Ավարտվել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստը` նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ, որի ժամանակ քննարկվել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման հարցը։
Պուտինը խորհրդի անդամներին հորդորում էր ելույթ ունենալ և հստակ ասել՝ կողմ են նրանք անկախության ճանաչմանը, թե ոչ: Բոլորն ասացին` կողմ են։
Նիստի ավարտին Վլադիմիր Պուտինը շնորհակալություն հայտնեց` հավելելով, որ որոշումն այսօր կկայացնի:
Իրավիճակն Ուկրաինայի արևելքում այսօր խիստ սրվել է
Մինչ արևմտյան առաջնորդները հայտարարում են, որ Ռուսաստանը բավականին ուժ է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին և պատրաստ է լայնածավալ ներխուժման ցանկացած պահի, ռուսական կողմը հայտնում է, որ ուկրաինական դիվերսիոն խմբերը հատել են Ռուսաստանի սահմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Կոնգրեսում շրջանառվող նախագծի համաձայն Ռուսաստանը հռչակվելու է ահաբեկչությունը հովանավորող երկիրԻրավիճակն Ուկրաինայի արևելքում այսօր խիստ սրվել է. ռուս զինվորականները հայտնել են ՌԴ սահմանը հատած Ուկրաինայի զինված ուժերի երկու մարտական մեքենաների ոչնչացման մասին: Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում նշված է, որ փոխհրաձգության ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի երկու ռազմական մեքենաներ իբր մտել են Ռուսաստան դիվերսանտներին տարհանելու համար և ոնչացչվել, ինչպես նաև ոչնչացվել են 5 դիվերսանտներ: Ռուսական կողմը, ըստ այդ հաղորդագրության զոհեր և վիրավորներ չունի:
Ռուսական պետական գործակալությունները հայտնում են նաև Դոնեցկի օդանավակայանի մոտ հրետակոծության մասին: Ավելի վաղ ռուսական կողմը հայտնել էր, թե իբր ուկրաինական երկու ռեակտիվ արկեր պայթել են հենց Ռուսաստանի տարածքում: Ուկրաինան սա հերքում է` հավելելով, թե Դոնբասի անջատողականներն են ավելացրել ուկրաինական տարածքի վրա հարձակումների թիվը: Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական քարոզչությունը շարունակում է կեղծիքներ տարածել: Նրա խոսքով` Ռուսաստանի տարածքում` Ռոստովի մարզում, ուկրաինական ռեակտիվ արկերի պայթյունների մասին հաղորդագրությունը կեղծ է:
Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների իշխանությունները դիմել են Ռուսաստանի նախագահին
Օրվա վերջում հայտնի դարձավ, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների իշխանությունները դիմել են Ռուսաստանի նախագահին` անկախությունը ճանաչելու և անվտանգության ոլորտում համաձայնագրեր կնքելու խնդրանքով, իսկ վաղն էլ Պետդումայում նորից քննարկելու են երկու ինքնահռչակ հանրապետություններում ստեղծված իրավիճակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան հայտարարում է Ուկրաինայի տարածքից Ռոստովի մարզի հրետակոծության մասինԱնցած շաբաթ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը դիմել էր նախագահին այդ ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու կոչով։ Վերլուծաբանները չեն բացառում, որ Մոսկվան արագացված ռեժիմով ճանաչի այդ հանրապետությունների անկախությունը։ Արևմուտքը արդեն հայտարարել է, թե դրա պատասխանը կլինեն նոր կոշտ պատժամիջոցները։ Պետդումայի խոսնակը, սակայն, նախօրեին հայտարարել էր, թե Մոսկվային արդեն չեն վախեցնում արևմտյան պատժամիջոցները։
Բայդեն-Պուտին բանակցություններ դեռ նախատեսված չեն
Մինչդեռ առավոտյան խոսվում էր ուկրաինական ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հնարավորության և ԱՄՆ ու Ռուսաստանի նախագահների նոր բանակցությունների մասին, որի մասին սկզբունքային պայմանավորվածություն էր ձեռք բերվել նախ Պուտին-Մակրոն, ապա Մակրոն-Բայդեն հեռախոսազրույցների ժամանակ:
Կեսօրին, սակայն, Պուտինի մամուլի քարտուղարն ասաց, թե առաջիկայում գոնե նման հանդիպում նախատեսված չէ: Նրա խոսքով՝ Կրեմլը «չի բացառում» նախագահների միջև բանակցությունների հնարավորությունը, սակայն այս պահին Պուտին-Բայդեն գագաթնաժողով կազմակերպելու կոնկրետ պլաններ չկան, և դրա մասին խոսելը «վաղաժամ» է։
Ֆրանսիայի նախագահի գրասենյակի պաշտոնական հաղորդագրությունում միևնույն ժամանակ ասված էր, թե Պուտինն ու Բայդենը սկզբունքորեն համաձայնել են նոր բանակցություններ անցկացնել, եթե Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին իր հերթին հաստատել էր նախնական համաձայնությունը։ «Մենք միշտ պատրաստ ենք դիվանագիտության: Մենք պատրաստ ենք նաև անհապաղ և կոշտ պատասխանի, եթե Ռուսաստանը դրա փոխարեն ընտրի պատերազմը: Այս պահին, ըստ երևույթին, Ռուսաստանը շարունակում է պատրաստվել Ուկրաինայի դեմ լայնածավալ գործողությունների, որը կարող է տեղի ունենալ շատ շուտով», - ասել է Սաքին։
Մակրոն-Պուտին գիշերվա հեռախոսազրույցից հետո Ելիսեյան պալատը հաղորդագրությունում նշել էր նաև, թե Ռուսաստանի նախագահն ասել է, որ դուրս կհանի զորքերը Բելառուսի տարածքից զորավարժություններից հետո։ Մինչդեռ Բելառուսի պաշտպանության նախարարը երեկ հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները, որոնք պետք է ավարտվեին փետրվարի 20-ին:
Վիկտար Խրենինը նշել է, թե որոշումն ընդունվել է Ռուսաստանի և Բելառուսի արտաքին սահմանների մոտ ռազմական ակտիվության ևաԱրևելյան Ուկրաինայում լարվածության աճի պատճառով:
Ռուսաստանը, Արևմուտքի առաջնորդների և հետախուզության պնդմամբ, շարունակում է զորքերի կուտակումը Ուկրաինայի հետ սահմանին, ընդ որում տարբեր ուղղություններով։
NBC հեռուստաընկերությունը, վկայակոչելով Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրները, հայտնել է երեկ ուշ երեկոյան, թե ԱՄՆ հետախուզական ծառայությունները տեղեկություններ ունեն, որ ռուսական ռազմական հրամանատարությանը հրահանգվել է պատրաստ լինել Ուկրաինա ներխուժելուն։
Կրեմլի խոսնակն արևմտյան երկրներին մեղադրել է սադրիչ գործողությունների մեջ, պնդելով, թե հարձակման մասին, հատկապես հարձակման կոնկրետ օրվա մասին խոսելը «նպաստում է լարվածության աճին»։
«Իրադրությունը սրված է շփման գծի երկայնքով, ապա ցանկացած կայծ, ցանկացած չնախատեսված միջադեպ կամ ցանկացած պլանավորված մանր սադրանք, կարող է անդառնալի հետևանքներ ունենալ», - ասել էր Պեսկովը։
Իրավիճակը Ուկրաինայի արևելքում կտրուկ սրվել էր փետրվարի 17-ին, մի քանի օրում Լուգանսկից և Դոնեցկից մի քանի տասնյակ հազար մարդ է տարհանվել Ռուսաստանի տարածք։ Ինքնահռչակ հանրապետությունների իշխանությունները խոսում են մեկ միլիոն մարդ տարհանելու ծրագրերի մասին, իսկ Կրեմլի խոսնակը այսօր նշել է, թե Դոնբասի բնակիչների տարհանման պատճառը Ուկրաինայի զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողություններն են։