Մատչելիության հղումներ

Երևանն ու Անկարան «համաձայնել են շարունակել բանակցությունները՝ առանց նախապայմանների»


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մտավ առարկայական փուլ։

Պաշտոնական Երևանը և Անկարան կառուցողական են որակում իրենց հատուկ բանագնացների միջև այսօր Մոսկվայում կայացած առաջին հանդիպումը։ Շուրջ երկու ժամ շարունակված բանակցություններից հետո Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները բառացի միևնույն տեքստը տարածեցին՝ հայտարարելով, թե համաձայնել են հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։

«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների», - ասված է կողմերի հայտարարություններում։

Նշվում է նաև, որ հայ և թուրք հատուկ բանագնացների միջև երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվեն «պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»։ Փակ բանակցություններից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի է միայն, որ հանդիպումն անցել է Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների տանը, սակայն ռուսական կողմը, ինչպես նախարարության խոսնակն էր նշել ավելի վաղ, հայ-թուրքական երկխոսությանը չի մասնակցել։

Մոսկվան, սակայն, աջակցում է այդ գործընթացին, ասել էր Զախարովան։ Այսօր այդ մասին խոսել է նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերն օգնում են պայմաններ ստեղծել, որպեսզի դեռևս չլուծված քաղաքական խնդիրները կարգավորվեն շատ ավելի ակտիվ ու արդյունավետ, այդ թվում՝ Հարավային Կովկասի երեք երկրների և նրանց երեք հարևանների՝ Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի միջև տնտեսական ու այլ համագործակցության զարգացման միջոցով», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հայկական կողմի հաղորդմամբ՝ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել Երևանի և Անկարայի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Գործընթացը սատարելու մասին ավելի վաղ հայտարարել էին նաև Վաշինգտոնն ու Բրյուսելը։ «Հարաբերությունների կարգավորումն ու հաղորդակցության միջոցների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին աջակցում է», - այսօր Թվիթերում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Հայկական կողմը բանակցությունների մեկնարկին՝ երեկ, վերստին հայտարարեց, թե պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ կապերը առանց նախապայմանների։ «Ակնկալում ենք, որ երկխոսության արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, և կբացվի հայ-թուրքական սահմանը», - երեկ ասել էր Արտգործնախարարության խոսնակը, հավելելով՝ հայկական կողմում տպավորություն կա, որ Անկարան ևս համաձայն է բանակցել առանց նախապայմանների։

Թեև հրապարակավ որևէ նախապայման չի դրվել, սակայն թուրքական կողմը պարբերաբար հարցը շաղկապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, երեկ նախագահ Ռեջեփ Էրդողանը Եվրամիության դեսպանների հետ հանդիպմանը վերստին պնդել էր, թե «որպեսզի ձեռնարկվող քայլերն արդյունք տան, Հայաստանը պետք է օգտագործի տարածաշրջանային խաղաղության հնարավորությունը»։ «Այս առումով կարևոր է, որ Հայաստանը դրական հարաբերություններ հաստատի Ադրբեջանի հետ», - ասել էր Էրդողանը՝ առանց հստակեցնելու՝ արդյոք Անկարան ետ կկանգնի գործընթացից, եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները մտնեն փակուղի։

Սա փաստացի հարաբերությունների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդեն չորրորդն փորձն է Հայաստանի նորանկախ պատմության մեջ։ Չնայած 1991-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն երկկողմ դիվանագիտական հարաբերություններ այդպես էլ չեն ձևավորվել: Այդ տարիներին Հայաստանի նախագահին հղած ուղերձում Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելն ընդգծել էր՝ Անկարան պատրաստ է Երևանի հետ զարգացնել փոխադարձ բարեկամական հարաբերություններ ԵԱՀԿ սկզբունքների՝ պետությունների տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը ճանաչելու համաձայն։ Ավելի ուշ՝ 1993-ին, Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը՝ ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության։ Հաշտեցման վերջին՝ կրկին անհաջող փորձը ձեռնարկել էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «ֆուտբոլային դիվանագիտությամբ»։ 2009-ին կողմերն անգամ Ցյուրիխում հարաբերությունների կարգավորման արձանագրություններ ստորագրեցին, սակայն դրանք այդպես էլ մնացին թղթի վրա, և գործընթացը կրկին հայտնվեց փակուղում։

Թե ինչ հարցեր են այսօրվա հանդիպման օրակարգում՝ կողմերը չեն մանրամասնում, Հայաստանի արտգործնախարարությունը միայն հայտնել է, որ հանդիպումը ճանաչողական բնույթ է կրելու։

«Ազատության» աղբյուրի համաձայն՝ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Երևան է վերադառնալու վաղը։

Ի դեպ, բանակցությունները Մոսկվայում անցկացնելու առաջարկը ներկայացրել էր հայկական կողմը։ Համաձայնելով այդ տարբերակին՝ Թուրքիայի արտգործնախարարը միաժամանակ ընդգծել էր՝ Անկարան նախընտրում է, որ այդուհետ կողմերն ուղիղ կապ հաստատեն։ «Քանի որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում այս գործընթացում, մենք էլ դրական արձագանքեցինք հանդիպումը Մոսկվայում անցկացնելու առաջարկին: Սակայն այս հանդիպումները ոչ թե պետք է մշտապես երրորդ երկրների միջնորդությամբ անցկացվեն, այլ բանագնացները պետք է մշտական ուղիղ կապի մեջ լինեն, և հաջորդիվ հանդիպումները կարող են կայանալ նաև Հայաստանում և Թուրքիայում», - շաբաթներ առաջ ասել էր Մևլութ Չավուշօղլուն:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG