Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի գիտություն է ընդունել նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառները, սակայն, չի մեկնաբանում դրանք։ Պատասխանելով լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների նախապես ուղարկված հարցերին՝ վարչապետը միաժամանակ հայտնեց, որ հրաժարականի տեքստի հրապարակումից ժամեր առաջ է տեղեկացել նախագահի մտադրության մասին:
«Հրապարակումից երեքուկես ժամ առաջ մոտավորապես նա զանգահարել է ինձ, ու մենք խոսել ենք այդ մասին: Ես հանրապետության նախագահին հարցրել եմ, թե ինքն ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ ինքն ինձ տեղեկացնում է, որ կայացրել է որոշում: Այսինքն՝ ես փորձել եմ հասկանալ այդ որոշումը քննարկման ենթակա է, թե քննարկման ենթակա չէ, որից հետո ինքն ասել է, որ կայացրել է որոշում», - երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետը:
Փաշինյանը միայն անդրադարձավ Արմեն Սարգսյանի բերած պատճառաբանությանը, թե որպես նախագահ սահմանադրությամբ չունի անհրաժեշտ գործիքներ՝ այս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։
Վարչապետը շեշտեց, որ գալով իշխանության չի սահմանափակել նախագահի լիազորությունները, որոնք նա ստանձնել էր Սերժ Սարգսյանի օրոք․ - «Պատեհ չեմ համարում, որ ես մեկնաբանեմ՝ ինչն է բավարար, ինչը բավարար չէ, որովհետև յուրաքանչյուր անձ՝ պաշտոնյա, այդ թվում՝ պարձրաստիճան պետական պաշտոնյա, ինքն է որոշում, ի վերջո, այդ կարգի որոշումներն ինչ փաստարկների կշռելու մեթոդաբանությունը»։
Նախագահի թեկնածուի անուն վարչապետը չտվեց, սակայն, ընդգծեց, որ նա պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ՝ հիշեցնելով, որ Արմեն Սարգսյանը չստորագրեց Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության՝ իր հրամանագիրը, երբ Օնիկ Գասպարյանը պահանջում էր վարչապետի հրաժարականը։
«Այդ ներդաշնակության սակավության պատճառով մենք շատ լուրջ մարտահրավերներ ենք ունեցել, որոնց խորությունը գուցե թե չենք էլ արձանագրել էդ պահին։ Մասնավորապես, նախորդ տարի Գլխավոր շտաբի հայտնի հայտարարության համատեքստում, էստեղ իշխանության խնդիր չէր բացարձակապես, կառավարության խնդիր չէր, գործադիր իշխանության խնդիր չէր, իմ գնահատականն այն է, որ մենք պետականության կորստի եզրին էինք գտնվում այդ ժամանակ», - հայտարարեց Փաշինյանը։
Հայաստանը ամենայն հավանականությամբ կընդունի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը
Հավանականությունը մեծ է, որ Հայաստանը կընդունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու՝ Թուրքիայի հրավերը։ Նիկոլ Փաշինյանը դա կապեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սկիզբ առած գործընթացի հետ։
«Իհարկե ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց համենայն դեպս առաջին հանդիպումից հետո շատ մեծանում է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի էդ հրավերը, որովհետև, տեսեք, եթե խոսելու խոսակցություն է սկսվել, շատ անտրամաբանական կլինի, եթե մենք խոսելու էդ առիթը և հնարավորությունը բաց թողնենք։ Հիմա, օրինակ, հարցը հետևյալն է, թե հնարավո՞ր է այս տարի դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։ Ես չեմ կարող կանխատեսել հնարավոր է, թե չէ այս տարի, որովհետև դա, ցավոք, միայն մեզնից չի կախված, բայց շատ տրամաբանական կլինի, եթե, օրինակ, մենք հասնենք այդպիսի արդյունքի», - ասաց վարչապետը։
«Օր առաջ պետք է ստեղծվի եռակողմ հանձնաժողովը»
Փաշինյանը չմանրամասնեց, թե սահմագծման վերաբերյալ կոնկրետ ինչ առաջարկներ են փոխանցվել Ռուսաստանին և Ադրբեջանին, բայց պնդեց՝ օր առաջ պետք է ստեղծվի եռակողմ հանձնաժողովը՝ ըստ Սոչիի պայմանավորվածության։
«Այնպիսի տպավորություն է, որ էդ առաջարկից ենթադրվում է, որ մենք առաջարկում ենք, որ սահմանները թողնել առանց պահպանության։ Բնականաբար էդպիսի բան տեղի ունենալ չի կարող։ Մեր առաջարկն, ընդհակառակը, վերաբերում է սահմանների անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելուն, որովհետև մեր և միջազգային գործընկերների ընկալմամբ և նաև դա մենք արձանագրել ենք պայմանավորվածությամբ՝ Սոչիում գրավոր փաստաթղթով, որ դեմարկացիան և դելիմիտացիան, ըստ էության, հնարավոր չէ, երբ որ սահմանին մենք կայուն իրադրություն չունենք։ Մենք փորձել ենք քննարկումները տարբեր ֆորմատների, որ ունեցել ենք, էդ քննարկումներից ռացիոնալ առաջարկները դուրս բերել և ձևավորել, ձևակերպել փոխադարձ ընդունելի առաջարկ», - ասաց Փաշինյանը։
«Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր»
Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց այն պետք է բանակցվի Մինսկի խմբի շրջանակում, հայտարարեց Փաշինյանը՝ ըստ էության արձագանքելով Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններին, թե Բաքուն խոչընդոտելու է, որ եռանախագահները զբաղվեն Ղարաբաղի հարցով, որովհետև այդ խնդիրը լուծված է։
«Մենք էլ ենք կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այո՛, պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի, բայց էդ փաստաթուղթը ստորագրվելուց առաջ պետք է ձևավորվի, ձևակերպվի, դա բանակցությունների արդյունք է, և մենք կարծում ենք, որ էդ բանակցությունները պետք է տեղի ունենան, այո՛, և Հայաստանը պատրաստ է այդ բանակցություններին։ Ընդ որում բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, որի մանդատն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, հենց էդ բանակցային գործընթացի ամբողջ նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է եղել», - նշեց վարչապետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան Երևանի ու Բաքվի պատասխանին է սպասում՝ ԵԱՀԿ ՄԽ միջնորդների այցերը վերականգնելու հարցով