրի դեմ ուղղված չէ: Երբ Հայաստանի ղեկավարությունն ու հանրությունը գիտակցեն, որ այն, ինչ լավ է Ադրբեջանի և Թուրքիայի համար, չպետք է վատ լինի Հայաստանի համար, այդ ժամանակ էլ կարգավորման գործընթացները ավելի հեշտ ու արագ առաջ կգնան», - հայտարարել է Բայրամովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարծում եմ, որ այս հանդիպմանը կողմերը հիմնական հարցերի շուրջ համաձայնության են եկել. թուրք փորձագետԴիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները արդեն երկու հանդիպում են ունեցել՝ առաջինը հունվարին Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարին Վիեննայում։ Վերջին հանդիպումից հետո կողմերը վերստին հայտարարեցին, թե պատրաստակամ են շարունակել գործընթացը առանց նախապայմանների, և վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է։ Բանագնացների հաջորդ հանդիպման վայրի և ամսաթվի մասին կողմերն առայժմ լռում են։