Երեկ ուշ երեկոյան Քննչական կոմիտեում մոտ 7 ժամ հարցաքննվելուց հետո Ադրբեջանից վերադարձած 8 գերիներից 6-ը հնարավորություն ունեցան տուն գնալու, ևս 2-ը, որոնք ժամկետային զինծառայողներ էին, տեղափոխվեցին Ռազմական ոստիկանություն։
8 գերիներից որևէ մեկը երեկ չձերբակալվեց, երիտասարդների խոսքով, այս պահի դրությամբ Երևան ժամանած խմբից որևէ մեկը չի անցնում քրեական գործով։
Հարազատները տղաներին դիմավորեցին ծափահարություններով։
Ինչպես Գրիգոր Կյուրեղյանը, այդպես էլ մեկ այլ շիրակցի պահեստազորային՝ Վաղարշակ Մալոյանը նշեցին, որ Քննչական կոմիտեում հարցաքննության մնարամասները գաղտնի են։
Վաղարշակն ասաց՝ վստահ է ուշ թե շուտ կվերադառնան նաև Ադբեջանում մնացած մյուս տղաները։ «Նորմալ է սաղ, տղերքը լավ են, սաղ լավ են, հանգիստ եղեք, Աստծո կամոք սաղ էլ կգան կհասնեն։ Ինչպես ինձ կտեսնեք, էդպես էլ մեր տղերքն են։ Սաղի ծնողներին կտեսնեմ, կասեմ, որ իրանց էրեխեքը սաղ լավ են, սաղ հետ էլ կապ ունեցել եմ։ Հարցաքննության եմ եղել, մարդիկ նորմալ վերաբերմունք են ցույց տվել՝ թե՛ ստեղ, թե՛ էնտեղ։ Սաղ լավ է», - ասաց գերությունից վերադարձած զինվորը։
«Ամեն րոպե էր դժվար, բայց երբեք հույսներս չենք կորցրել, որ կվերադառնան»
Անչափ հուզված էին Ադրբեջանից վերադարձած տղաների ծնողներն ու հարազատները, նրանցից որևէ մեկը տեղեկություն չի ունեցել, թե երեկ հնարավոր է գերիներ վերադառնային։
«Բոլորը թող վերադառնան ու կվերադառնան, շնորհակալություն բոլորին, բոլոր կազմակերպություններին, աշխարհին, մեր կառավարությանը, բոլոր բոլորին, ովքեր մասնակից են եղել էս էրեխեքի վերադարձին։ Ահավոր դժվար էր, անչափ դժվար էր, ամեն րոպե էր դժվար, բայց երբեք հույսներս չենք կորցրել, միշտ սպասել ենք։ Ամեն օր սպասել ենք մեր երեխաների վերադարձին, ու ցանկանում եմ՝ բոլորը թող վերադառնան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արմինե Մխիթարյանը։
Ֆրանսիայի կառավարության և Եվրամիության միջնորդությամբ Ադրբեջանից վերադարձած 8 տղաներից 5-ը գերեվարվել էին 2021 թվականի նոյեմբերին Հայաստանի սահմաններին բախումների ժամանակ։ Նոյեմբերին գերեվարված և նախկինում Հայաստան վերադաձած որոշ զինվորկաններ անցնում են քրեական գործով, երեկ վերդարձածներն առայժմ չգիտեն, թե ինչ է սպասվում իրենց։
«Ներկա պահին ոչ մի բան չգիտենք։ Հետագան ինչ կլինի չգիտեմ, կարևորը մեր հողի վրա ենք, հետագան էլ թող մեր հողի վրա լինի ինչ կլինի», - ասաց վերադարձած զինվորներից մեկը։
Խծաբերդից գերեվարվածների պարագայում ավելի քան 1 տարվա, իսկ նոյեմբերին գերեվարվածների դեպքում 3-ամսյա գերությունից հետո վերադարձած նախկին պահեստազորայինները և զինվորականները շտապեցին գնալ տուն՝ հանդիպելու իրենց սպասող հարազատներին։
Ըստ Ադրբեջանի, առնվազն ևս չորս տասնյակ, իսկ, ըստ հայկական աղբյուրների, դրանից ավելի մեծ թվով հայ ռազմագերիներ դեռ Ադրբեջանի բանտերում են։