Սաակաշվիլիին գիշերը հետ են տարել Ռուսթավիի բանտ

Կեսգիշերն անց Վրաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ավտոմեքենաները նկատվել են Գորիի բժշկական հաստատության մոտ։ Գիշերվա ժամը 3-ին նույն ավտոմեքենաները հայտնվել են Ռուսթավիի բանտի տարածքում։

Ահա այսպես, մթության քողի տակ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Գորիի զինվորական հոսպիտալից հետ տարան Ռուսթավիի բանտ։

Նրա փաստաբանները Սաակաշվիլիին տեղափոխելու մասին տեղեկացված չէին։ Անցած գիշերվա ընթացքում կատարված գործողությունը նրանք առևանգում են որակել։

«Ֆորմուլա» հեռուստաընկերության եթերում փաստաբան Շոթա Տուտբերիձեն ասել է․ «Գիշերը նրանք ներխուժել ու հոսպիտալից պարզապես գողացել են հիվանդ մարդուն։ Տեղեկության մեր աղբյուրը նույնն է, ինչ որ և ձերը՝ տեղի բնակչությունը»։

Ավելի ուշ քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես հաստատեց Սաակաշվիլիին մեկուսարան տեղափոխելու լուրը, ընդգծելով, որ գործողությունը կատարվել է օրենքի տառին համապատասխան։

«Հանրային մեծ հետաքրքրության հետ կապված ճշգրտում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 30-ին դատապարտյալ/մեղադրյալ Միխեիլ Սաակաշվիլիին պաշտպանության նախարարության Գեորգի Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալից քրեակատարողական թիվ 12 հիմնարկ տեղափոխելը կատարվել է օրենքին ամբողջովին համապատասխան»,- հայտարարեց Վրաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։

Սաակաշվիլիին կրկին բանտ տեղափոխելու լուրը իմանալուն պես, նրա աջակիցները այդ թվում՝ նրա հիմնադրած «Ազգային միացյալ շարժում» կուսակցության առաջնորդները, գիշերը հավաքվեցին Ռուսթավիի բանտի մոտ։ Այնտեղ են նաև նրա փաստաբանները, որոնք հանդիպում են պահանջում իրենց պաշտպանյալի հետ։ «Մթավարի» հեռուստաընկերությունը հաղորդեց, որ մեկուսարանում ուժեղացվել է անվտանգությունը, հատուկ տեխնիկա է բերվել։

Գորիի զինվորական հոսպիտալում Սաակաշվիլիի առողջությունը վերականգնվում էր երկարատև հացադուլից հետո։ Բայց անցած երկուշաբթի իրավապահները փորձել էին նրան հետ տանել բանտ։ Սաակաշվիլին հրաժարվել էր դուրս գալ, դիմադրություն էր ցույց տվել, նրա ինքնազգացողությունը վատացել էր ու իրավապահները հրաժարվել էին նրան տեղափոխելու մտադրությունից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սաակաշվիլին առայժմ կմնա Գորիի զինվորական հոսպիտալում

Բայց արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն այն ժամանակ չէր հստակեցրել, թե Սաակաշվիլիին տեղափոխելը որքան ժամանակով է հետաձգվում։ Նա ասել էր, թե վերջնական որոշումը կընդունվի բժիշկների հետ խորհրդակցելուց հետո։

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչն ասել էր, թե բժիշկները դեկտեմբերի 27-ին Սաակաշվիլիին նոր ախտորոշում են տվել, սակայն այս փուլում չի կարող հրապարակել այն։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին, ՏԻՄ ընտրությունների նախօրեին Վրաստան վերադառնալուն պես։ Նրան նստեցրել էին Ռուսթավվի բանտում, որտեղ նա հացադուլ հայտարարեց։ Նոյեմբերի 8-ին նրան տեղափոխեցին Թբիլիսիի բանտի հիվանդանոց, իսկ նոյեմբերի 20-ին Գորիի զինվորական հոսպիտալ։

Դեկտեմբերի 30-ին նրան հետ տարան մեկուսարան ու եթե մեկ օրվա մեջ ոչինչ չփոխվի, Նոր տարին Սաակաշվիլին կդիմավորի Ռուսթավիի բանտում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևը Թբիլիսիին կոչ է անում բանտ չվերադարձնել Սաակաշվիլիին