Էլեկտրաէներգիայի թանկացման որոշումն ամենայն հավանականությամբ կընդունվի հաջորդ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 29-ին. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) առաջարկում է միջինը 4.7 դրամով բարձրացնել հոսանքի սակագինը՝ ֆինանսական ճեղքվածքի պատճառով։
Հանձնաժողովը, մասնավորապես, առաջարկում է հոսանքը թանկացնել համապատասխանաբար 1.5, 3.5 և 5.5 դրամով՝ գինը կախված կլինի սպառված հոսանքի ծավալից․ շատ էներգիա ծախսողներն ավելի թանկ գին կվճարեն։
Դեկտեմբերի 29-ին կայանալիք նիստին ընդառաջ ՀԾԿՀ-ն երեկ աշխատանքային քննարկում անցացրեց, որի հիմնական հատվածը լրագրողների համար փակ էր։
Քննարկումից առաջ հանձնաժողովի սակագնային վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը պարզաբանեց՝ եթե թանկացում չլինի, հաջորդ տարի համակարգը խնդիրներ կունենա։
«Այս տարի բոլոր գործոնների ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ ընդհանուր գործող սակագները, եթե պահպանենք նույն մակարդակում, ապա համակարգում կունենայինք շուրջ 23,8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք, և եթե սակագների բարձրացում տեղի չունենար, ապա այս ֆինանսական ճեղքվածքի պատճառով խնդիրներ կունենայինք եկող տարի անխափան և հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու հետ կապված, հետևաբար, ստիպված սակագների բարձրացման պետք է գնանք», - ասաց Ուլիխանյանը։
Կարգավորող հանձնաժողովը հոսանքի թանկացման անհրաժեշտությունը երկու հիմնական գործոնով է պայմանավորում. մեկը՝ ատոմակայանի համար վերցված վարկային ծանրաբեռնվածությունն է, մյուսը՝ Հայաստանի ռուսական «Գազպրոմի» նկատմամբ չկատարված պարտավորությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հրազդան-5»-ի կայուն շահագործումն ապահովելու համար Հայաստանը 2022-ից «Գազպրոմ»-ին տարեկան կտրամադրի 31,79 մլն դոլար«Գազպրոմին» տարեկան շուրջ 32 միլիոն դոլար կվճարվի
2013-ին Հայ- ռուսական գազային պայմանագրով հայկական կողմը պարտավորվել էր ապահովել «Գազպրոմին» պատկանող Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկի համար կատարված ներդրումների վերադարձն ու եկամտաբերությունը, այս 8 տարիների ընթացքում, սակայն, ներդրումները ոչ միայն չեն վերադարձվել այլև ընկերության վարկային բեռն է ավելացել ՝ հասնելով շուրջ 100 միլիոն դոլարի։
Կառավարությունը երեկ չզեկուցվող հարեցերի շարքում հաստատեց՝ ռուսական կողմի հետ շուրջ երկու տարի տևած բանակցությունների ընթացքում որոշվել է «Գազպրոմին» տարեկան շուրջ 32 միլիոն դոլար վճարել։
Ռուսական կողմի հանդեպ պարտքը կուտակվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի տարիներ շարունակ թերբեռնված աշխատելու պատճառով, դա էլ հանգեցրել է նախատեսվածից քիչ հոսանքի վաճառքի։
Ի սկզբանե նախատեսվում էր, որ «Գազպրոմին» պատկանող կայանի հոսանքը վաճառվելու է նաև Իրանին, սակայն Հայասատան-Իրան էլեկտահաղորդակցման գծի կառուցման ժամկետներն ուշացել են։
Եթե հոսանքի թանկացման որոշումն ընդունվի, նոր սակագներն ուժի մեջ կմտնեն փետրվարի 1-ից։