Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ փետրվարի 24-ին Վիեննայում կայանալիք Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման արդյունքներից է մեծապես նաև կախված Երևանի որոշումը՝ ընդունե՞լ, թե՞ ոչ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը։
Արտաքին գործերի նախարարը հստակեցրեց, որ Անկարան հրավեր է հղել իր և հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի անունով: «Որոշում իսկապես չկա», - վստահեցրեց Միրոզյանը։
Իսկ Վիեննայի բանակցություններից, Միրզոյանի փոխանցմամբ, Երևանն ակնկալում է առարկայական քննարկումներ՝ ուղղված Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը. «Պաշտոնական Անկարայից այս մասին եկող ազդակները, ուղերձները, ակնարկները առավելապես դրական կոնտեքստի մեջ են, մեր ակնկալիքներն էլ այդպիսին են»։