Տնտեսագետ Արտակ Մանուկյանը բիզնես տրամաբանությունից դուրս է համարում կառավարության դիրքորոշումը «Գազպրոմ Արմենիայի» վերաբերյալ:
Օգոստոսի 18-ի նիստում գործադիրը որոշ խմբագրումներ է առաջարկել 2013 թվականի դեկտեմբերի 2-ի աղմկահարույց գազային պայմանագրերում՝ առաջարկելով նախ «Գազպրոմ Արմենիային» երաշխավորված նախապատվություն տալ Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրացանցերին միանալու հարցում, և ապա մինչև նոյեմբերի 1-ը ստորագրել մի հավելված, որում նկարագրված կլինեն «Գազպրոմ Արմենիայից» ակնկալվող դրամական հոսքերի մասին կանխատեսումները:
Տնտեսագետն ընդգծում է՝ սովորաբար նման նախագծերում նախ ներկայացվում է, թե ինչ առաջարկ կա ֆինանսական առումով, ապա արդեն որոշում է կայացվում՝ առաջարկի հեղինակին նախապատվություն տա՞լ, թե՞ ոչ:
«Մեզ մոտ հակառակն է ստացվում, սկզբում նախապատվություն ենք տալիս, հետո արդեն ծանոթանում առաջարկներին», - նկատում է Արտակ Մանուկյանը:
Տնտեսագետի կարծիքով այս որոշումը ռիսկեր է պարունակում․ - «Դեռ հայտնի չեն իր բիզնես ծրագրերը սրա հետ կապված, որը լրջագույն ռիսկ է, որովհետև դուք լուրջ մասնավոր ընկերությունում չեք տեսնի բիզնես որոշում, որը հենված չէ բիզնես ծրագրի վրա: Իսկ մենք հիմա, ըստ էության, գործ ունենք բիզնես որոշման հետ առանց համապատասխան բիզնես նախագծերի»:
Էներգետիկայի նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը համարում է, որ տեղ գտած ձևակերպումները շահեկան են Հայաստանի համար: Նրա խոսքով՝ «Գազպրոմը» Հայաստանում 740 միլիոն դոլարի ներդրում է կատարել, կառուցել է գազամուղներ և «Հրազդան» ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը ու պետք է հետ բերի ներդրումները: Ըստ փոխնախարարի՝ բանակցությունների արդյունքում կարողացել են հասնել նրան, որ «Գազպրոմը» գազի գնի սակագնի վրա չծանրացնի նաև 5-րդ էներգաբլոկում կատարած ներդրումների վերադարձը, այլ դրանք հետ ստանա էլեկտրաէներգիա արտահանելով։
«Ասում ենք՝ մենք ձեզ տալիս ենք հնարավորություն, տարեք ձեր էլեկտրաէներգիան վաճառեք, ինչքան հասույթ կունենաք՝ դրանով փակեք ձեր ներդրումները», - պարզաբանում է Իոսիֆ Իսայանը, - «Մեզ համար շատ կարևոր հզորություն է ստեղծված, բայց մենք հնարավորություն չենք ունեցել մինչև այս գծերը կառուցելը ավելացնել մեր արտահանումը: Մենք շահագրգռված պիտի լինենք ամբողջ Հայաստանով՝ արտահանումը ավելացնելու»:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը կարծում է՝ Ռուսաստանը ցանկանում է վերահսկել ապագայում Հայաստանից էլեկտրաէներգիայի հնարավոր արտահանումը․ - «Եթե մենք հասկանում ենք, որ օրինակ նույն ատոմակայանի գործարկմամբ մենք էլի բավականաչափ կարող էինք էներգետիկ համակարգում մրցունակ լինել, ըստ էության Ռուսաստանը դրա արտահանումից ևս ուզում է անմասն չմնալ: Իսկ էներգետիկ լծակ ունենալ, օրինակ, հարևան երկրների՝ Վրաստանի և Իրանի վրա, դա շատ հզոր քաղաքական գործիք է»: