Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում ասել է, թե Ռուսաստանը Բաքվից և Երևանից պաշտոնական արձագանք է սպասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերը վերականգնելու հարցում։
«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է այդ ձևաչափի աշխատանքի շարունակմանը, առաջին հերթին իր մանդատին համապատասխան, հաշվի առնելով 2020 թվականից հետո ստեղծված տարածաշրջանային իրողությունները», - ասել է նա, հավաստիացնելով, որ իրենց մոտեցումը կիսում են Մինսկի խմբի գործընկերներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան։
Երեկ Ազգային ժողովում, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարեց՝ ակնկալում են, որ առաջիկայում կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի այցը տարածաշրջան, որը «անընդհատ պարբերաբար հետաձգվել է»։ Արարատ Միրզոյանն այդ հետաձգումները կապեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նկատմամբ ադրբեջանական կողմից ճնշումների հետ`կանխելու այդ այցի տեղի ունենալը։
Այսօր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը վերահաստատեց՝ Հայաստանը շարունակում է իր դիրքորոշման շրջանակներում ակնկալել, որ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։ «Միջազգային հանրության կողմից արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, և հիմնախնդրի լուծման կարևոր հարթակն այս պահին հանդիսանում է ԵԱՀԿ Մինսի խումբը», - շեշտեց ԱԽ քարտուղարը՝ շարունակելով․ - «Ակնկալում ենք, որ Մինսկի խմբի տարածաշրջան այցը և հետագա քայլերը հնարավորություն կտան Լեռնային Ղարաբաղի խնդրի երկարաժամկետ և համապարփակ լուծմանը»։
Մինչ հայկական կողմը պնդում է հակամարտության լուծման հարցում ԵԱՀԿ ՄԽ կարևորությունը, Ալիևը «թոշակի է ուղարկում» Մինսկի խմբին՝ հայտարարելով, թե հակամարտությունն այլևս լուծված է․ Ադրբեջանի նախագահն օրերս ասաց, թե Բաքուն կշարունակի խափանել ղարաբաղյան հացով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։ «Նրանք չպետք է զբաղվեն ղարաբաղյան խնդրով, քանի որ այն լուծված է։ Մենք նրանց փոխարեն այն լուծել ենք», - ասել է Ալիևը։