Մատչելիության հղումներ

Պուտինի նպատակը մշտապես եղել է նախկին կայսրության հնարավորինս շատ մասերը մեկտեղ հավաքելը․ փորձագետ


Պուտինի ռազմավարական նպատակը մշտապես եղել է նախկին կայսրության հնարավորինս շատ մասերը կրկին մեկտեղ հավաքելը, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Atlantic Concill հետազոտական կենտրոնի փորձագետ Բրայան Ուիթմորը։

Նրա խոսքով՝ այս առումով՝ Մոսկվայի տեսանկյունից Ուկրաինան և Բելառուսը առաջնահերթ նպատականեր են։ «Սա մի մոլուցք է, որ ունի Ռուսաստանը, որ ունի Պուտինը», - ասաց փորձագետը։

«Անկախ նրանից, թե ինչպես կհանգուցալուծվի Ուկրաինայի շուրջ ճգնաժամը, անկախ նրանից Ռուսաստանը կներխուժի, թե ոչ, մի բան անմիջապես կատարվում է մեր քթի տակ․ Ռուսաստանն ավարտել է այն, ինչ ես կոչում եմ Բելառուսի փափուկ բռնակցում։ Անկախ այս հակամարտության հանգուցալուծումից, Բելառուսը փաստացի կդառնա Ռուսաստանի ևս մեկ ռազմական շրջան։ Դրանով ռուսական ռազմական ուժն անմիջապես կբերվի դեպի ՆԱՏՕ անդամ երկրների՝ Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի սահմաններին։ Այս երկրները չափազանց մտահոգված են, նրանք ուզում են, որ այստեղ լինեն ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի ավելի շատ զորքեր», - ասաց փորձագետը՝ նշելով, որ սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ի արևելյան եզրում սա անվտանգային հավասարման ամենանշանակալի փոփոխությունն է։

Նախկինում Բելառուսը բուֆերային պետության դեր էր կատարում, նա այլևս դա չի անում, նկատեց Բրայան Ուիթմորը՝ շեշտելով՝ Բելառուսում տեղակայված զորքերը անշուշտ կապ ունեն Ուկրաինա հնարավոր ներխուժման հետ ու պետք է ուշադիր հետևել դրան։

«Ռուսաստանի անմիջական նպատակը Ուկրաինան է, որովհետև 30 հազարանոց ռուսական զորքը, որ մտել է Բելառուս և տեղակայվել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով, կարծում եմ, որ մի քանի ժամում կարող է հասնել Կիև։ Արևելքից ներխուժող ռուսական զորքի համար կպահանջվեր անցնել ողջ Արևելյան Ուկրաինան, անցնել Դնեպր գետը», - ասաց փորձագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG