Մատչելիության հղումներ

Վարակման ու մահվան դեպքերի նվազումը մասնագետները պայմանավորում են նաև քովիդի դեմ պատվաստման ակտիվ գործընթացով


Առաջին դեղաչափով պատվաստվածների թիվն արդեն անցել է 800 հազարից, իսկ ամբողջապես պատվաստվածներինը՝ կես միլիոնից։ 

Հայաստանում կորոնավիրուսի վարակման ու մահվան դեպքերի նվազումը մասնագետները պայմանավորում են նաև պատվաստման ակտիվ գործընթացով։ Ասում են՝ Հայաստանում չորրորդ ալիքն է մարում, բայց դա չի նշանակում, թե նոր բռնկում չի լինի, կորոնավիրուսն ալիքաձև բնույթ ունի։

«Հիշենք մեր հարևան Վրաստանի փորձառությունը, որտեղ կար նվազման միտում, սակայն դեռևս թվերը շատ չնվազած՝ իրենց մոտ սկսվեց ևս մեկ պիկ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հանրային առողջապահության մասնագետ Վարդուհի Պետրոսյանը։

Նրա խոսքով, բնակչության մեծ մասը պետք է պատվաստվի, որպեսզի ձևավորվի հանրային իմունիտետ։ Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը Եվրոպայի փորձն է օրինակ բերում. մի շարք երկրներում պատվաստման արդյունքում մահերի թիվը զգալիորեն նվազել է. - «Եթե մենք նայենք այն եվրոպական երկրների փորձը, ովքեր ունեն շատ բարձր պատվաստվածություն, իրենց մոտ մահի ցուցանիշները շատ նվազ են, և դա է հիմնական նպատակը պատվաստումների։ Եվ եթե մենք ունենք լայն ծածկույթ պատվաստման, ապա արդեն նոր ենթատեսակների, շտամերի ի հայտ գալը մեզ համար այդքան վախենալու չէ։ Իսկ եթե ցածր պատվաստվածության ցուցանիշ կա, նույնիսկ հենց այդ երկրում կարող է նոր ենթատեսակ ի հայտ գալ, որը լինի ավելի վտանգավոր»։

Հայաստանում երեկ կորոնավիրուսի 300 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ է մահացել: Համեմատության համար. օրինակ, հոկտեմբերին մեկ օրում 2600-ից ավելի դեպք է գրանցվել՝ ամենաբարձր ցուցանիշն ամբողջ համաճարակի ընթացքում, մահերի հակառեկորդն էլ էր այս աշնանը՝ 70 մահ մեկ օրում։

«Հուսով ենք, որ նույն ձևաչափով եթե պատվաստումները շարունակվեն, ապա մենք կունենանք արդեն հաջորդ պիկերի կամ ավելի հեռահար նվազեցում, կամ ընդհանրապես չենք ունենա», - «Ազատությանն» ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետ Բրիջիդա Սիմոնյանը։

Նրա փոխանցմամբ, վերջին շրջանում օրական միջին հաշվով 20 հազար և ավելի դեղաչափ պատվաստում է իրականացվում։ Առաջին դեղաչափով պատվաստվածների թիվն արդեն անցել է 800 հազարից, իսկ ամբողջապես պատվաստվածների թիվը՝ կես միլիոնից։ Հայաստանում ամբողջապես պատվաստված է բնակչության շուրջ 18 տոկոսը։

«Միանշանակ է, որ պետք է հասնել այն մակարդակին, որ ամբողջ աշխարհում, ինչպես և Հայաստանում կարողանանք ազդել վիրուսի շրջանառության վրա։ Դրան հասնելու համար իհարկե պետք է մոտավորապես 80 և ավել տոկոս ընգրկվածություն լինի և' մեր մոտ, և' աշխարհում», - ասաց Բրիջիդա Սիմոնյանը։

«Ես կխնդրեի, որ մեր բնակչությունը չափից ավելի լավատեսություն չունենա», - ասաց Վարդուհի Պետրոսյանը։

Հանրային առողջապահության մասնագետը կարևորում է ակտիվ պատվաստման գործընթացը։ Հիշեցնում ու զգուշացնում՝ առանց պատվաստման կորոնավիրոսով վարակվելու դեպքում մեծանում է հիվանդությունը ծանր ու ծայրահեղ ծանր անցկացնելու ռիսկը, որ որոշ դեպքերում մահվան պատճառ է դառնում։

Վարդուհի Պետորսյանը մատնանշում է նաև գիտական հետազոտությունները, որոնք փաստում են, որ հիվանդությունն անգամ թեթև տարած որոշ մարդկանց մոտ վիրուսը երկարաժամկետ ազդեցություն է ունենում. - «Արդեն հայտնի է, որ էդ երկարաժամկետ քովիդի պատճառով առաջանում են դեպրեսիաներ, առաջանում են մտքի ցրվածության խնդիրներ, առաջանում է թուլություն։ Այսինքն՝ էս բոլոր խնդիրները բերում են մարդկանց մոտ ավելի երկար անաշխատունակ լինելու։ Էլ չասած, որ իրենց կյանքի որակն է տուժում»։

Վերջին շաբաթներին նվազել է նաև քովիդով վարակված հիվանդերին սպասարկող բժշկական կենտրոնների ծանրաբեռնվածությունը։ COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 541 մարդ: Շաբաթներ առաջ հիվանդանոցներում բուժվելու իրենց հերթին սպասող հիվանդներ կային, վերակենդանացման բաժանմունքներում էլ մահճակալները չէին բավարարում։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանն ասաց. - «Թե' վերակենդանացման բաժանմունքում, թե' մնացած բոլոր բաժանմունքներում մահճակալային ֆոնդը համարյա հարյուր տոկոսով զբաղված էր լինում հաճախակի։ Հիմա, ի ուրախություն մեզ, բոլորս տեղյակ ենք, որ կորոնավիրուսային վարակով հիվանդների թվաքանակի նվազման միտում ունենք օր-օրի, և այդ ֆոնի վրա մենք ունենք որոշակի լարվածության անկում։ Ճիշտ է, զուգահեռ փակվում են որոշ քովիդ սպասարկող հիվանդանոցներ, որոնց բեռը նույնպես ընկնում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վրա, բայց անգամ այդ ֆոնի վրա այսօր մենք աշխատում ենք, ճիշտ է, ծանրաբեռնված, բայց ոչ գերլարված»։

Եթե նախկինում 30 բժշկական կենտրոն էր ընդունում կորոնավիրուսով վարակվածներին, ապա հիմա այդ թիվը կրկնակի քիչ է։ Այժմ մարզերում 4, Երևանում էլ 11 բժշկական կենտրոն է վարակակիրներին սպասարկում։

XS
SM
MD
LG