Այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում սկսվել է 2007 թվականի նոյեմբերի 7-ի ցույցերի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու և բռնություններով հավաքները ցրելու գործի քննությունը:
Ամբաստանյալը Վրաստանի կալանավորված նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին է, ով կտրականապես հերքում է մեղադրանքը:
«Ես չեմ ճանաչում այս դատախազությունը և չեմ ճանաչում Վրաստանի դատական համակարգը, ես այստեղ այն բանի համար չեմ, որ մասնակցեմ նախապես հայտնի ավարտով կատակերգությանը»,- դատարանի դահլիճում հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահը:
Գործը քննում է երեք դատավոր՝ Նինո Էլիեշվիլիի նախագահությամբ: Դատարանը Սաակաշվիլիին թույլատրել է քննության ընթացքում ջուր խմել, հաշվի առնելով, որ ամբաստանյալը գրեթե 50 օր հացադուլի մեջ է եղել և ունի դրանից բխող առողջական խնդիրներ: «Շնորհակալ եմ, ես գնահատում եմ բարի վերաբերմունքը», - ասել է Սաակաշվիլին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլին այսօր առաջին անգամ անձամբ մասնակցել է սեփական դատաքննությանըԸստ մեղադրող կողմի, Սաակաշվիլին 2007 թվականի նոյեմբերի 7-ին կարգադրել է բիրտ ուժով ցրել ցույցն, ապա իր հավատարիմ ուժերին դրդել է ներխուժել «Իմեդի» հեռուստաընկերության շենք և ապօրինի միջոցներով զավթել դրա սեփականատեր, մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլիի գույքը: Սաակաշվիլին այդ մեղադրանքով կարող է դատապարտվել 5-ից 8 տարվա ազատազրկման:
Վրաստանի նախկին ղեկավարը պատմել է մի ուշագրավ դրվագի մասին, ասելով, որ Վրաստանի առաջ ուր որ է բացվելու էդ ՆԱՏՕ-ի դուռը, սակայն Ռուսաստանի նախագահն ամեն ինչ արեց դա կանխելու համար:
«Պուտինը զանգահարեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և ասաց, թե «տղերքը կգան Պատարկացիշվիլիի հետ խոսելու համար, քեզ պետք չէ նրանց հետ հանդիպել»: Ապա մեծահարուստ Պատարկացիշվիլին մեկնեց Բելառուս, որտեղ գաղտնի պայմաններում հանդիպեց Ռուսաստանի անվտանգության երեք գեներալների հետ, և այդ հանդիպումից հետո Պուտինը Լուկաշենկոյին ասաց, թե Պատարկացիշվիլին Վրաստանի հաջորդ նախագահն է: Դա 2007 թվականին էր»,- ընդգծել է այսօր Սաակաշվիլին, ավելացնելով, որ Պատարկացիշվիլին ռուսական փողեր է ներդրել Վրաստանում իշխանափոխություն կազմակերպելու համար:
Վրաստանում և Ռուսաստանում մութ գործերի մեջ ներքաշված Պատարկացիշվիլին հետագայում ապաստանել է Լոնդոնում, որտեղ 2008 թվականին մահացել է սրտի կաթվածից: 2018-ին Վրաստանի իրավապահներն ասել են, որ Սաակաշվիլին կապ ունի նրա մահվան հետ:
Սաակաշվիլին Վրաստանում մեղադրվում է մի շարք հոդվածներով, որոնցից երկուսով հեռակա կարգով արդեն դատապարտվել է 3 և 6 տարվա ազատազրկման:
Մեղադրանքների թվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, ընդդիմությանը հալածելու գործողությունները, պատվիրված սպանությունների հետ առնչությունը, իսկ ամենավերջինը՝ երկրի սահմանն ապօրինի ճանապարհով հատելը:
Բոլոր մեղադրանքները Սաակաշվիլին անվանում է քաղաքական հալածանք, որը ձեռնտու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և իրականացվում է «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի կարգադրություններով:
Սաակաշվիլին այսօր ասել է, որ այս դատավարությունը Վրաստանի համար ամոթալի երևույթ է և նշել է, որ մեծ թվով եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաներ կոչ են արել Թբիլիսիին «դադարեցնել շինծու պրոցեսը»:
Դահլիճում մերթ ընդ մերթ մթնոլորտը շիկացել է: Մեղադրող կողմը պահանջել է դատարանից հեռացնել Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիային, սակայն Նինո Էլիեշվիլին մերժել է դատախազ Ջարջի Ցիկլաուրիի միջնորդությունը:
«Ես այստեղ եմ, որովհետև սերս առ հարազատ Վրաստան խենթության աստիճանի է: Ես Ուկրաինայում ամեն ինչ ունեի, առաջատար դիրք ու բարեկեցություն, Պետրո Պորոշենկոյի նախագահության օրոք ինձ երկու անգամ առաջարկեցին դառնալ վարչապետ, ես չուզեցի, որովհետև ուզում էի վերադառնալ Վրաստան, որը սիրում եմ և որտեղ կա ինձ ֆիզիկապես վերացնելու իրական վտանգ»,- ասել է Սաակաշվիլին:
Դատական նիստին զուգահեռ փողոցում ընթանում են բողոքի ակցիաներ, տեղի են ունեցել ընդհարումներ Սաակաշվիլիի աջակիցների և ոստիկանների միջև, իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել, մոտ 2 տասնյակ ցուցարար բերման է ենթարկվել:
Իր ելույթից հետո Սաակաշվիլին լքել է դատարանի դահլիճը, խնդրելով, որ փաստաբանները շարունակեն մասնակցել գործի քննությանը:
Փաստաբանները դատավորների եռյակին ասել են, որ բժիշկների համոզմամբ, Սաակաշվիլիին պետք է նիստին մասնակցի առավելագույնը 2 ժամ, ինչից հետո ցուցված է հանգիստ: