Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկել են ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունները


Այսօր Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ «Դաշնակիցների վճռականություն-2022» զորավարժությունները։

Տասնօրյա զորավարժությունների ընթացքում երկու երկրների զինված ուժերը կմշակեն Բելառուսի և Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների և Ուկրաինայի հիպոթետիկ ագրեսիան ետ մղելու, ահաբեկչությանը դիմակայելու և Միութենական պետության շահերը պաշտպանելու խնդիրներ։ Այս մասին հայտնել է ՊՆ-ն:

Զորավարժություններին հավանություն են տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն դեռևս դեկտեմբերին։

Զորավարժություններին մասնակցող զինվորականների և տեխնիկայի քանակը չի հայտարարվել։ Հայտնի է, որ Ռուսաստանը Բելառուս է ուղարկել S-400 զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոններ, Pantsir-S զենիթահրթիռային և հրազենային դիվիզիոն, Սու-35Ս բազմանպատակային կործանիչներ և Սու-25ՍՄ հարվածային ինքնաթիռներ։

Ռուսական զորքերի և տեխնիկայի լայնածավալ տեղափոխումը երկիր՝ զորավարժությունների պատրվակով, անհանգստություն է առաջացրել արևմտյան երկրներում և Ուկրաինայում։

Ռուսական զորքերը կենտրոնացած են բելառուսա-ուկրաինական սահմանի մոտ։ Արևմուտքը վախենում է, որ Ռուսաստանը զորք է կուտակում այդ տարածքներում՝ Ուկրաինա հետագա ներխուժման համար:

Վերջին հաշվարկներով՝ Ուկրաինայի հետ սահմանների մոտ արդեն կենտրոնացած է մոտ 120 հազար ռուս զինվորական։ Ընդ որում, Բելառուսի սահմանից Կիև հեռավորությունն ավելի քիչ է, քան Ռուսաստանի սահմանից։

XS
SM
MD
LG