Հոկեյի միջազգային ֆեդերացիան որոշել է չեղարկել դեկտեմբերի 26-ին Կանադայում մեկնարկած աշխարհի երիտասարդական առաջնությունը՝ մրցաշարի մասնակիցների շրջանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի զանգվածային տարածման պատճառով։
Երեքշաբթի օրը վարակը հայտնաբերվել է Միացյալ Նահանգների հավաքականի երկու հոկեյիստների մոտ։ Երեկոյան թիմը պետք է հանդիպեր Շվեյցարիայի հավաքականի հետ, սակայն ի վերջո դուրս չեկավ խաղին:
Երեկ էլ Չեխիայի հավաքականի խաղացողի մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել, այս թիմը նույնպես ստիպված էր հանդիպում բաց թողնել:
Ի վերջո, Սլովակիայի հետ հանդիպման նախօրեին դրական արդյունք է տվել կորոնավիրուսի թեստը, որ հանձնել է Ռուսաստանի հավաքականի առաջատար Մատվեյ Միչկովը։ Վարակը հայտնաբերվել է նաև առաջնության խաղերը սպասարկող հինգ մրցավարների մոտ։
Այնուհետև ֆեդերացիան հայտարարել է մրցաշարը չեղարկելու մասին՝ «բոլոր մասնակիցների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու համար»:
Հոկեյի խոշորագույն միջազգային մրցաշարերից մեկը ընթացքում չեղարկելու որոշումն առաջինն է պատմության մեջ։