Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիին կարող են փոխադրել Գորիի զինվորական հատուկ հիվանդանոց


Միխեիլ Սաակաշվիլին բանտում, Գլդանի, 11 նոյեմբերի, 2021թ.
Միխեիլ Սաակաշվիլին բանտում, Գլդանի, 11 նոյեմբերի, 2021թ.

Վրաստանի կառավարությունը պատրաստ է Միխեիլ Սաակաշվիլիին փոխադրել Գորի քաղաքում գտնվող Պաշտպանության նախարարության հատուկ հիվանդանոց, որտեղ կան երրորդ նախագահին բուժելու համար անհրաժեշտ պայմաններ: Այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն:

«Պայմանը նրա համաձայնությունն է, առանց դրա փոխադրումը հնարավոր չէ»,- ասել է նախարարը և զգուշացրել, որ եթե Սաակաշվիլիի աջակիցների կողմից լինի որևէ սադրանք, նախկին նախագահին անհապաղ կվերադարձնեն բանտի հիվանդանոց:

Բրեգաձեի փոխանցմամբ, առողջական վիճակի բարելավման դեպքում Սաակաշվիլիին կվերադարձնեն Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկ:

Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները և բժիշկներն իշխանությանը կոչ են անում Վրաստանի երրորդ նախագահին րոպե առաջ փոխադրել քաղաքացիական հիվանդանոց, քանի որ հապաղումը կարող է ողբերգության հասցնել:

Երեկ՝ հացադուլի 49-րդ օրը, Սաակաշվիլին բանտում մի պահ ուշագնաց է եղել: Այդ պահն, ըստ ականատեսների, խուճապ է առաջացրել:

«Միշան վերադառնում էր փաստաբանների հետ հանդիպումից, նա պետք է աստիճանով բարձրանար և երբ դուրս եկավ այցելուների սենյակից՝ ընկավ: Մի քանի րոպեից պատգարակը բերեցին, աշխատողները փորձում էին բացել նրա աչքերը, նրան տեղավորել պատգարակի վրա, հիմա նա ուշքի է եկել, նրան տասը րոպե առաջ տարել են այցելուների սենյակից»,- ասել է փաստաբան Բեկա Բասիլայան:

Ըստ բժիշկների, այսքան երկար ժամանակ սնունդ չընդունող մարդու օրգանիզմում սկսվում են անդառնալի փոփոխություններ:

Գլդանիի բանտի վարչակազմը հրապարակել է հայտարարություն, ըստ որի նախկին նախագահը բարվոք առողջական վիճակում է: Մինչդեռ, Վրաստանի օմբուդսմենի գրասենյակի նախաձեռնությամբ կազմված բժիշկների խումբը նախօրեին հայտարարել է, որ Սաակաշվիլին կրիտիկական վիճակում է, և նրան պետք է բանտի հիվանդանոցից փոխադրել բազմապրոֆիլային քաղաքացիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Ըստ մասնագետների, Սաակաշվիլիի մոտ նկատելի են երիկամային անբավավարության նշաններ և նյարդաբանական խնդիրներ: Նրանց համոզմամբ, առաջիկա ժամերին վիճակն անխուսափելիորեն կվատթարանա, կառաջանա սրտի տագնապի և ստամոքսաղիքային արյունահոսության՝ հեմոռագիայի վտանգ:

Կառավարությունն այս շաբաթների ընթացքում համառորեն մերժել է Սաակաշվիլիին քաղաքացիական հիվանդանոց փոխադրելու կոչերը, պնդելով, թե երրորդ նախագահն անհրաժեշտ բուժօգնություն է ստանում բանտի պայմաններում:

Սակայն երեկվա ուշագնացությունից հետո «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը նկատել է տվել, որ բժիշկների կողմից փաստարկված դիմում ստանալու դեպքում Սաակաշվիլիին կարող են փոխադրել քաղաքացիական հիվանդանոց: Այդ մասին ասել է «Վրացական երազանքից» խորհրդարան ընտրված Վրաստանի առողջապահության նախկին նախարար Դավիդ Սերգեենկոն, ով կեսգիշերին բանտում այցելել է երրորդ նախագահին:

«Այսօր արդեն նշանակված են կոնսուլտացիաներ, հիվանդը կստանա պահանջված բուժում, նրան արդեն զննել է նյարդաբանը, նրա մոտ կգնան չորս այլ պրոֆիլի բժիշկներ, եթե ստուգումները հնարավոր է տեղում անցկացնել, դրանք կանցկացվեն բանտում, եթե պարզվի, որ դա հնարավոր չէ՝ նրան կտեղափոխեն ուրիշ հիվանդանոց, միակ որոշիչ հանգամանքը բժիշկների եզրակացությունը կլինի»,- ասել է Սերգեենկոն:

Սաակաշվիլիի կալանավորումը և հոկտեմբերի 1-ից հացադուլ հայտարարելու հանգամանքը ճգնաժամ է առաջացրել Վրաստանում: Գրեթե ամեն օր տեղի են ունենում բողոքի ակցիաներ, հացադուլին են միացել հանրապետական խորհրդարանի և շրջանային օրենսդիր մարմինների պատգամավորներ, ինչպես նաև հեղինակություն վայելող հանրային գործիչներ ու արվեստագետներ:

Նրան քաղաքացիական հիվանդանոց փոխադրելու կոչեր են հնչեցնում նաև արտասահմանում: Այդ խնդրանքով պաշտոնական Թբիլիսիին են դիմել Ուկրաինայի ղեկավարները: Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ մտահոգություն են հայտնել Եվրոպայի գործող և պաշտոնաթող պետական անձինք:

Երեկ կոչով է հանդես եկել ԱՄՆ պետական դեպարտամենտը: «Մենք հորդորում ենք Վրաստանի կառավարությանն արդար և արժանապատիվ վարվել պարոն Սաակաշվիլիի հետ և հաշվի առնել նրան բուժելու վերաբերյալ Հանրային պաշտպանի {օմբուդսմենի} առաջարկությունները»,- ասվում է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG