Մատչելիության հղումներ

Ժոզեպ Բորել. «Սանկցիաները պատրաստ են, բայց դեռ դիվանագիտության ժամանակն է»


Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հակամարտության գոտում։ Արխիվ, Լուգանսկայա գյուղ, Ուկրաինա, 5 հունվարի, 2022թ.
Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հակամարտության գոտում։ Արխիվ, Լուգանսկայա գյուղ, Ուկրաինա, 5 հունվարի, 2022թ.

Սանկցիաների հարցը կլուծվի արտակարգ նիստում

Եվրոպական միությունն արդեն կազմել է Ռուսաստանի նկատմամբ նոր խիստ պատժամիջոցների կոնկրետ ցանկ, բայց դեռ հույսը կապում է դիվանագիտության հետ: Այդ մասին այսօր Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի նախարարների ժողովից առաջ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

Նա վկայալոչել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ով ասել է, թե «ամենավտանգավոր թշնամին խուճապն է»: Բորելի փոխանցմամբ, Ուկրաինայի իշխանությունները «խիստ մտահոգված են, սակայն վախեցած չեն»:

Բրյուսելում Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչն ասել է, թե երբ և ինչ պայմաններում կարող են ուժի մեջ մտել պատժամիջոցները:

«Ես պահանջված պահին կգումարեմ արտաքին հարաբերությունների խորհրդի արտակարգ նիստ և կներկայացնեմ պատժամիջոցները: Ես դա կանեմ, երբ գա դրա անհրաժեշտությունը, արտակարգ նիստ կլինի, քանի որ պատժամիջոցների հարցը տնօրինում է արտաքին հարաբերությունների խորհուրդը», - հայտարարել է Բորելը և ավելացրել, թե հուսով է, որ այդ պահը չի գա, քանի որ դիվանագետներն ամեն բան անում են պատերազմ թույլ չտալու համար:

Եվրամիությունը ցանկացած ձևաչափի բանակցությունների աջակից է

Բորելի խոսքով, դեռ դիվանագիտության ժամանակն է: Եվրոպական միությունը դիվանագիտական բոլոր միջոցների կողմնակից է, այդ թվում արտահերթ գագաթնաժողովների, նախարարների հանդիպումների, և ողջունում է բանակցությունների մնացած ձևաչափները, միայն թե լիդերները նստեն սեղանի շուրջ և կանխեն հնարավոր լայնածավալ պատերազմը:

Նա այդպես արձագանքել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հավանական հանդիպման մասին լուրին, որը նախօրեին երեկոյան հաղորդել է Փարիզը:

Նախագահներ Էմանյուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո Ելիսեյան պալատը հայտնել է, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ղեկավարները սկզբունքորեն հավանություն են տվել հանդիպմանը, սակայն դրա անցկացման վայրն ու ժամկետը դեռ հայտնի չէ: Ամերիկյան կողմի նախապայմանն այն է, որ մինչ այդ պատերազմ չսկսվի:

«Նախ դիվանագիտություն, ապա զենք ու զինամթերք և հետո պատժամիջոցներ»

Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հրավիրված է նաև Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավար Դմիտրո Կուլեբան:

Ժողովից առաջ նա նույնպես է ողջունել Բայդենի և Պուտինի հնարավոր հանդիպումը և միաժամանակ ընդգծել է հարկ եղած դեպքում պատժամիջոցներին դիմելու կարևորությունը:

«Այլևս անցել է ժամանակը, երբ հանգիստ խղճով տուն վերադառնալու համար բավական էր խոսքեր ասել, հիմա պետք է որոշումներ ընդունել»,- ասել է Կուլեբան՝ իր այդ ուղերձը հասցեագրելով Արևմուտքին:

Դմիտրո Կուլեբա
Դմիտրո Կուլեբա

Նրա համոզմամբ, Ուկրաինային պետք է նախ օգնել դիվանագիտական ճակատում, ապա տրամադրել զենք ու զինամթերք, իսկ երրորդ քայլը՝ պատժամիջոցների սահմանումն է:

Ժողովից հետո նա ասել է, թե Եվրամիության արտգործնախարարներին այսօր հորդորել է Ռուսաստանի նկատմամբ գոնե մասամբ սահմանել որոշ պատժամիջոցներ:

«Ես այդ կոչն եմ հնչեցրել, քանի որ դրա համար արդեն կան բավարար պատճառներ»,- ասել է Կուլեբան:

Եվրոպան ոչ մարտական զինվորական առաքելություն կուղարկի Ուկրաինա

Նրա հայտնել է, որ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի Եվրոպական միությունը խորհրդատվական ուսումնառազմական առաքելություն կուղարկի Ուկրաինա:

«Դա մարտական զորախումբ չէ, սա նոր տարր է Ուկրաինայի և Եվրամիության համագործակցության շրջանակներում, մանրամասները դեռ պետք է հստակեցվեն», - ասել է Կուլեբան՝ ավելացնելով, որ Ռուսաստանին հասցեագրված առավել արդյունավետ ուղերձը կլիներ, եթե Բրյուսելը Եվրամիության անդամության հեռանկար առաջարկեր Կիևին և «հայտներ ռուսներին, որ Ուկրաինան մեզնից մեկն է»»:

Այնուամենայնիվ Եվրամիությունը մտադիր չէ հենց այս պահին նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի նկատմամբ:

Ռուսական բանկերը՝ սանկցիաների թիրախ

Սանկցիաների թեման ակտիվորեն քննարկվում է նաև Վաշինգթոնում: Ըստ Reuters լրատվական գործակալության, ամերիկյան վարչակարգը կազմել է պատժամիջոցների նախնական փաթեթ, որով ենթադրվում է արգելել ռուսական խոշոր բանկերի գործարքների իրականացումը:

Եթե ռուսները ներխուժեն Ուկրաինա՝ ամերիկյան և ռուսական բանկերը չեն կարողանա միջազգային վճարումներ իրականացնել:

Վերջնական ցուցակը դեռ հայտնի չէ, սակայն շատ հավանական է, որ դրանում կընդգրկվեն ВТБ-ն, Сбербанк-ը, ВЭБ.РФ-ը (նախկին անունը՝ Vnesheconombank) և Газпромбанк-ը:

«Ռուսաստանը կարող է պատերազմ հայտարարել Ուկրաինայի ժողովրդին»

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այսօր ասել է, թե ամեն բան վկայում է, որ ռուսները շարունակում են պատրաստվել խոշոր ներխուժման Ուկրաինայի տարածք:

Ջեյք Սալիվան
Ջեյք Սալիվան

«Դա կլինի արյունալի բախում, պատերազմ, որը Ռուսաստանը կհայտարարի Ուկրաինայի ժողովրդին՝ նրան ճնշելու, ջախջախելու, վնասելու նպատակով։ Այդ մասին ենք ահազանգել ՄԱԿ-ում: Աշխարհը պետք է միավորվի և կանխի ռուսական տանկերի ներխուժումն Ուկրաինա, ինչը կարող է տեղի ունենալ առաջիկա ժամերին կամ օրերին», - ասել է Սալիվանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG