Մատչելիության հղումներ

Սաակաշվիլի․ «Վրաստանի մասնակցությունը «3+3» ձևաչափին կարող է աղետալի հետևանքների հանգեցնել»


«Վրաստանի մասնակցությունը «3+3» ձևաչափին կարող է դառնալ երկրի եվրատլանտյան ձգտումների վերջը»,- համոզված է Միխեիլ Սաակաշվիլին։ Վրաստանի երրորդ նախագահն այս մասին նշել է նախօրեին հրապարակված իր հայտարարության մեջ, որն ինքը` հեղինակը վերնագրել է «Արևմտյան հռչակագիր»։

«Մի քանի օր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս հայտնեց, որ Վրաստանը կմիանա ոչ միայն հեռանկարային, այլև շատ վտանգավոր «3+3» ձևաչափին»,- գրում Գորիի ռազմական հոսպիտալում գտնվող Սաակաշվիլին՝ մանրամասնելով. «Խորհրդանշական է, որ [թուրք նախարարի] այդ հայտարարությունը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից հնչեց։

Խիստ տագնապալի է, սակայն, որ վրացական որևէ կառավարական կառույցի կողմից կամ գործչի շուրթերից այդ հայտարարությունը դատապարտող որևէ հակադարձում չհնչեց։ Վրաստանը ոչ միայն ուղիղ և միանշանակ կերպով չի մերժել այդ աղետալի ձևաչափը, այլև սկսել է խոսել ինչ-որ բանակցությունների և ժողովրդի որոշումների մասին»:

Վրաստանի երրորդ նախագահը, սակայն, պնդում է, որ երկրի բնակչությունն իր որոշումը վաղուց է կայացրել. «Վրաց ժողովրդի ընտրությունը Արևմուտքն է, որոշում, որ հստակորեն արտացոլվել է հանրաքվեի միջոցով»։

«Վրաց ժողովրդի համար արևը երբեք Հյուսիսում չի ծագի», - հայտարարում է Վրաստանի երրորդ նախագահը՝ ակնարկելով իր նախորդի՝ Էդուարդ Շևարդնաձեի դեռ խորհրդային տարիներին արված հայտնի հայտարարությունը։

Նախկին նախագահի խոսքով` Թբիլիսիի և արևմտյան առաջատար կառույցների՝ նախևառաջ ԵՄ միջև հարաբերությունները արդեն մի քանի տարի է, ինչ ճգնաժամի մեջ են։

«Վրաստանը «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում առաջատար էր։ Այսօր ԵՄ հետ հարաբերությունների սերտացման տեսանկյունից այն զգալիրոեն հետ է մնում Մոլդովայից և Ուկրաինայից։ ԵՄ տվյալներով` Հայաստանը ևս մի շարք չափանիշներով, մասնավորաբար ժողովրդավարության և ընտրությունների որակի տեսանկյունից, առաջ է անցել Վրաստանից», - հայտարարում է Միխեիլ Սաակաշվիլին։

«Վրաստանի հասցեին Բրյուսելում ավելի ու ավելի հաճախ են հնչում «հիասթափություն» և «հոգնածություն» ձևակերպումները, որոնք դիվանագիտական լեզվից թարգմանված նշանակում են հետընթաց և շեղում նախանշված քաղաքական կուրսից», - գրել է նա։

Նախկին նախագահի համոզմամբ, ի դեպ, այսօր ճգնաժամ է ոչ միայն Եվրամիության, այլև Հյուսիսատլանտյան դաշինքի և Վրաստանի հարաբերություններում։

«Ի տարբերություն ՆԱՏՕ երկու նոր անդամների՝ Չեռնոգորիայի և Հյուսիսային Մակեդոնիայի` Վրաստանը շատ ավելի ակտիվ հարաբերություններ, համագործակցության շատ ավելի մեծ փորձ ուներ դաշինքի հետ։ Վրաստանը շատ ավելի ակտիվորեն է մասնակցում նաև ՆԱՏՕ-ի գործողություններին (օրինակ Աֆղանստանում), քան ասենք դաշինքի որոշ անդամ պետություններ։ Այսօր, սակայն, Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին շատ ավելի ակտիվորեն է քննարկվում, քան Վրաստանինը։ Վրաստանի հարցը գործնականում օրակարգից դուրս է բերված», -իր «Արևմտյան հռչակագրում» գրում է Միխեիլ Սաակաշվիլին։

Վրաստանի երրորդ նախագահի համոզմամբ` այս ամենը տեղի է ունենում մեկ պարզ պատճառով, քանի որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ավելի մեծ կարևորություն է տալիս Ռուսաստանի, այլ ոչ թե Արևմուտքի դերակատարությանը Հարավային Կովկասում։

«Ավելի ու ավելի բարձրաձայն են հնչում Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու և դիվանագիտական սահմանափակումները վերացնելու կոչերը։ Դրանք պարզապես խոսքեր չեն, «Վրացական երազանքը» դա իր պարտավորությունն է դարձրել», - պնդում է Սաակաշվիլին՝ հավելելով, թե առաջին անգամ 90-ական թվականներից ի վեր Վրաստանի տարածքում ներդրված ռուսական գործակալների քանակը հասել է առավելագույնի։

Իշխող կուսակցությունը հակադարձում է

«Վրացական երազանքում», սակայն, Սաակաշվիլիի հայտարարություններից առանձնապես տպավորված կամ ազդված չեն։ Իշխող կուսակցության առաջատար անդամներից մեկը` խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին օրինակ պնդում է, թե Ռուսաստանի վերադարձը Հարավային Կովկաս սկսվեց այն ժամանակ, երբ Միխեիլ Սաակաշվիլին 2008 թվականին պատերազմ հրահրեց Հարավային Օսիայում։ «Երբ դու խաթարում ես Արևմուտքի ծրագրերը տարածաշրջանում, թույլ ես տալիս, որ Ռուսաստանը ներխուժի Վրաստանի տարածք, դա շատ դժվար է արևմտամետ մոտեցում անվանել», - հայտարարում է Վոլսկին։

Սաակաշվիլիի հայտարարության հրապարակման ֆոնին` Թբիլիսիի կենտրոնում շարունակվում է նրա ավելի քան 200 աջակիցների հացադուլը։ Ակցիայի մասնակիցները պահանջում են անհապաղ ազատ արձակել երրորդ նախագահին։ Ներքաղաքական բավական լարված իրադրությունը մեղմելու նպատակով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդակցությունների շարք է սկսել ընդդիմության հետ։ Ընդդիմադիրների մեծամասնության համոզմամբ, սակայն, բավական սահմանափակ լիազորություններ ունեցող նախագահի այս նախաձեռնությունները հազիվ թե որևէ էական արդյունքի հանգեցնեն։

«Նախագահի կողմից սկսված այս գործընթացը քաղաքական իրավիճակի լիցքաթափման հետ որևէ կապ չունի։ Մենք, իհարկե, երախտապարտ ենք նախագահին այս նախաձեռնության համար, սակայն անդունդը շարունակում է խորանալ նախևառաջ Իվանիշվիլիի վարչակազմի ձեռնարկած քայլերի պատճառով», - հայտարարում էր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգա Բոկերիան։

XS
SM
MD
LG