Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսում շրջանառվող նախագծի համաձայն Ռուսաստանը հռչակվելու է ահաբեկչությունը հովանավորող երկիր


ԱՄՆ կոնգրեսի անդամ Ջո Ուիլսոն
ԱՄՆ կոնգրեսի անդամ Ջո Ուիլսոն

Ուկրաինայի շուրջ Ռուսաստան-Արևմուտք սրվող լարվածության ֆոնին Միացյալ Նահանգները պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել անձամբ նախագահ Պուտինի նկատմամբ, Ռուսաստանին հեռացնել միջբանկային փոխանցումների միջազգային SWIFT համակարգից՝ Մոսկվան հռչակելով ահաբեկչությունը հովանավորող երկիր, ինչպես Իրանն է կամ Հյուսիսային Կորեան, «Ազատության» հետ զրույցում ասաց Հարավային Կարոլինայից ընտրված հանրապետական կոնգրեսմեն Ջո Ուիլսոնը։

74-ամյա Ուիլսոնը, ով «Պուտինի պատասխանատվության ակտի» (Putin Accountability Act) հեղինակներից է, հավելեց, որ նախագծով պատժամիջոցների ներքո են ընկնելու Ռուսաստանի կառավարության բոլոր անդամներն ու Կրեմլին մոտ կանգնած օլիգարխները, և որ ԱՄՆ օրենսդիր մարմնում նախագծի ընդունմանն են միացել արդեն չորս տասնյակ կոնգրեսականներ։

Պուտինի Ուկրաինա ներխուժման պարագայում նախագիծը կըդունվի, վստահեցրեց ԱՄՆ Կոնգրես անընդմեջ ավելի քան 20 տարի ընտրվող հանրապետական գործիչը. - ««Պուտինի պատասխանատվության ակտը» կոնկրետ պատժամիջոցներ է սահմանում Պուտինի, նրա ընտանիքի, իր շրջապատի նկատմամբ։ Կարծում եմ, որ օլիգարխները, որոնք գործում են մաֆիայի նման, տարածել են իրենց իշխանությունը Ռուսաստանի Դաշնությունում, ժողովրդի իրավունքներն ոտնահարվում են, մարդկանց հետապնդում են։ Նույն ձեռքերում են հայտնվել նավթը, փողը և իշխանությունը, և այս ամենը վերածել է Ռուսաստանը ահաբեկչության հովանավորի, ինչպես ականատես եղանք Սիրիայում»։

Կոնգրեսմենի խոսքով, ակտը նաև պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի, այսպես կոչված, երկրորդային պարտքի նկատմամբ։ Սա նշանակում է, որ ռուսաստանյան պետական պարտատոմսերը գնած որևէ մեկը հետո այն չի կարողանա վաճառել մեկ ուրիշին, կամ պետք է հետ վաճառի Ռուսաստանի կառավարությանը, ինչի հետևանքով միջազգային ֆինանսական շուկաներում պարզապես կհրաժարվեն գնել ռուսաստանյան պարտատոմսերը:

«Պուտինի պատասխանատվության ակտի» ընդունմամբ կարգելվի Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանից Գերմանիա գնացող Nord Stream-2 գազատարի գործարկումը, որով տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ պետք է հոսի։

Ջո Ուլիսոնի ներկայացմամբ, նախագիծը օրենքի ուժ ստանալու դեպքում, փաստորեն կսառեցվեն, Ռուսաստանի նախագահի, կառավարության անդամների, Կրեմլի օլիգարխների արտերկրում գտնվող միջոցները, նրանք չեն կարողանա որևէ գործարք կատարել Ռուսաստանի սահմաններից դուրս. - «Ակտի ընդունմամբ, Պուտինը, նրա կառավարության անդամները և օլիգարխները կառանձնացվեն, անհնար կդառնա նրանց կողմից արտերկրում ներդրում կատարելը, ինչը նրանք անում են և ինչը չի բխում Ռուսաստանի ժողովրդի շահերից։ Նրանք պարզապես չեն կարողանա միջոցներ փոխանցել։ Ռուսաստանը դուրս կմղվի SWIFT համակարգից, որը կսահամանափակի ռուս օլիգարխների հնարավորությունները, որոնք կառավարում են այդ երկիրը»։

SWIFT-ից Ռուսաստանի հեռացումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի համար. ԿԲ նախագահ

Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերն է, և Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների խստացումը ի՞նչ հետևանքներ կթողնի հայաստանյան տնտեսության վրա։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին ամսվա սկզբին հարցրել էինք՝ SWIFT-ից Ռուսաստանի հեռացումը ի՞նչ ազդեցություն կթողնի Հայաստանի վրա։

Գլխավոր բանկիրը հակիրճ էր. - «Մեկ բառով փորձեմ պատասխանել՝ ծանր»։

2014-ը տնտեսական աճով և Ղրիմի բռնազավթմամբ փակած Ռուսաստանը արդեն հաջորդ տարի՝ 2015թ.-ին 2 տոկոսանոց տնտեսական անկում ապրեց՝ ըստ այդ երկրի պետական վիճակագրական կոմիտեի։ Սակայն այն ժամանակ սահմանված ամերիկյան և եվրոպապական պատժամիջոցները անհամեմատ մեղմ էին այսօր նախատեսվածից։

XS
SM
MD
LG