Իրավիճակն Ուկրաինայում «կարող է արագ փոխվել». Բայդենը կոչ է արել ամերիկացիներին հեռանալ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Ուկրաինան՝ զգուշացնելով՝ իրավիճակն այդ երկրում «կարող է շատ արագ փոխվել»։

«Մենք գործ ունենք աշխարհի ամենամեծ բանակներից մեկի հետ»,- պնդել է Սպիտակ տան ղեկավարը NBC News-ին տված հարցազրույցում, ապա հավելել՝ Ռուսաստանը ոչ միայն չի թուլացնում լաարվածությունը, այլև նորանոր ուժեր է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին։

«Ամերիկայի քաղաքացիները պետք է հեռանան, պետք է հեռանան հիմա։ Սա բոլորովին այլ իրավիճակ է, և ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել», - ասել է Բայդենը:

Միացյալ Նահանգների առաջնորդը միաժամանակ վերստին շեշտել է, թե ոչ մի պարագայում, նույնիսկ ռուսների ներխուժման դեպքում Ամերիկան զորք չի ուղարկի Ուկրաինա՝ նույնիսկ ամերիկացիներին փրկելու համար. «Դա կլինի համաշխարհային պատերազմ, եթե ամերիկացիներն ու ռուսները սկսեն կրակել միմյանց վրա, մենք կհայտնվենք բոլորովին այլ աշխարհում»:

Նա նշել է` «եթե Վլադիմիր Պուտինը բավական հիմար գտնվի՝ ներխուժում սկսելու համար, ապա ինքը բավականին խելացի կլինի և չի անի որևէ բան, որը կարող է բացասաբար ազդել Ամերիկայի քաղաքացիների վրա»։

Գտնվում ենք մի վիճակում, երբ ներխուժումը կարող է սկսվել ցանկացած պահի. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին այսօր ասել է, թե Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա անգամ Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ։

«Մենք շարունակում ենք տեսնել ռուսական էսկալացիայի անհանգստացնող նշաններ, ներառյալ` նոր ուժեր, որոնք ժամանում են Ուկրաինայի սահման: Մենք գտնվում ենք մի վիճակում, երբ ներխուժումը կարող է սկսվել ցանկացած պահի, այդ թվում՝ Օլիմպիական խաղերի ժամանակ»,- ասել է Էնթոնի Բլինքենը։

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը Ուկրաինան ներառել էր վտանգավոր երկրների «կարմիր ցուցակում», ուր Ամերիկայի քաղաքացիներին մեկնել խորհուրդ չի տրվում։

Մինչ այդ՝ անցած ամիս, Պետդեպարտամենտը Կիևում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների մի մասին թույլատրել էր լքել Ուկրաինան կամավոր հիմունքներով, իսկ նրանց ընտանիքներին հրահանգել էր հեռանալ։ Կիևից իրենց դիվանագետների տարհանման մասին հայտարարել են նաև Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան և Ավստրալիան։ Երեկ էլ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, թե հետևելով Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի օրինակին՝ Մոսկվան նույնպես հնարավոր է մասամբ տարհանի իր դիվանագիտական կորպուսը Ուկրաինայից, ընդ որում ռուսական կողմը շարունակում է պնդել, թե ինքը հարձակման ծրագրեր չունի, սրա հետ մեկտեղ հավելելով, որ գուցե ինչ-որ բան Ուկրաինայի հետ կապված նախապատրաստում է Արևմուտքը:

Հանդիպում են Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խուլի և համրի զրույց». Լավրովը` բրիտանացի գործընկերոջ հետ բանակցությունների մասին

Սառը պատերազմի ավարտից ի վեր ռուս-արևմտյան ամենասուր այս ճգնաժամը քննարկելու համար այսօր Մոսկվայում հեթական հանդիպումն է անցնում Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարների միջև։ Երեկ էլ երկու երկրների արտգործնախարարներն էին հանդիպել։ Բացի այդ, նախօրեին էլ տեղի էր ունեցել հանդիպում «նորմանդական ձևաչափով»՝ Ռուսաստանի, Գերմանիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի առաջնորդների քաղաքական խորհրդականների միջև։

Բանակցությունները, սակայն, արդյունք չեն տվել, կողմերին չի հաջողվել հաղթահարել Մինսկի համաձայնագրերի մեկնաբանման հետ կապված տարաձայնությունները, ասել էր Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը` հավելելով, թե ուկրաինական կողմը հրաժարվում է քննարկել Դոնբասի հետկոնֆլիկտային կարգավիճակի հարցը։ Մոսկվան պնդում է, որ Դոնբասը պետք է հատուկ կարգավիճակ ունենա Ուկրաինայի կազմում, Կիևը հակադարձում է՝ դա կործանարար կլինի Ուկրաինայի պետականության համար։

Զորավարժությունները շարունակվում են

Բարդ բանակցություններին զուգահեռ Մոսկվան ամրապնդում է ռազմական հզորությունները։ Այս օրերին ռուսական բանակը շարունակում է լայնածավալ զորավարժությունները Ուկրաինայի սահմաններից քիչ հեռու՝ Բելառուսի տարածքում։ Ռուսաստանն էլ այսօր հայտարարել է, թե հաջորդ շաբաթվանից՝ հինգ օր շարունակ, Սև և Ազովի ծովերի օդային տարածքում մի քանի գոտի լինելու է վտանգավոր թռիչքների համար։ Իսկ ավելի վաղ ռուս զինվորականները հայտարարել էին Սև ծովում և Միջերկրականում ծովային խոշոր զորավարժությունների անցկացման մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Յենս Ստոլտենբերգ. «Եվրոպայում առկա է ռազմական բախման վտանգ»