Քաղաքագետները դրական են գնահատում Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ էական առաջընթացի մասին խոսել հնարավոր չէ։
Ստորագրված փաստաթուղթը վատը չէ, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ մանրամասնելով՝ «լղոզված է և կոշտ, կոնկրետ վտանգավոր կետեր չկան»։
Քաղաքագետ Բենյամին Պողոսյանն էլ նշեց՝ արդյունքները դրական էին, բայց «ակնհայտ է, որ կողմերի միջև պահպանվում են բավականաչափ լուրջ տարաձայնություններ, և խոսել էական առաջընթացի մասին հնարավոր չէ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը՝ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունների մասին
Բենյամին Պողոսյանի համար ակնհայտ է՝ գերիների հարցը մնում է օրակարգում և, նրա համոզմամբ, Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի ցույց տա, որ այժմ իր մոտ պահվող անձինք որևէ առնչություն չունեն նոյեմբերի 10-ի հայտարարության հետ և ինքը պարտավորված չէ այդ մարդկանց ազատ արձակել։
«Ադրբեջանը կփորձի այդ մարդկանց ազատ արձակումը ներկայացնել որպես բարի կամքի դրսևորում և ինչ-ինչ հավելյալ զիջումներ դրա դիմաց ստանալ Հայաստանի Հանրապետությունից», - ասաց քաղաքագետը՝ շեշտելով՝ որևէ կերպ չի կարելի թույլ տալ, որպեսզի գերիների հնարավոր ազատ արձակումը, կամ գոնե մի մասի ազատ արձակումը ներկայացվի որպես Ադրբեջանի կողմից բարի կամքի դրսևորում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, պնդում է ԱԳՆ խոսնակը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն երկու գերի է վերադարձրել, Երևանում կալանավորվել են կորսված դիրքի պատասխանատուները