Ադրբեջանական գերությունից վերջերս վերադարձած և կալանավորված չորս գերիներից մեկի փաստաբանը, հայտարարելով, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, նաև պնդում է՝ դիրքի դիտորդ Արտյոմ Մանասյանը պատշաճ կերպով զեկուցել է վերադասին հակառակորդի առաջխաղացման մասին և պատասխան գործողությունների դիմելու մասին որևէ հրահանգ չի ստացել։
«Հոկտեմբերի 14-ից մեր դիրքերը աստիճանաբար հանձնվել են թշնամուն, մեր ղեկավարության կողմից որևէ գործողություն չի ձեռնարկվել` շատ լավ տեղյակ լինելով: Վերադասությանը զեկուցվել է, որ դիրքերը գրավում են, կուտակումներ կան, և զենք ու զինամթերք է հավաքում թշնամին, և աստիճանաբար մեր դիրքերն ընկնում են շրջափակման մեջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսան Թումասյանը:
Գործը քննող Քննչական կոմիտեն մինչդեռ հայտարարում է, որ զինծառայողները, ունենալով զենք կիրառելու իրավասություն, մարտական դիրքի վրա հարձակված ադրբեջանցի զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն փորձել են բանակցություններ վարել դիրքի պահպանության տարածք ներխուժած հակառակորդի հետ։
Ինչո՞ւ զինծառայողները չեն փորձել պաշտպանել իրենց դիրքը, հարցին փաստաբան Ալեքսան Թումասյանը պատասխանեց. «Կրակելու հրաման թույլ չի տրվել: Գիտեք` այդ երկու օրը բանակցություններ են ընթացել, և բոլորն էլ շատ քաջ գիտակցում էին, որ որևէ կրակոց չպիտի լինի, այդ ամեն ինչը պիտի բանակցությունների միջոցով լուծվի, սակայն փաստացի մեր զինվորականները մեր երկու դիրքերը այդ երկու օրվա ընթացքում հայտնվում են շրջափակման մեջ, և դրա մասին ղեկավարությունը շատ լավ իմացել է, նույնիսկ զեկուցել է իր վերադասին` նշելով, որ թույլատրեք, որ անձինք նահանջեն, հրաման լինի, որ անձինք նահանջեն, այլապես գերի կընկնեն»:
Կալանավորված զինծառայողները մեղադրվում են մարտական ծառայության կանոնները խախտելու համար, այս հոդվածով նրանց սպառնում է 3-ից 7 տարվա ազատազրկում: Մեղադրանքն ակնհայտ ապօրինի է որակում փաստաբանը. «Ես իմ պաշտպանյալի մասով կասեմ` Արտյոմի, նա եղել է դիտորդ: Նրա պարտկանությունն է եղել ժամանակին հայտնաբերել այդ շարժը և տեղյակ պահել վերադասին: Այդ պահի դրությամբ այլ պարտականություն չի ունեցել, որն էլ պատշաճ կատարել է»:
Անդրանիկ Քոչարյանը վստահ է` գերիների թեման շահարկում են ընդդիմադիրները
Ոչ թե փաստաբանի այս հայտարարությունները, այլ դրանց մասին հնչեցրած «Ազատության» հարցն է «վատը ու վտանգավոր» համարում ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հայտարարելով, որ չի ցանկանում պատասխանել այդ հարցին. «Դուք շատ վատ հարց եք տալիս, այդ հարցին ոչ միայն չեմ պատասխանի, այդ հարցն իր մեջ մեծ վտանգներ է պարունակում այսօր էլ սահմանում ծառայություն տանող մեր զինվորների համար, որովհետև Դուք ինչ-որ փամփուշտ լինել-չլինելու մասին եք խոսում, փաստաբանի տեսակետ եք ասում: Դուք տվեցիք հարցը, ես տվեցի պատասխան»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջին հերթին պատասխանատվություն պետք է կրեն գերեվարման պայմաններ ստեղծողները․ ՕհանյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պետք է պատշաճ հետաքննվի: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր ոչ հրապարակային խոսքում ընդգծել էր` գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել են: Չնայած իշխանության այս տեսակետին` Փաշինյանն ԱԺ ամբիոնից վերահաստատեց` պատրաստ է բոլոր գերիներին փոխանակել իր որդու հետ:
Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, մինչդեռ, վստահ է` գերիների թեման շահարկում են ընդդիմադիրները և որ պահից դադարեցնեն այդ գործընթացը, բոլոր գերիները կվերադառնան. «Գերիների հարցով զբաղվում են, եթե չզբաղվեին, գերիների վերադարձ ընդհանրապես չէր լինի»:
Շուրջ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 16-ին արյունալի բախումներ էին տեղի ունեցել Հայաստանի արևելյան սահմանին։ Հայկական կողմը հաղորդել էր 6 զոհի և ավելի քան երեք տասնյակ գերեվարվածների մասին։ Ադրբեջանը պաշտոնապես հայտնել էր իր կողմից 7 զոհի և 10 վիրավորի մասին։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում այսօր պահվում են 60 հայ գերիներ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը հասնում է 140-ի։ Մինչև այսօր Հայաստան է վերադարձել 126 գերի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերեվարվածներից մեկի եղբայրը պնդում է` հասել են դիրքեր այն ժամանակ, «երբ ադրբեջանցիներն այն վերցրել էին», ինչի մասին չի հաղորդվել