Մատչելիության հղումներ

Ո՞վ պետք է վճարի աշխատողի թեստի գումարը. ՍԴ որոշումից հետո պատասխանները հակասական են


Ո՞վ պետք է վճարի պատվաստվելուց հրաժարվող և գործատուին ամեն շաբաթ կորոնավիրուսի բացասական արդյունք ներկայացնող աշխատողի թեստի գումարը, Սահմանադրական դատարանի երեկ հրապարակած որոշումից հետո այս հարցին հակասական պատասխաններ են հնչում։

Բարձր դատարանը երեկ հրապարակեց կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնելու մասին առողջապահության նախարարի հրամանի դեմ ընդդիմադիրների բողոքի վերաբերյալ որոշումը։ Դատարանը հակասահմանադրական ճանաչեց միայն ՊՇՌ հետազոտությունը «աշխատակցի հաշվին իրականացնելու» մասին բառակապակցությունը։

Առողջապահության նախարարությունը դատարանի որոշումից հետո հայտարարում է՝ Բարձր դատարանն ընդամենը հակասահմանադրական է ճանաչել նախարարի հրամանում նշված՝ «իր հաշվին» արտահայտությունը, հետևաբար գործող կարգի մեջ ոչինչ չի փոխվում։ Ցանկացած քաղաքացի կարող է վճարել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը։

«Այնտեղ կարող է լինել դարձյալ աշխատողը կամ աշխատողի դիմումի հիման վրա աշխատողի կողմից հայթայթված այլ միջոցները կամ աշխատողի դիմումի հիման վրա, որևիցե մեկ այլ անձ, ով իր կամքով կապահովի աշխատողի համար ՊՇՌ հետազոտություն անցնելու վճարումը», - ասաց նա:

Առողջապահության նախարարության պաշտոնյան պնդում է՝ Բարձր դատարանի որոշումը չի նշանակում, որ թեստի համար պետք է վճարի պետությունը կամ էլ գործատուն. «Այստեղից հստակ ևս մեկ հետևություն, որ ՍԴ որոշմամբ պետության կամ գործատուի համար որևէ պարտականություն չի առաջացել աշխատողի համար ՊՇՌ հետազոտություն անցնելու վճարում իրականացնելու համար»:

Սակայն բողոքը բարձր դատարանում ներկայացրած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ դատարանի որոշմամբ թեստերի համար վճարելու բեռն այլևս չի ընկնելու քաղաքացու ուսերին, և պետությունն իր վրա պետք է վերցնի այդ ծախսը. «Տրամաբանությունը ինչո՞ւմն է. եկեք պարզ խոսենք, ՀՀ պետական բյուջեն ունի բավարար հնարավորություններ և միջոցներ, և թող ոչ ոք հակառակը չփորձի մանիպուլացնելով կամ այլ ձևով հանրությանը ներկայացնել: Պետական միջոցները բավարար են առավել քան, հետևաբար այս պարտականությունը որևէ կերպ այլ հասցեատիրոջ վրա դնելը ուղղակի աբսուրդային իրավիճակ է առաջացնելու»:

Վարդևանյանը նաև հարց է բարձրացնում՝ Բարձր դատարանի որոշումից հետո առաջ է գալիս նաև նախկինում քաղաքացիների կողմից թեստերի համար վճարած գումարի վերադարձի հարցը. «Արդյոք Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը մշտապես խոսում է ժողովրդի անունից, խոսում է, որ իբրև ներկայացնում է ժողովրդի լավագույն շահը, գումարները վերադարձնելո՞ւ է, որովհետև Սահմանադրական դատարանն ասել է, որ աշխատողը իր հաշվին իրականացնում է ՊՇՌ հետազոտություն, իր հաշվինն այլևս հակասահմանադրական է»:

Մինչդեռ Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետը հակադարձում է՝ Բարձր դատարանն ընդամենը արձանագրել է, որ նախարարի հրամանով չպետք է սահմանվեր վճարման պարտականությունը. «Սահմանադրական դատարանը շարունակել է իր մեկնաբանությունում` նշելով, որ պարզապես առողջապահության նախարարի հրամանով չպետք է սուբյեկտային կազմ սահմանվեր վճարման պարտավորություն ունեցող անձանց, հետևաբար եթե մենք նախատեսել ենք իր հաշվին, ՍԴ-ն նպատակ ունի ֆիքսելու, որ իր հաշվինից բացի, կարող է իրականացվել նաև անձանց հաշվին», - նշեց նա:

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը, ծանոթանալով, որոշման եզրափակիչ մասին, ևս կիսում է պաշտոնական տեսակետը, որ հակասահմանադրական է ճանաչվել միայն թեստի համար քաղաքացու կողմից վճարելու պարտադրանքի դրույթը։ Փաստաբանի կարծիքով` ամբողջական տեքստի հրապարակումից պարզ կդառնան որոշ մանրամասներ. «Առողջապահության նախարարությունը լիազորություն չունի` որոշելու, թե անձը ում հաշվին պետք է ՊՇՌ թեստը անցնի և մասնավորապես, նշի, որ կարող է լինեն դեպքեր, որ գործատուները վճարեն, կարող է լինեն, որ պետք է, որ պետությունը որոշակի խոցելի սոցիալական խմբերի համար վճարի և այլն, ուստի այս մասով որ հրամանը նշում է իր հաշվին, ճանաչել հակասահմանադրական»:

Գյոզալյանը միևնույն ժամանակ, պնդում է՝ Սահմանադրական դատարանի երեկվա որոշումը ամենևին չի նշանակում, որ Բարձր դատարանը կարող է կառավարությանը պարտադրել բյուջեից վճարել թեստի գումարները. «Սահմանադրական դատարանը լավագույնս կարող էր ասել, որ հարգելի կառավարություն կամ հարգելի Ազգային ժողով, այս հարցը, քանի որ դուք բաց եք թողել, չեք կարգավորել, գնացեք, կարգավորեք: Օրենսդրական մասով նկատի ունենալ, այսինքն` ՍԴ-ն չի կարող ասի` պետություն, դու պետք է վճարես, որովհետև ամեն դեպքում դա կառավարության որոշելիք խնդիրն է, կառավարության իրավազորության տակ է` որոշի` կոնկրետ մարդկանց համար վճարում է, թե չի վճարում, բյուջե ունի այդքան, թե չունի, այսինքն` ՍԴ-ն այստեղ շատ բան չունի ասելու»:

Հավանաբար երկուշաբթի Բարձր դատարանը կհրապարակի որոշման ողջ բովանդակությունը։ Դեկտեմբերի սկզբին խորհրդարանը ամբողջությամբ ընդունեց օրենքի փոփոխությունը, որով գործատուն կարող է աշխատանքից հեռացնել ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող չպատվաստված աշխատակցին։

XS
SM
MD
LG