Մատչելիության հղումներ

ՀԾԿՀ-ն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել միջինը 4,7 դրամով


Ռուսական «Գազպրոմ» ընկերության նկատմամբ չկատարված ֆինանսական պարտավորությունների պատճառով էլեկտրաէներգիայի սակագինը միջինը 4,7 դրամով թանկացնելու անհրաժեշտություն է առաջացել, հայտնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Կարգավորող մարմինը, մասնավորապես, առաջարկում է փետրվարից ամսական մինչև 200 կիլովատ ժամ հոսանք սպառող բնակիչների սակագներն ավելացնել 1,5 դրամով։ 201-ից 400 կիլովատ սպառողների համար նախատեսվում է էլեկտրաէներգիան թանկացնել 3.5 դրամով։ Ավելի շատ էլեկտրաէներգիա սպառողների համար առաջարկվում է սակագներն ավելացնել 5,5 դրամով՝ շուրջ 10 տոկոսով: Սա, ըստ էության, վերաբերում է տնտեսվարողներին՝ գործարաններ, խանութներ, փռեր և այլն։

Բնակչության համար այժմ գործում են ցերեկային 45, գիշերային՝ 35 դրամ սակագները։ Սոցիալապես անապահովների համար սակագների բարձրացում այժմ չի նախատեսվում։

Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ սակագները բարձրացնելու անհրաժեշտության պատճառը ֆինանսական ճեղքվածքն է։

Հանձնաժողովը մանրամասնում է՝ 2013-ին ռուսական կողմի հետ կնքված գազային պայմանագրով, որով «Գազպրոմ»-ին փոխանցվեց «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը, Հայաստանը պարտավորվել է ապահովել «Գազպրոմի»՝ Հրազդան ջերմաէլեկտրակայանի 5-րդ էներգաբլոկում կատարած ներդրումների վերադարձն ու շահութաբերությունը, սակայն այս 8 տարիների ընթացքում գումարը չի վերադարձվել։

ՀԾԿՀ-ն շարունակում է` հայ- ռուսական բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2022-ի փետրվարի 1-ից տասը տարվա ընթացքում սկսած ապահովել Հրազդան 5-ի գործունեությունը ու «Գազպրոմին» տարեկան շուրջ 32 միլիոն դոլար տրամադրել։

Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն էլ ավելի բարդ վիճակ կստեղծի. տնտեսագետ

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է` էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը սպասելի էր շատ վաղուց. «Անկախ նրանից, որ էներգաբլոկը կգործեր, թե ոչ, պետք է հայկական կողմը 9 տոկոս շահութաբերություն ապահովեր, բայց նորմը նախատեսված է այն ակնկալիքով, որ գործելու է Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գիծը, որը թույլ կտա հինգերորդ էներգաբլոկի հոսանքը վաճառել Իրանին:

Այս ծրագիրը ձախողվել է 2012 թվականից սկսած մինչև հիմա: Արդյունքում ունենք այն, որ հայկական կողմը ստիպված է լինելու փոխհատուցել 31.7 միլիոն դոլարի չափով»:

Առանց այդ էլ բարձր գնաճի, հունվարի 1-ից ջրի սակագնի բարձրացման պայմաններում էլեկտրաէներգիայի թանկացումն էլ ավելի բարդ վիճակ կստեղծի` ըստ տնտեսագետի, սա ուղիղ կազդի գների վրա. «Խիստ մտահոգիչ է բիզնեսի համար 5.5 դրամով թանկացումը, որը միանշանակ ուղղակիորեն ազդելու է ապրանքների և ծառայությունների գների վրա: Դրա արդյունքում մեր բնակչությունը, որն այս տարի էապես տուժել է գնաճից, հաջորդ տարի նույն գնաճի հետ է առնչվելու»:

Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի շինարարությունը դեռ խորհրդային տարիններին էր սկսվել, սակայն ավարտին չէր հասցվել։ Էներգաբլոկի գույքը 2006 թվականին ձեռք բերեց «Հայռուսգազարդը»՝ պարտավորվելով ավարտել շինարարությունը։ Կայանն ամբողջությամբ շահագործման էր հանձնվել 2013-ին։

«Գազպրոմի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այս 2006-ից ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի համար ավելի քան 465 միլիոն դոլար է ներդրվել։ Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, հնարավորություն են ստեղծում առաջիկա տասնամյակում ՌԴ-ից բնական գազի ներկրման կայուն գին ունենալ՝ 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Ինչ է սա նշանակում, փորձեցինք ճշտել ՀԾԿՀ-ից։ Հանձնաժողովից թեև խոստացել էին հարցազրույց տալ, այդուհանդերձ, մեզ հետ զրուցելու ժամանակ այսօր չգտան։

Էլեկտրաէներգիայի սակագներն ավելացնելու անհրաժեշտության մյուս պատճառն, ըստ ՀԾԿՀ-ի, ատոմայականի համար կառավարության երաշխավորած արտոնյալ վարկերի մարման ու սպասարկման ծախսերի ավելացումն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG