Մատչելիության հղումներ

Հաքերային հարձակման տարբերակը նույնպես դիտարկվում է էներգետիկ համակարգի վթարի քննության գործում


Հաքերային հարձակման տարբերակը նույնպես դիտարկվում է որպես Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի չորեքշաբթի տեղի ունեցած մասշտաբային խափանման պատճառ՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկ ոլորտը համակարգող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

«Ազատության» հարցին՝ դիտարկվո՞ւմ է արդյոք հաքերային հարձակման տարբերակը, նա պատասխանեց. «Բոլոր տարբերակները դիտարկվում են։ Այս պահին օսցիլոգրամիկ տվյալների վերլուծություն է գնում, մոտավորապես մեկ շաբաթվա ընթացքում կավարտենք, Երևանի ՋԷԿ-ի ֆազային լարումների վերլուծություններն է գնում այդ ժամերին։ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկի խոշոր բոլոր ենթակայանների կրիչներից բոլոր տվյալները ստացված են, վերլուծական փուլում են գտնվում։ Վերլուծությունից հետո, երբ որ պարզ կդառնա՝ որ հատվածից է վթարը սկսել, դրանից հետո արդեն վթարի պատճառների վերաբերյալ վերլուծություն կարվի»։

Հարցին էլ, թե վարչապետը երեկ ասել է, որ երկու վարկած կա, երկուսն էլ արտաքին՝ հավանաբար մեկը տատանումնե՞րն էին, որ եկել էին Իրանից, իսկ մյուսը հաքերայի՞ն հարձակումն է, արձագանքեց. «Այս պահին երկու վարկածները վերաբերում են, որ մեկը հնարավոր է, որ տատանումը իրանական կողմից եկած լինի, մյուսը՝ որ մեր ներքին ռեսուրսների, այսինքն տեխնոլոգիական խնդիր առաջացած լինի երկու կայաններից մեկում»։

Մինչդեռ երեկ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց՝ խափանման պատճառների վարկածները երկուսն են, երկուսն էլ՝ արտաքին: «Երկու վարկած կա՝ արտաքին, ոնց որ թե ներքին վարկած չունենք, բայց պետք է իսկապես քննել, հասկանալ, թե ինչն է եղել պատճառը», - ասաց Կառավարության ղեկավարը։

Վարդանյանին, ով վթարի պատճառներն ուսումնասիրող՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմում ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարն է, «Ազատություն»-ը խնդրեց պարզաբանել: «Վարչապետի հայտարարությունից հետո ուսումնասիրման դինամիկան փոխվել է, որովհետև վարչապետին մինչ այդ զեկուցվել է այդ պահին գործող վարկածները, սակայն մենք հիմա չենք բացառում, որ դա տեղի է ունեցել տեխնոլոգիական խնդրի պատճառով՝ Երևանի ՋԷԿ-ում հավանաբար է, կամ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում։ Բազմաթիվ տվյալներ են ճշտվում, վթարի տևողությունը, այսինքն հաճախականության տատանումները մոտավորապես 35-40 րոպե են տևել, ու այդ ընթացքում պետք է ստուգվի բոլոր կրիչները։ Դրանք բազմաթիվ են, պետք է վերլուծվեն, և պատճառների մասին արդեն իսկ կտեղեկացվի», - ասաց փոխնախարարը:

Թե ի՞նչ մակարդակում է գտնվում ցանցի ապահովվածությունը հաքերային հարձակումներից, Վարդանյանը հայտարարեց. «Կարծում եմ՝ բարձր մակարդակում է գտնվում։ Կվերլուծենք, կպատասխանենք բոլոր հարցերին, հիմա ուղղակի կիսատ կլինի։ Հաստատ բարձր մակարդակում է գտնվում, բայց ինձ թվում է՝ մենք տեսել ենք աշխարհում շատ փորձեր, որ ամենահուսալի բանն էլ հնարավոր է խափանել, որովհետև դա ստեղծված է մարդու կողմից, մարդն էլ հնարավոր է խափանի։ Այսօր աշխարհում գործող լավագույն համակարգն է Հայաստանում ներդրված՝ SCADA համակարգը, չկա աշխարհում ավելի լավը, չգիտեմ հիմա դա բա՞րձր մակարդակ է, թե՞ բարձր չէ։ Եթե աշխարհում չկա ավելի լավը, ուրեմն ամենաբարձր մակարդակն է։ Մենք էլեկտրոնային ամբողջ տվյալները մեկ րոպեի ճշտությամբ ստանում ենք, մեկ րոպեի ճշտությամբ օնլայն հետևում ենք»։

Ի դեպ, փոխնախարարը տեղեկացրեց, որ վթարն այնքան հուժկու է եղել, որ հնարավոր էր Հայաստանում ամբողջությամբ դադարեր էլեկտրամատակարարումը, որի վերականգնման համար օրեր կպահանջվեին: Այդ օրը մի որոշ ժամանակահատված Հայաստանում եղել է ընդամենը 40 տոկոս էլեկտրամատակարարում:

Հայաստանյան էլեկտրաէներգետիկ համակարգի խափանման մասին «Ազատություն»-ը այսօր փորձեց հարցեր ուղղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն նա հակված չէր պատասխանել, իսկ թիկնապահները մի կողմ հրեցին լրագրողներին:

Վարչապետը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այսօր ներկա էին Երևանում նոր՝ 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով համակցված ցիկլով էլեկտրակայանի կառուցման մեկնարկին: Շուրջ 250 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրն իրականացնում են իտալական «Ռենկո» ու «Սիմեստ» և գերմանական «Սիմենս» ընկերությունները: Կայանի կառուցումը նախատեսված է ավարտել 26 ամսվա ընթացքում, և այն լինելու է ամենացածր սակագնով էլեկտրաէներգիա արտադրող ՋԷԿ-ը Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG