Առողջապահության նախարարն իրավաչափ է համարում Սահմանադրական դատարանի որոշումը, որով հակասահմանադրական էր ճանաչվել իր իսկ հրամանի մի հատվածը: Դրանով նախատեսվում էր` աշխատող քաղաքացիները պետք է ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին: Բարձր դատարանը որոշել էր, որ նախարարը լիազորված չէ որոշելու, թե ով պետք է վճարի թեստավորման համար:
ՍԴ որոշումից հետո ստեղծված անորոշությունը, թե ով կամ ովքեր են պարտավոր վճարել աշխատողի փոխարեն, նախարարն այսօր այսպես փորձեց ցրել՝ «քաղաքացու փոխարեն թեստի համար կարող է վճարել նրա բարեկամը»։ Իսկ եթե բարեկամն էլ չվճարի, ինչ կլինի, այդպես էլ պարզ չդարձավ:
«Ինչ կապված է «իր հաշվին» արտահայտության հետ, որը Սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանադրական, այդ արտահայտությունը դուրս կգա, որովհետև գիտեք, էսպես սահմանափակել, որ քաղաքացին հենց իր հաշվին և ոչ թե օրինակ բարեկամի, բարերարի կամ որևէ այլ անձի հաշվին, որը ցանկություն ունի իր փոխարեն վճարել թեստի համար, նման սահմանափակում չենք կարող մտցնել, ինչը, կարծում ենք, իրավաչափ է», - ասաց նա։
Սահմանադրական դատարանն օրերս հրապարակեց կորոնավիրուսի թեստերի վերաբերյալ անցած շաբաթ կայացրած որոշման պատճառաբանական մասը։ Բայց նույնիսկ մանրամասն վերլուծության մեջ դատավորները չտվեցին քաղաքացիներին ամենաշատը հուզող հարցի պատասխանը՝ ի վերջո ով պետք է վճարի ՊՇՌ թեստի համար:
Նոր սահմանափակումներ
Առողջապահության նախարարությունը պատրաստել է մեկ այլ նախագիծ, որով հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելը հավաստող փաստաթղթի դեպքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չպատվաստված աշխատողներն այսօրվանից քովիդի թեստի պատասխան պետք է ներկայացնեն 7 օրը մեկ անգամՆախագիծն այժմ Արդարադատության նախարարությունում է, եզրակացությունը ստանալուց հետո կհրապարակվի, և այս կարգավորումները ևս ուժի մեջ կմտնեն, բայց թե երբ են նածատեսում կիրառել այս նոր խստացումները, պաշտոնյաները դեռ չեն ասում:
«Պահանջը վերաբերելու է հանրային սննդի վայրերին, մշակութային կենտրոններին, այս ոլորտներին է վերաբերում: Մոլերը և խանութները` թե սննդի, թե այլ խանութները այս պահին նման պահանջ չեն ունենալու», - նկատեց առողջապահական ոլորտի պատասխանատուն։
Ամանորի նախաշեմին Հայաստանում համաճարակային ճգնաժամային իրավիճակ չկա. վարչապետ
Հայաստանում այս պահին շարունակում է գործել փակ տարածքներում դիմակ դնելու պահանջը, ինչը, սակայն, գրեթե չի պահպանվում։ Երեկ օրինակ` կառավարությունում կազմակերպված ընդունելությանը գործադիրի մի շարք անդամներ ու պատգամավորներ առանց դիմակի էին։ Մինչդեռ թե՛ առողջապահության նախարարը, թե՛ վարչապետը պարբերաբար հիշեցնում են, որ համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից է դիմակների կրումն ու պատվաստումը։
Անդրադառնալով պատվաստումային գործընթացին՝ նախարարն այսօր կառավարության նիստում հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ բուստեռ՝ խթանիչ դեղաչափ ստացել է մոտ 800 քաղաքացի. «Այն հասանելի է մեր քաղաքացիների համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարակման ու մահվան դեպքերի նվազումը մասնագետները պայմանավորում են նաև քովիդի դեմ պատվաստման ակտիվ գործընթացովՀայաստանում այս պահին ամբողջական պատվաստում ստացել է բնակչության 24.5 տոկոսը։ Վարչապետի գնահատմամբ՝ Ամանորի նախաշեմին Հայաստանում համաճարակային ճգնաժամային իրավիճակ չկա. «Եթե մենք պատվաստումների հետևողական գործընթացը չշարունակենք, վերադառնալու է և վերադառնալու է շատ ավելի ծանր ձևերով ու ավելի մեծ մասշտաբներով»։
Վերջին շաբաթներին տեսանելիորեն նվազում են քովիդով թե՛ վարակվածության և թե՛ մահվան դեպքերը։ Նախօրեին, օրինակ, գրանցվել է քովիդի 89 նոր դեպք, մահացել է 7 մարդ։ Այս պահին տանը կամ հիվանդանոցներում բուժում է ստանում ավելի քան 4000 վարակակիր։
Առողջապահության նախարարի տեղեկացմամբ` այս մեկ տարվա ընթացքում հիվանդանոցներում քովիդով վարակված շուրջ 40 հազար քաղաքացի է բուժում ստացել. «Սա իսկապես ցույց է տալիս, թե ինչ գերլարված ռեժիմով է աշխատել ողջ առողջապահական համակարգը»:
Հիվանդանոցային, մահճակալային ֆոնդը աշխատում է լարված իրավիճակում. նախարար
Հիվանդանոցները այս պահին էլ շարունակում են ծանրաբեռնված մնալ, այս անգամ արդեն սուր շնչառական վարակների պատճառով, դրանք տարածված են թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների շրջանում։
«Մենք նաև այս տարի ունեցանք ամռան վերջին ամիսներին սուր շնչառական վարակներով երեխաների շրջանում բավական աճ, ինչը անսովոր երևույթ էր, և մենք տարիներ ի վեր նման բան չէինք նկատել։ Այս պահին հիվանդանոցային, մահճակալային ֆոնդը աշխատում է լարված իրավիճակում, բայց որևէ խնդիր դիմելիությունն ապահովելու համար չունենք»։
Նախարարը հույս հայտնեց, որ դպրոցական արձակուրդները ևս կնպաստեն իրավիճակի կայունացմանը։