Մատչելիության հղումներ

Էրդողան՝ «Թուրքիան կբացի սահմանը, եթե Հայաստանը հավատարիմ լինի հարաբերությունների բարելավման գործընթացին»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ

Աֆրիկայից տուն վերադառնալու ճանապարհին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օդանավում լրագրողների հետ զրույցում խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին:

«Անկարան կարող է բացել սահմանները և վերականգնել դիվանագիտական կապերը, եթե Երևանը հավատարիմ լինի երկու երկրների հարաբերությունների բարելավման գործընթացին», - ասել է Թուրքիայի ղեկավարը:

Նրա խոսքով` Անկարայում գիտեն, որ Հայաստանը «որոշ կոնկրետ ակնկալիքներ ունի, մասնավորապես` սահմանները բացելու և դիվանագիտական կապեր հաստատելու վերաբերյալ»:

«Եթե Հայաստանը հավատարիմ մնա երկու բանագնացների {Սերդար Քըլըչ և Ռուբեն Ռուբինյան} նախաձեռնած գործընթացը շարունակելու գաղափարին, մեզ համար այլևս չի լինի այնպիսի բան, ինչպիսին փակ դռներն են», - ասել է Էրդողանը:

Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում: Երկու բանագնացները վաղը Վիեննայում պետք է երկրորդ հանդիպումն անցկացնեն:

XS
SM
MD
LG