Մատչելիության հղումներ

Կարծում եմ, որ այս հանդիպմանը կողմերը հիմնական հարցերի շուրջ համաձայնության են եկել. թուրք փորձագետ


Թուրք փորձագետը Վիեննայի երեկվա հանդիպումը ևս մեկ քայլ է համարում սահմանների բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը ուղղված բանակցություններում։

«Բանակցությունների ընթացքը ցույց է տալիս, որ Հայաստանն ու Թուրքիան որոշ նախնական հարցերի շուրջ համաձայնության եկել են», - կարծում է Թուրքիայի Քոջաելի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Իրֆան Քայա Ուլգերը:

Փորձագետի գնահատմամբ, Վիեննայի երեկվա հանդիպումը ևս մեկ քայլ էր սահմանների բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը ուղղված բանակցություններում. - «Սպասվում էր, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Երևանում կամ Անկարայում, բայց որոշվեց միջազգային կառույցների կենտրոնակայաններից մեկում ՝ Վիեննայում անցկացնել: Կարծում եմ, որ այս հանդիպմանը կողմերը հիմնական հարցերի շուրջ համաձայնության են եկել»:

Պրոֆեսոր Ուլգերը դժվարանում է ասել, թե ինչ համաձայնություններ են դրանք։ Ասում է՝ գործընթացը բավականին փակ ու գաղտնի է ընթանում, քանի դեռ հստակ որոշումներ չեն կայացվել: Բայց բանակցությունների դինամիկան վկայում է, որ կողմերը կարգավորման հարցում քաղաքական կամք ունեն. - «Դիվանագիտական բանակցությունների տրամաբանության համաձայն, կողմերը հայտարարություն չեն անում, քանի դեռ որոշակի համաձայնություն չի կայացվել: Բայց այստեղ կարևոր է կողմերը պատրաստակամությունը: Թուրքիան Ղարաբաղի օկուպացիայի պատճառով Հայաստանի հանդեպ կոշտ դիրքորոշում էր որդեգրել, սակայն հիմա տեսնում ենք, որ Թուրքիան Կովկասում խաղաղություն է ուզում: Եթե Հայաստանի ղեկավարությունը սփյուռքի դրդմամբ Թուրքիայի նկատմամբ ծայրահեղ պահանջներ, օրինակ տարածքային նկրտումներ չներկայացնի, բանակցությունները կարող են հանգեցնել հարաբերությունների կարգավորման ու տնտեսական կապերի ակտիվացման շուրջ համաձայնության: Չենք կարող իմանալ, թե բանակցային սեղանին ինչ հարցեր են դրված և մինչև վերջնական արդյունքի ի հայտ գալը, այս հանգամանքները սովորաբար գաղտնի են պահվում: Կարծում եմ, ժամանակի ընթացքում ավելի հստակ պատկեր կունենանք: Բայց փաստ է, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ շատ դրակամ մոտեցում ունի»:

Նախօրեին Վիեննայում կայացած բանակցությունների երկրորդ փուլից հետո պաշտոնական Երևանն ու Անկարան հայտարարեցին՝ վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչպես կողմերը պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում:

Հայ և թուրք բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումից հետո երկու երկրների ԱԳ նախարարությունները նույնաբովանդակ ու հակիրճ հայտարարություն էին տարածել՝ տեղեկացնելով, որ վերահաստատել են գործընթացը առանց նախապայմանների շարունակելու իրենց պատրաստակամությունը:

Քոջաելիի համալսարանի պրոֆեսորի կարծիքով, բանակցությունները առանց նախապայմանների են մեկնարկել, սակայն հայ-թուրքական կարգավորման գործընթացը մեծապես կախված է հայ-ադրբեջանական հաշտեցումից: Անկարան քանիցս հայտարարել է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը էականորեն կազդի նաև Երևան-Անկարա երկխոսության վրա:

Թուրք քաղաքագետի համոզմամբ, սահմանների բացումը նաև այս հանգամանքից է կախված. - «Մեծ հաշվով, հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումը կախված է նաև, թե երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ կստորագրվի այդ խաղաղության պայմանագիրը: Նոյեմբերի 10-ի համաձայնագրից հետո բանակցային գործընթաց է գնում, սահմանազատման հարցի շուրջ աշխատելու համար հանձնաժողով է ստեղծվել: Կարծում եմ, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցությունները զուգահեռ գործընթացներ են, և երբ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, Թուրքիան Հայաստանի հետ կարգավորման ճանապարհին մեծ քայլեր կանի»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն և բանակցություններում Հայաստանը ներկայացնող Ռուբեն Ռուբինյանն հրավիրվել են Թուրքիա մասնակցելու մարտին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին: Երևանը դեռ հստակ պատասխան չի տվել այս միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ՝ հայտարարելով, թե նաև Վիեննայի հանդիպման արդյունքներից է կախված իրենց դիրքորոշումը:

Իրֆան Քայա Ուլգերի համոզմամբ, Հայաստանի մասնակցությունը էական նշանակություն կունենա բանակցային գործընթացում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG