Ռուսաստանի փոխվարչապետի ու «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի երևանյան երեկվա բանակցություններից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե շատ մոտ են տարածաշրջանում ուղիների վերագործարկման առաջին արդյունքներին։
Կառավարության ղեկավարը, սակայն, մանրամասներ չհայտնեց. - «Շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները, որովհետև երեկվա այցն ամբողջությամբ եղել է գործնական և նվիրված է եղել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին»։
Հայաստանի փոխվարչապետի գրասենյակի երեկվա հաղորդագրության համաձայն, Մհեր Գրիգորյանի ու Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի երեկվա հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները:
Ճիշտ նույն բովանդակությամբ հաղորդագրություն տարածել է Ռուսաստանի կառավարությունը։
«Գիտեք, որ մենք արդեն այդ թեմայով պայմանավորվածություններ ձեռք ենք բերել, և պայմանավորվածությունների անբաժանելի մաս է հանգամանքը, որ մենք պետք է այդ երկաթուղին կառուցենք և այն պետք է գործի՝ Հայաստանի տարածքում՝ Հայաստանի օրենսդրության շրջանակում, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակում։ Երեկվա այցը, ըստ էության, գործնականացմանն էր ուղղված: Մենք արդեն քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման և շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերը», - կառավարության նիստում այսօր փոխանցեց Փաշինյանը։
Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի կառավարությունը երկաթուղու վերակառուցման նպատակով տասը հոգանոց հատուկ աշխատանքային խումբ ստեղծեց։ Այն ղեկավարում է անցած նոյեմբերին վարչապետի խորհրդական նշանակված, Իրանում Հայաստանի նախկին դեսպան Արտաշես Թումանյանը։
Պաշտոնյան այսօր տեղեկացրեց, որ աշխատանքային խումբը արդեն եղել է Երասխում ու Մեղրիում. - «Աշխատանքային խումբն իսկապես սկսել է իր գործունեությունը։ Առաջին նիստը եղել է արդեն, և հանրապետության առանձին պետական գերատեսչությունների հետ և ռուսական կողմի հետ նախնական նկատառումները կան՝ ինչպես պետք է համագործակցենք։ Իսկապես երեկվա նիստը շատ գործնական էր, ռուսական կողմն իր տեսլականը ներկայացրեց։ Առաջիկա անելիքները պատկերացնում ենք, կարծում եմ՝ հաջողության դեպքում արդյունքներ կունենանք»։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը անցած տարվա դեկտեմբերին «Ազատությանը» տեղեկացրել էր, որ Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 200 միլիոն դոլար, շինարարությունը կտևի մինչև երեք տարի:
Եվ եթե, ինչպես այսօր հայտարարեց վարչապետը, արդեն իսկ քննարկվում են տեխնիկական, ֆինանսական ու շինարարության մեկնարկի հարցերը, արդյոք Մեղրիի հատվածի կառուցումը ֆինանսավորելու է Հայաստանի կառավարությո՞ւնը, թե՞ «Ռուսական երկաթուղիներ»-ը, որն առնվազն մինչև 2038 թվականը ստանձնել է հայաստանյան երկաթգծերի կոնցեսիոն կառավարումը։
Արդյո՞ք Մեղրիի հատվածը ևս հանձնվելու է ռուսական կողմի կառավարմանը, կամ, ի վերջո, ե՞րբ է մեկնարկելու երկաթուղու կառուցումը։ Այս հարցերի պատասխանները չհնչեցին կառավարության նիստում։
Ադրբեջանը, ի դեպ, իր տարածքում արդեն սկսել է շինարարությունը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն այսօր անպատասխան թողեց «Ազատության» հեռախոսազանգերը։ Նույն պատճառով մանրամասներ ճշտել չհաջողվեց նաև ամբողջովին «Ռուսական երկաթուղիներ»-ին պատկանող, Հայաստանում գործող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։
Կառավարության նիստում Գրիգորյանը տեղեկացրեց, որ երկաթգծի վերականգնման հարցով հետայսու պարբերաբար եկկողմ շփումներ են լինելու ռուսական ընկերության հետ, և տպավորված էր «Ռուսական երկաթուղիներ»-ի գործունեությամբ. - ««Ռուսական երկաթուղիներ» կորպորացիան ոլորտում աշխարհի լրջագույն կառույցներից է»։
Թավշյա հեղափոխությունից կարճ ժամանակ անց՝ 2018-ի դեկտեմբերին Քննչական կոմիտեն հայտնեց, թե 2008-2013թթ. ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, չնայած ստանձնած պարտավորություններին, այդպես էլ չի կատարել 428 միլիոն դրամ ներդրումներ, թույլ է տվել կոնցեսիոն պայմանագրի բազմաթիվ այլ խախտումներ։ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի տեղակալն էլ, ով պետք է իրավապահներին հայտներ այդ չարաշահումների մասին, խմբային շահերից ելնելով հաղորդում չի ներկայացրել։ Արդյունքում, ներդրումային միջոցներից հափշտակվել է 428 միլիոն դրամ։
Քննչական կոմիտեից այսօր «Ազատությանը» հայտնեցին, որ քրեական գործը կարճվել է 2020 թվականին։ Թե ինչ հիմքով՝ խոստացան ավելի ուշ պարզաբանել։
Գործը կարճելուն նախորդել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նույն թվականի ապրիլին արված հրապարակային հայտարարությունը, թե Մոսկվան հույս ունի, որ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված «դատական գործըթնացները» կկարգավորվեն։