Մատչելիության հղումներ

Նախատեսվում է սահմանել էլեկտրաէներգիայի լողացող սակագին


Համաշխարհային բանկի առաջարկով նախատեսվում է սահմանել էլեկտրաէներգիայի լողացող սակագին․ ջրառատ տարիներին իջեցնել սակագինը, սակավաջուր տարիներին՝ բարձրացնել։

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ծրագրի ղեկավար Արթուր Կոչնակյանի հավաստմամբ՝ դա էլեկտրաէներգիա արտադրող և բաշխող ընկերություններին թույլ կտա խուսափել դոլարի տատանումից առաջացող ռիսկերից․ - «Եթե ջրառատ տարի եղավ, ու ՀԷԿ-երը արտադրեցին ինքնարժեքով ավելի շատ հոսանք, քան պլանավորված էր, ու վաճառեցին ՀԷՑ-ին, ապա հաջորդ տարվա սակագնային մարժան պետք է ճշգրտվի դեպի նվազումը, որովհետև այս պահի դրությամբ ՀԷԿ-երը ամենաէժան արտադրողներն են համակարգում: Եվ հակառակը, եթե ջրառատ տարի չեղավ, պլանավորվածից քիչ արտադրեցին, ՀԷՑ-ը այդ բացը լրացնելու է ավելի թանկ էլեկտրաէներգիա գնելով ջերմային կայաններից, ապա հաջորդ սակագնային ժամանակահատվածի համար վերջնական սպառողական սակագինը բարձրացվում է»:

ՋԷԿ-երն էլեկտրաէներգիա են արտադրում գազ սպառելով, իսկ խոշոր սպառողների համար գազի սակագնի հաշվարկը դոլարով է կատարվում։ Ստացվում է, որ դոլարի փոխարժեքի բարձրացման դեպքում, ՋԷԿ-երը նույն քանակի վառելիքի համար ավելի շատ են վճարում, բայց ՀԷՑ-ին նույն գնով են վաճառում։ Համաշխարհային բանկի առաջարկում է փոխհատուցել ՋԷԿ-երին։ Մեխանիզմն այսպիսին է․ եթե դրամն արժեզրկվում է դոլարի համեմատ, ՋԷԿ-երն ավելի թանկ են արտադրած էլեկտրաէներգիան վաճառում ՀԷՑ-ին։ Վերջինը իր հերթին բարձրացնում է սակագինը շարքային սպառողի համար:

«Դրա համար, երբ որ հաջորդ սակագնային հատվածը գալիս է, ՀԷՑ-ն ասում է՝ գիտեք, ես ՋԷԿ-երից գնվող էլեկտրաէներգիայի համար վճարել եմ ավելի շատ, քան նախատեսված էր․․․ Այդ դեպքում ՀԷՑ-ի մարժան էլ պետք է վերանայվի համապատասխան չափով, որովհետև այդ փոփոխությունը, որ եղել է իր կողմից գնվող էլեկտրաէներգիայի գնի ու ինքնարժեքի, դա ինքը չի կառավարում, դա իր ռիսկը չի և իր վերահսկողության տակ գտնվող գործոն չի», - պարզաբանեց Կոչնակյանը:

ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը կողմ է ռիսկերի գնահատման մեխանիզմի ներմուծմանը, ինչը, իր կարծիքով, կկայունացնի էներգետիկ ընկերությունների ֆինանսական վիճակը։ Եվ դա անելու այլ տարբերակ է առաջարկում․ - «Որոշակի ռիսկեր վերցնում են, ոնց որ, ասենք, ապահովագրությունը․․․ Ես կողմ եմ դրան, որը մտցնում է կայունացում: Մի երրորդ կազմակերպություն կա ֆինանսական, որը մտնում ա դրանց հարաբերությունների մեջ և երաշխիքներ ա տալիս, որ ինքը կանի: Դրանից ինքը շահույթ էլ ա ստանում, կարող ա վնաս էլ կրի, բայց հաշվում ա էդ ռիսկերը»:

Էլեկտրաէներգիայի սակագինը, ստացվում է, ըստ Համաշխարհային բանկի առաջարկի, կախված է տեղումների տարեկան քանակից։ Սևան-Հրազդան ջրառի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը փաստում է, որ վերջին տարիները չորային են, մի տարի գուցե ավելի շատ, մյուս տարի ավելի պակաս ջուր է հավաքվում ջրամբարներում, սակայն արտակարգ ջրառատության հույս չկա․ - «Ազատի ջրամբարը վերջին երեք տարին չի լցվել, Ապարանը չի լցվել․․․ Ամենածանրը, օրինակ, 2014 թիվն էր, անցած տարի մի քիչ ավելի նորմալ էր, քան նախանցած տարի»:

Համաշխարհային բանկի մասնագետները չեն զբաղվում կանխատեսմամբ, թե կլինեն արդյոք ընդվզումներ, եթե տարին սակավաջուր լինի ու տեղումների պակասը հարվածի սպառողի գրպանին: Տնտեսապես, սակայն, արդարացված են համարում, որ սակագինն արտացոլի արտադրված էլեկտրաէներգիայի իրական արժեքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG