Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են


«Մի սպանեք Միխեիլ Սաակաշվիլիին» կարգախոսի ներքո ընթացող բողոքի ակցիաները Վրաստանի մայրաքաղաքում շարունակվում են։ Դրանցից հերթականը, որին Վրաստանի երրորդ նախագահի հազարավոր կողմնակիցներ մասնակցեցին, տեղի ունեցավ նախօրեին։

Վրացական ընդդիմության կողմնակիցները երթով անցան Թբիլիսիի կենտրոնական փողոցներով՝ իրենց ակցիան ավարտելով նախագահական պալատի դիմաց։ Տեղի ընտրությունն օրինաչափ էր՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օրերս հերթական անգամ հայտարարեց, որ որևէ պարագայում ներում չի շնորհի Սաակաշվիլիին։

«Միխեիլ Սաակաշվիլին, որն այս պահին մահանում է բանտում, պետք է տեղափոխվի հիվանդանոց։ Այս բողոքի գործողությունն իշխող վարչակազմի, կառավարության շարքերում տարրական մարդկային կարեկցանք առաջացնելու նպատակ ունի։ Մարդը, որ արդեն 46 օր է, ինչ հացադուլի մեջ է, մահանում է բանտում, և մենք ընդամենը մեկ պահանջ ենք այս պահին ներկայացնում՝ տեղափոխել նրան քաղաքացիական հիվանդանոց», - երկուշաբթի օրը կայացած բողոքի գործողության ընթացքում հայտարարեց Սաակաշվիլիի աջակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան։

Միխեիլ Սաակաշվիլին անցած շաբաթավերջին հանդես էր եկել հայտարարությամբ՝ համաձայնելով դադարեցնել հացադուլը, եթե իրեն տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց։ Վրաստանի արդարադատության նախարարությունն ու պատիժների իրականացման ծառայությունը, սակայն, նրա այս պահանջը մերժեցին՝ հայտարարելով, որ բանտային հիվանդանոցում բավականաչափ հագեցած է նրան որակյալ բուժօգնություն ցույց տալու համար։ Երեկ երեկոյան` Թբիլիսիում կայացած ցույցի ավարտից քիչ անց, հրապարակվեց նախկին նախագահի՝ կողմնակիցներին ուղղված ձեռագիր նամակը, որով Սաակաշվիլին իր երախտագիտությունն էր հայտնում պայքարը շարունակելու համար։

«Իմ հավատարի՛մ հերոսական ընկերներ, անչափ երախտապարտ եմ ձեզ, որ դուք, չնայած ահաբեկումներին և չնայած կառավարության՝ սեփական ժողովրդի դեմ ուղղված գործողություններին, այնուամենայնիվ նման մեծաքանակ բողոքի ցույց կազմակերպեցիք, այն էլ աշխատանքային օրը»,- գրում էր Սաակաշվիլին՝ պնդելով, որ շարունակում է հացադուլն, իսկ առողջական վիճակը գնալով վատթարանում է։

Եվ մինչ Սաակաշվիլին հայտարարում է, որ հացադուլը դադարեցնելու մտադրություն չունի, նրան են միանում նորանոր ընդդիմադիրներ։ Երեկ հայտնի դարձավ, որ Սաակաշվիլիին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով հացադուլ են հայտարարել խորհրդարանի 10 ընդդիմադիր պատգամավորներ, ինչպես նաև Ռուսթավիի և Զուգդիդիի ավագանիների՝ սակրեբուլոների մի շարք անդամներ։

Պատգամավորներից առաջինը`13 օր առաջ հացադուլ հայտարարած Էլենե Խոշտարիան պնդում է, որ այս փուլում ընդդիմության պահանջներն արդեն ոչ թե քաղաքական են, այլ զուտ մարդասիրական։

«Մենք չենք խոսում Միշային ազատ արձակելու մասին, մենք չենք խոսում ենք քաղաքական պահանջների մասին։ Մենք ընդամենը պահանջում ենք՝ մի՛ սպանեք երրորդ նախագահին», հայտարարեց Խոշտարիան։

Սաակաշվիլիին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով հացադուլ է հայտարարել նաև աշխարհահռչակ օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն։ Նրա խոսքով` իր այս քայլի գլխավոր նպատակը մեկն է` ինքը «չի ցանկանում դառնալ Սաակաշվիլիի սպանության հանցակիցներից մեկը»։

Չնայած այս բոլոր պահանջներին` վրացական կառավարությունն անդրդվելի է՝ չընկրկելով ոչ ներքին և ոչ էլ արտաքին ճնշման առջև։

Այսօր վրացական իշխանություններն արգելեցին Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Լյուդմիլա Դենիսովային տեսակցել Վրաստանի նախկին նախագահին։ Հիշեցնենք, որ ֆորմալ առումով Սաակաշվիլին համարվում է Ուկրաինայի, այլ ոչ թե Վրաստանի քաղաքացի։

«Սաակաշվիլիին այցելելու մեր խնդրանքը մերժվեց։ Բայց ես միևնույն է` ժամանել եմ Թբիլիսի և ցանկանում եմ հանդիպել կալանավայրի ղեկավարության, ինչպես նաև Վրաստանի արդարադատության նախարարի հետ։ Ցավոք սրտի, նախարարն իր զանգերին ու նամակներին այդպես էլ չպատասխանեց։ Ըստ ամենայնի, կան պատճառներ, որոնք ստիպում են նրան ինձանից հեռու մնալ», - ենթադրում է Ուկրաինայի օմբուդսմենը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG