Հայկական կողմը վերջին մեկ տարում Ադրբեջանին է վերադարձրել Արցախյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորած համարվող 108 անձի մարմին, առաջիկա օրերին կփոխանցի ևս 2 մասունք: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին՝ արդյոք օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ունեցած հեռավար հանդիպման ընթացքում ձե՞ռք են բերվել պայմանավորվածություններ՝ գերիների և անհետ կորածների խնդրի լուծման ուղղությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Ալիև հեռավար հանդիպում՝ Մակրոնի և Միշելի միջնորդությամբՔննարկվող կարևոր հարցերից մեկը, ըստ Փաշինյանի, եղել է հենց հումանիտար հարցերի լուծումը։ Հիշեցրեց՝ այդ հանդիպումից հետո 8 հայ գերի վերադարձել է Հայաստան։ Վարչապետը նաև ընդգծեց՝ հայկական կողմը 108 մարմինները վերադարձրել է առանց նախապայմանների:
«Մենք ճիշտ չենք համարում, որ դա դառնա ինչ-որ սակարկության առարկա, որովհետև հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է լինեն: Եվ մենք նույն կերպ վերաբերվել ենք նաև ականապատ դաշտերի քարտեզների հետ՝ վերադարձնելով առանց պայմանի, որպեսզի դա չդառնա սակարկության առարկա, որովհետև մենք չենք կարծում, թե պետք է մարդկանց ճակատագրով սակարկենք», - ընդգծեց Հայաստանի կառավարության ղեկավարը:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի վերականգնման մասին
Նույն հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի վերականգնման մասին։ Փաշինյանի խոսքով՝ աշխատանքային խումբ է ձևավորվել, որն արդեն զբաղվում է երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով, քննարկում են տեխնիկական հարցերը, նախագծման և կառուցման աշխատանքների ֆինանսավորումը։
«Մենք պայմանավորվել ենք հետևյալը, որ երկաթուղին պետք է գործի միջազգային կանոններին համապատասխան, երկու երկրների օրենսդրության և սուվերենության շրջանակներում: Ինչը նշանակում է, որ սահմանային անցման կետերում պետք է իրականացվի սահմանային, մաքսային և այլ հսկողության», - ընդգծեց վարչապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու աշխատանքների իրականացման համար հատուկ խումբ է ստեղծվելՓաշինյանի խոսքով՝ Բրյուսելում, Սոչիում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձևակերպել են առաջարկներ և Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես Հայաստանը պատրաստ է իրագործել նաև ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման, կառուցման գործընթացը։
«Այս նախագիծը մենք անվանում ենք ավտոճանապարհների և երկաթուղիների հայկական խաչմերուկ և այդ խաչմերուկի գործարկումը կարող է շրջադարձային կետ լինել Հայաստանի տնտեսության զարգացման և ընդհանրապես Հայաստանի ֆինանսատնտեսական կարողությունների հզորացման առումով», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Սեփական թիմից Փաշինյանին խնդրեցին մանրամասնել նաև՝ ի՞նչ ընթացքում է սահմանազատման և սահմանագծման գործընթացը և ի՞նչ է իրենից ներկայացնում զորքերի հայելային հետքաշման գաղափարը, որը հայկական կողմն առաջարկել է Ադրբեջանին։ Պատմական ակնարկ անելուց հետո վարչապետը կրկին հայտարարեց, որ այս թեմայով կան բազմաթիվ անհիմն շահարկումներ։ Դրանցից մեկն էլ ընդդիմության պնդումն է, թե գործընթացի ընթացքում որոշ հայկական գյուղեր անպաշտպան կման։ Վարչապետը պնդեց, որ չկա այդպիսի բան, և առաջարկների փաթեթում ամեն ինչ հաշվի է առնված։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հաջողվել է համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում«Այդ առաջարկը, որ մենք անում ենք, այնպես չի, որ լիարժեք 100 տոկոսով համապատասխանում է կամ 100 տոկոսով կոմֆորտ է Հայաստանի համար կամ դիսկոմֆորտ է Ադրբեջանի համար: Կա սահմանային գիծ, և մենք կարծում ենք՝ այդ սահմանային գծով պետք է հետքաշում տեղի ունենա, ընդ որում, արձանագրելով, որ սա չի կանխորոշում հետագա դեմարկացիայի արդյունքները, այլ դա պետք է լինի համապատասխան բանակցությունների առարկա: Այս իրավիճակի ոչ ճիշտ մեկնաբանությունը որոշ ուժեր կարող են օգտագործել սահմանին նոր էսկալացիաներ հրահրելու համար և մեզ համար շատ կարևոր է արձանագրել լեգիտիմ, օրինական իրողությունները և արձանագրել, որ ահա կա գործուն այսպիսի մեխանիզմ, լեգիտիմ մեխանիզմ, որը կարող է կանխել հետագա որևէ էսկալացիա», - նշեց վարչապետը:
«Գուցե նեղվո՞ւմ են այլ երկրների ղեկավարը, երբ լսում են, որ Հայաստանի իշխանությունները լեգիտիմ են»
ԱԺ-ում այսօր նաև անդրադարձ եղավ օրեր առաջ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի՝ Հայաստանի վերաբերյալ կոշտ հայտարարություններին: Վերջինս ասել էր, թե «Հայաստանը փախչելու տեղ չունի, կարծո՞ւմ եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են»՝ հիմնավորելով կարծիքը, որ Հայաստանը ևս մաս կկազմի Միութենական պետության, որը, նրա կարծիքով, առաջիկա տարիներին կդառնա իրականություն։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ երեկ այդ հարցով նախարարություն է հրավիրել Հայաստանում Բելառուսի դեսպանին. «Դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքները այն մասին, որ մեր հայտարարությունները միմյանց մասին պետք է հաշվի առնեն և հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, հաշվի առնեն միմյանց շահերը, հաշվի առնեն միմյանց սուվերենությունը»:
Շատ ավելի կոշտ էր վարչապետ Փաշինյանի պատասխանը. «Գուցե նեղվո՞ւմ են այլ երկրների ղեկավարը, երբ լսում են, որ Հայաստանի իշխանությունները լեգիտիմ են, երկիրն էլ՝ ժողովրդավար»։
«Հայաստանում իրադարձություններ են տեղի ունեցել, գիտեք ինչ, դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք փողոցներում քայլելիս, կամ որ ասում են՝ այ, Հայաստանի հետ էսպես են վարվում, բա որ Ղարաբաղում այցելության համար միջազգային հայտնի լրագրողին ձերբակալում, արտահանձնում էին Ադրբեջանին, բա դա Հայաստանի նկատմամբ ապտա՞կ էր, թե՞ ապտակ չէր: Էդ ե՞րբ սկսեց միլիարդների զենքի վաճառքը Ադրբեջանին, բա ո՞ւր էիք, բա ինչի՞ ձեն չէիք հանում», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:
Հայ և թուրք բանագնացների երկրորդ հանդիպմանը կողմերի միջև առարկայական քննարկումներ կսկսվեն. Միրզոյան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Անկարան «համաձայնել են շարունակել բանակցությունները՝ առանց նախապայմանների»Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այսօր նաև անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերություններին։ Փետրվարի 24-ին Վիեննայում տեղի կունենա հայ և թուրք բանագնացների երկրորդ հանդիպումը։ Բանագնացներ Սերդար Քըլըչը և Ռուբեն Ռուբինյանը առաջին անգամ հանդիպել էին հունվարի 14-ին Մոսկվայում։
Արարատ Միրզոյանն այսօր հաստատեց նոր հանդիպման լուրը՝ ասելով, որ երկրորդի ընթացքում արդեն կողմերի միջև առարկայական քննարկումներ կսկսվեն՝ մասնավորապես սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ։
Ի դեպ՝ ԱԳ նախարարը նաև վերահաստատեց, որ մարտին կայանալիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարց չի քննարկվում։ Թուրքական կողմը հրավերն ուղարկել է արտգործնախարարին ու ազգային ժողովի փոխնախագահ, հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։ Արարատ Միրզոյանը այդպես էլ չհստակեցրեց՝ Անկարայի հրավերն ընդունել են, թե՝ ոչ։