Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացին ուշադրությամբ հետևող ԱՄՆ-ի պետքարտուղարը երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, որի ընթացքում ի թիվս օրակարգային այլ հարցերի Էնթոնի Բլինքենն ու Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցչի նշանակման թեման:
Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Անկարան Երևանի հետ ուղիղ բանակցելու համար բանագնաց է նշանակել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Հայկական կողմն էլ հատուկ ներկայացուցիչ նշանակեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին:
Տարեվերջին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ հայկական կողմի ցանկությամբ բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարին Մոսկվայում։ Չավուշօղլուն ընդգծել էր, որ բանագնացները պետք է մշտական կապի մեջ լինեն և հաջորդիվ հանդիպումները կարող են կայանալ նաև Երևանում ու Անկարայում:
Թե ինչ են երեկ խոսել Էնթոնի Բլինքենն ու Մևլյութ Չավուշօղլուն հայ-թուրքական հարաբերությունների մասին, կողմերի պաշտոնական հաղորդագրությունները չեն մանրամասնում։ Փոխարենը Չավուշօղլուն օրերս տված հարցազրույցում մի շարք մանրամասներ է պատմել հայ-թուրքական նշմարվող երկխոսության մասին:
Թուրքիայի արտգործնախարարը, մասնավորապես, պատմել է, թե ինքն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի սկզբին զրուցելու առիթ են ունեցել Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում։ Ի դեպ, այս ոչ պաշտոնական շփման մասին երկու երկրների արտաքին գերատեսչությունները ոչինչ չէին հաղորդել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին չհաղորդվեց«Հայաստանի ԱԳ նախարարը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը դրական մոտեցում ունեցող ընկեր է: Նրան այդպես եմ անվանում, քանի որ արդեն ընկերներ ենք դարձել նրա հետ հանդիպելով Ստոկհոլմում: Ընթրիքից առաջ հնարավորություն ունեցանք ոտքի վրա հընթացս զրուցելու, խոսել ենք հատուկ ներկայացուցիչների նշանակման մասին, հայտնել եմ, որ առաջիկայում հայտարարելու ենք բանագնացների մասին, գոհունակությամբ ընդունեց, ընդգծվեց նաև կարճ ժամանակում բանագնացների հանդիպման անհրաժեշտության մասին», - ներկայացրել է Թուրքիայի արտգործնախարարը:
Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանից եկող ազդակներն ու ձեռնարկվող քայլերը ցույց են տալիս, որ այս պահին հայկական կողմը դրական տեսակետ ունի, բայց այն պետք է մնայուն լինի: Թուրք նախարարը նաև շեշտել էր, որ երկխոսության են գնում առանց նախապայմանների, բայց որոշ հարցերում հնարավոր չէ համակարծիք լինեն: Նկատի ունենալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ Չավուշօղլուն համոզմունք է հայտնել, թե հայկական կողմը նման նախապայման առաջ չի քաշի՝ գիտակցելով, որ դա իրատեսական չէ:
«Եթե նախապայմաններով սկսենք, այս գործընթացը ոչ մի կետի չի հասնի», - ընդգծել է նա:
Չավուշօղլուն նույն հարցազրույցում դրական էր արտահայտվել նաև հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանի մասին, ասելով, թե ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Աքիֆ Չաղաթայ Քըլըչը ճանաչում է Ռուբինյանին և իրենց տպավորությամբ նա «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում բարի նպատակներ ունեցող անձնավորություն է, որը լավ գիտի Թուրքիան»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Չավուշօղլուն Ռուբինյանին բնութագրում է իբրև «բարի նպատակներ ունեցող անձնավորություն, որը լավ գիտելիքներ ունի Թուրքիայի մասին»Առայժմ հստակ չէ հայ և թուրք բանագնացների առաջին հանդիպման հստակ օրը։ Միևնույն ժամանակ օրակարգում է երկու երկրների միջև 2019-ից դադարեցված ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու հարցը։ Թուրքական և հայկական ավիափոխադրողներ արդեն դիմել են Երևան-Ստամբուլ թռիչքներ իրականացնելու համար և հիմա երկու կողմից էլ համապատասխան թույլտվության են սպասում: Մասնավորապես, թուրքական Pegasus ընկերությունը փետրվարից սկսած շաբաթական երկու չվերթ իրականացնելու հայտ է ներկայացրել, իսկ Flyone Armenia ընկերությունը ծրագրում է շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել նույն երթուղով։