Բաքվից ու Երևանից հնչող փոխադարձ մեղադրանքների ֆոնին այսօր Ֆրանսիայի նախագահն այսօր տեսակոնֆերանս է անցկացրել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հետ։
Ֆրանսիական կողմի փոխանցմամբ՝ հանդիպումը ուղղված էր Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և հումանիտար համագործակցության զարգացմանը։ Նշվում է, որ տեսակոնֆերանսը անցած տարի դեկտեմբերին Բրյուսելում կայացած առաջնորդների հանդիպումների շարունակությունն է։
Հայաստանի վարչապետի գրասենյակն առայժմ տեղեկություն չի հաղորդել այս տեսակոնֆերանսի մասին։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ անցած դեկտեմբերին կայացած հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները համաձայնության էին հասել երկաթուղու, բայց ոչ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում։ Փաստացի սա կողմերի միջև վիճահարույց գլխավոր հարցերից մեկն է։
Այս օրերին Երևանից ու Բաքվից հնչող հայտարարությունները վկայում են, որ կողմերի միջև տարաձայնությունները պահպանվում են, ընդ որում դա վերաբերում է ոչ միայն ապաշրջափակմանը, այլ նաև հայ – ադրբեջանական սահմանազատմանը։
Հայկական կողմի երեկվահայտարարությունից պարզ դարձավ, որ սահմանազատման հանձնաժողովից բացի, պատոնական Երևանը Հայաստան-Ադրբեջան ավտոճանապարհների բացման մասին է առաջարկություններ արել Բաքվին, բայց մինչ օրս որևէ պատասխան չի ստացել։ Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել այդ առաջարկների իրագործումը։ Այսպես է Արտաքին գործերի նախարարությունը արձագանքել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի կոշտ հայտարարություններին։ Ադրբեջանցի պաշտոնյան Երևանին մեղադրել էր եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը տապալելու համար։
«Վարչապետ Փաշինյանը գնահատելով իրադրությունը հայտարարեց, որ Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի առաջին արդյունքների արձանագրումը շատ մոտ է թվում: Այս համատեքստում Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները առնվազն տարօրինակ են և հույս ունենք երկաթուղու վերագործարկման հարցում Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարում չեն նշանակում։ Հայաստանը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգման գործնական քայլերի փուլում է և աշխատանքային խմբի հայաստանյան համանախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 2-ին Երևանում այս թեմայով առարկայական քննարկում է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ», - հայտարարել է Հայաստանի արգործնախարարության խոսնակը:
Անցած տարեվերջին կողմերին հաջողվել էր համաձայնության հասնել երկաթուղու, բայց ոչ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում։
Պաշտոնական Երևանի պատասխանից պարզ չի դառնում, թե ճանապարհների վերաբերյալ կոնկրետ ինչ առաջարկներ են ներկայացվել Բաքվին։ Փաստացի սա կողմերի միջև վիճահարույց գլխավոր հարցերից մեկն է։
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի կարծիքով, տարաշածրջանային կոմունիկացիաների վերաբերյալ ադրբեջանցի պաշտոնյայի մեղադրանքները շանտաժ են՝ Հայաստանից զիջումներ կորզելու նպատակով. - «Ադրբեջանը ինչ-ինչ հարցերում դեռևս իր բոլոր պահանջների բավարարումը չի ստացել։ Չնայած դա զարմանալի է, որովհետև, կարծես թե, մեր կառավարությունն ամեն ինչ արել է Ադրբեջանին գոհացնելու համար։ Բայց ամեն դեպքում ես այս տրամաբանության մեջ եմ դիտարկում։ Այսինքն՝ շանտաժ Հայաստանի և Ռուսաստանի դեմ՝ էլի ինչ-որ բան Հայաստանից պոկելու համար»։
Երևանը երեկ նաև հայտնել է, որ ադրբեջանական կողմը մերժել է սահմանազատման վերաբերյալ Հայաստանի առաջարկներն ու այլ տարբերակներ չի ներկայացրել։ Այս հայտարարությունից առաջ Ադրբեջանի արտգործնախարարը պնդել էր, թե Երևանը նախապայմաններ է առաջ քաշում՝ առանց մանրամասնելու, թե ինչի մասին է խոսքը։
Երևանից էլ Բաքվին արված առաջարկությունների բովանդակության մասին շատ բան չեն բացահայտում։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը օրերս միայն ասել էր, թե Երևանի առաջարկները բխում են Հայաստանի և Ադրբեջանի զորքերի հայելային հետքաշման և անվտանգության մեխանիզմների ստեղծման հայեցակարգից։ Հայկական կողմը արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ սա ոչ թե նախապայման է, այլ պայմանավորվածությունների իրագործում։
«Եթե այս առաջարկությունները չեն ընդունվում, նշանակում է, որ չի ստեղծվում նաև դելիմիտացիայի, դեմարկացիայի հանձնաժողովը, այսինքն՝ գործընթացը ձգձգվում է։ Միգուցե սրանով Ադրբեջանը ցանկանում է հասկացնել ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին, որ եթե իր մնացած պահանջները չկատարվեն, ապա նմանատիպ քայլերով ինքը կարող է ձգձգել դելիմիտադիայի և դեմարկացիայի հարցերով հանձնաժողովի ստեղծումը և թույլ չտալ իրավիճակի քիչ թե շատ կայունություն»։
Հիշեցնելով նոյմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի ու Արդբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը՝ Երևանից վերահաստատում են, որ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի գործունեությանը պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերումը և դրանց իրագործումը:
«Սա տրամաբանական է նաև այն պատճառով, որ դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանքների իրականացում այն սահմանին, որտեղ ամեն օր տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ», - հայտարարում է արտաքին գործերի նախարարությունը։