Մատչելիության հղումներ

Սերդար Քըլըչը և Պոլսո Հայոց պատրիարքը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը


Վաղը Վիեննայում կայանալիք հայ և թուրք բանագնացների երկրորդ հանդիպմանն ընդառաջ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը նախօրեին այցելել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: Քըլըչի հետ հանդիպմանը ներկա է եղել ԱԳ նախարարության Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավար Այշե Ուզերը:

Պատրիարքարանի պաշտոնական հաղորդագրության համաձայն` Սերդար Քըլըչը գոհունակություն է հայտնել Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ ունեցած առաջին հանդիպման կապակցությամբ և հույս հայտնել, թե երկու երկրների տեսակետի համաձայն, փոխադարձ առողջ քայլերով պետք է հող նախապատրաստվի դրական զարգացումների համար:

Պատրիարք Մաշալյանը ուրախություն է հայտնել թուրք դիվանագետի այցի առիթով և մաղթել, որ հաջողությամբ պսակվի Սերդար Քըլըչի ստանձնած դիվանագիտական առաքելությունը: Նա ընդգծել է, որ քաջալերում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը և համոզմունք հայտնել, որ բարիդրացիական հարաբերությունները չեն սահմանափակվի երկու երկրներով ու քաղաքներով, այլև խաղաղության ու անդորրության մթնոլորտ կձևավորեն ամբողջ տարածաշրջանում՝ դուռ բացելով տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումնների համար:

XS
SM
MD
LG