Խուլի և համրի զրույց՝ այսպես Ռուսաստանի արտգործնախարարը բնութագրեց իր այսօրվա բանակցությունները բրիտանացի գործընկերոջ հետ։
«Անկեղծ ասած՝ ես փոքր-ինչ հիասթափված եմ․ այս ամենը ինձ հիշեցնում է խուլի և համրի զրույց», - հայտարարեց Սերգեյ Լավրովը։
Ռուս - բրիտանական այսօրվա բանակցությունների գլխավոր թեման Ռուսաստան - Արևմուտք լարվածությունն էր ու հնարավոր հարձակումը Ուկրաինայի դեմ։ Դռնփակ հանդիպումից հետո Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները կրկնեցին նախկինում ներկայացրած դիրքորոշումները՝ կարծես ընդգծելով, որ դրանցում որևէ բան չի փոխվել։ Ռուսաստանը պետք է ետ քաշի զորքերը, զգուշացրեց Բրիտանիայի արտգործնախարարը։
«Ուկրաինայում պատերազմը աղետալի կլինի ռուս և ուկրաինացի ժողովուրդների ու եվրոպական անվտանգության համար, և ՆԱՏՕ-ն հասկացրել է, որ ցանկացած ներխուժում Ուկրաինա կունենա հսկայական հետևանքներ», - ասաց Լիզ Թրասը։
Ռուսաստանի արտգործնախարարը, իր հերթին, կրկին ժխտեց, թե սահմանին կուտակած զորքերով ու Բելառուսի տարածքում սկսված զորավարժություններով Մոսկվան հարձակման է պատրաստվում Ուկրաինայի դեմ։ Ավելին, Լավրովն ասաց, թե արդեն կասկածներ ունի, որ հենց անգլոսաքսերն են ուզում ինչ-որ բան անել Ուկրաինայում։
Պատասխանելով բրիտանացի լրագրողի հարցին, թե ինչ տպավորություն ունի բանակցություններից՝ արդյոք Մոսկվան պատրաստվում է հարձակման, Բրիտանիայի արտգործնախարարն ասաց, թե առաջվա պես տեսնում են զորքերի և ռազմական տեխնիկայի ավելացող կուտակումներ, ինչպես նաև կիբերհարձակումներ Ուկրաինայի դեմ․ - «Անկասկած, հարյուր հազար զինվորականների կուտակումը Ուկրաինայի հետ սահմանին սպառնալիք է Ուկրաինայի համար, և եթե Ռուսաստանը իսկապես ուզում է դեէսկալացնել իրավիճակը, պարզապես պետք է ետ քաշի իր զորքերը սահմանից»։
Լիզ Թրասը Մոսկվա է այցելել՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ լարվածությունն ու ճգնաժամից դիվանագիտական ճանապարհով դուրս գալու հնարավորությունները։ Վաղը ուկրաինական ճգնաժամը Մոսկվայում կքննարկեն երկու երկրների պաշտպանության նախարարները նաև։
Լավրովի հետ բանակցություններին հետևած համատեղ ասուլիսին Թրասը բազմիցս ընդգծեց, որ եվրոպական երկրներն ունեն միասնական դիրքորոշում ուկրաինական ճգնաժամի և ռուսական սպառնալիքի հարցում, ընդգծելով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը հնարավորը կանի Ուկրաինային օգնելու համար։
Առաջիկա մի քանի օրերը կարող են վերջին տասնամյակների ընթացքում ամենավտանգավորը լինել. Ջոնսոն
Եվ մինչ մեծ Բրիտանիայի կառավարության անդամները Մոսկվայում են բանակցում, կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնը մեկնել է Բրյուսել՝ համաձայնեցնելու Լոնդոնի դիրքորոշումները Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ։
Առաջիկա մի քանի օրերը կարող են վերջին տասնամյակների ընթացքում ամենավտանգավորը լինել, հայտարարել է Ջոնսոնը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսին` միաժամանակ ընդգծելով, որ չի կարծում, թե Մոսկվան արդեն կայացրել է հարձակման որոշումը։ Ստոլտենբերգն էլ, իր հերթին, ընդգծել է, թե դաշինքի աջակցության շնորհիվ ուկրաինական բանակն այսօր շատ ավելի պատրաստված է, քան 2014 թվականին։
«Ուկրաինական բանակը, պաշտպանական ուժերն այժմ շատ ավելի ուժեղ են, քան 2014 թվականին: Նրանք ավելի լավ են հագեցված, ավելի լավ պատրաստված, ավելի լավ կառավարվում», - ասել է նա:
Ընդ որում, Ռուսաստանի հետ բանակցություններին զուգահեռ բրիտանացի պաշտոնյաները հայտարարում են, թե Մոսկվան պատրվակներ է ստեղծում ներխուժման համար։ Բրիտանական հետախուզությունը, մասնավորապես պնդում է, թե տեղեկություն է ստացել, որ Ռուսաստանը «կեղծ դրոշի» տակ գործողություն է նախապատրաստում՝ Ուկրաինա ներխուժելու համար։ Reuters-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։
Պուտինը կրկին խոսում է Ռուսաստանի անվտանգության համապարփակ երաշխիքների մասին
Ռուսաստանի առաջնորդը, սակայն, շարունակում է պնդել, որ աշխարհում ռազմավարական կայունությունն ապահովելու համար Մոսկվան պետք է Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից ստանա Ռուսաստանի անվտանգության համապարփակ երաշխիքներ։ Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է այսօր՝ Ռուսաստանում նշվող Դիվանագետի օրվա կապակցությամբ Արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին ուղղված շնորհավորանքում։
«Իրավիճակն աշխարհում գնալով ավելի ու ավելի բուռն ու լարված է դառնում: Այս համատեքստում ռազմավարական կայունությունն ապահովելու և առաջացող սպառնալիքներին ու մարտահրավերներին հակազդելու համար պահանջվում են լրացուցիչ համառ ջանքեր. առաջին հերթին անհրաժեշտ է ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներից ստանալ համապարփակ, օրինականորեն ամրագրված երաշխիքներ մեր երկրի անվտանգության համար», - ասել է նա:
Այս հարցը Կրեմլը շրջանառության մեջ է դրել անցած դեկտեմբերից։ Մոսկվան, մասնավորապես, պահանջում է Վաշինգտոնից և Բրյուսելից գրավոր երաշխիքներ, որ հետխորհրդային Ուկրաինան և Վրաստանը երբեք չեն անդամակցի ՆԱՏՕ-ին, և որ ռազմական այդ դաշինքը կհանի իր ենթակառուցվածքները Ռումինիայի և Բուլղարիայի տարածքներից։ Արևմուտքը Մոսկվայի պահանջները մերժել է․ Վաշինգտոնն ու Բրյուսելը միաժամանակ նշում են, որ պատրաստ են բանակցել Եվրոպայում անվտանգության հարցերի շուրջ Մոսկվայի մտավախությունները փարատելու համար։